Երեկ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Պատմական հակիրճ անդրադարձ կատարելուց հետո պարոն Զաքարյանն ասաց, որ խաղերի հիմնական գաղափարախոսությունը սպորտի միջոցով Սփյուռք-Հայրենիք կապերի ամրապնդումն է, հատկապես՝ երիտասարդների միջեւ, քանի որ նրանք են աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող քաղաքներից գալիս Հայաստան եւ մասնակցում մրցումներին:
Հոբելյանական՝ 5-րդ խաղերի խորհուրդը այս տարի նշվող Հայաստանի անկախացման 20-ամյակն է, որը նշվելու է Խաղերի փակումից մեկ ամիս հետո:
Տեղեկացնելով, որ այս տարի Խաղերի ծրագիր ընդգրկված է 10 մարզաձեւ՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, մինի ֆուտբոլ, բադմինտոն, սեղանի թենիս, աթլետիկա, լող, շախմատ, Իշխան Զաքարյանն ասաց. «Անցած մեկ ամսվա ընթացքում նայել ենք բոլոր այն մարզակառույցները, որտեղ անցկացվելու են մրցումները: Եվ պիտի ասեմ, որ ընտրվել են լավագույնները: Ընդ որում, մենք հենվել ենք, ոչ միայն պետության տնօրինության ներքո, այլեւ մասնավոր բիզնեսի ոլորտում գտնվող մարզակառույցների վրա: Ու միանգամից ասեմ, որ դրանք բոլորն էլ հանդիսականներին տրամադրվելու են անվճար: Ընտրել ենք նաեւ, այսպես կոչված, երեք պահեստային մարզակառույց, որպեսզի, եթե հայտերի ստացման վերջնաժամկետը լրանալիս մասնակից թիմերը սպասվածից շատ լինեն, դրանք էլ օգտագործվեն»:
Համաշխարհային կոմիտեի նախագահը կանխատեսեց, որ նախորդ Խաղերին մասնակցության աճի դինամիկան շարունակվում է, եւ հոբելյանական՝ 5-րդ Խաղերում այդ լավ ավանդույթը շարունակվելու է: «Այս պահի դրությամբ 86 քաղաքներից ստացվել է 2214 մասնակցի հայտ: Ես կարծում եմ, որ քաղաքների թիվը կհասնի 100-ի, իսկ մասնակիցներինը կգերազանցի 3000-ը: Սա միայն ուրախացնում է»,- ասաց Իշխան Զաքարյանը՝ հավելելով նաեւ, որ ակնկալվում է 8-10 հազար զբոսաշրջիկի ժամանում:
Պարոն Զաքարյանը հատուկ ընդգծեց, որ օգոստոսի 13-ին «Հանրապետական» ստադիոնում՝ բացման եւ օգոստոսի 21-ին ՄՀՀ-ում՝ փակման արարողությունների ժամանակ հանդիսականների մուտքն անվճար է լինելու: Բացի այդ, Համաշխարհային կոմիտեն հայաստանյան մի քանի TV-ների ուղիղ հեռարձակման արտոնագիր է տվել, որպեսզի մարզերում նույնպես վայելեն այդ շքեղ միջոցառումները:
«Առավոտը» Համահայկական բոլոր խաղերի նախապատրաստության եւ անցկացման ընթացքի մասին մանրամասն տեղեկացրել է, ուստի այս անգամ դրանց հիմնական մանրամասները չի կրկնում: Հիշեցնենք միայն, որ դրանց հետ կապված ամեն մի մանրուք պետության ուշադրության կենտրոնում է, որոնց լուծումով ամենայն մանրամասնությամբ զբաղվում են շահագրգիռ գերատեսչությունները եւ ներգրավված կազմակերպություններն ու անձինք:
«Առավոտը» տվեց իրեն հետաքրքրող մի քանի հարց:
– Պարոն Զաքարյան, Թուրքիայից մեծաքանակ պատվիրակություն է ժամանելու: Նրանց վիզաների խնդիրն ինչպե՞ս է լուծվելու:
– Ես դիմել եմ կառավարությանը, եւ մոտ օրերս համապատասխան որոշում կընդունվի, որպեսզի օդանավակայանում, այսպես կոչված, կանաչ գոտի ստեղծվի, որպեսզի մասնակիցների վիզաները լինեն անվճար: Բացի այդ, օդանավակայանում նրանց համար առանձնացնելու ենք, այսպես կոչված, հատուկ կանաչ ճանապարհ, որպեսզի ռեժիմը շատ արագ անցնեն, ու նաեւ մասնակիցները անվճար ստանան մուտքի արտոնագիր, այսինքն՝ վիզաների համար գումար չվճարեն:
– Նախորդ խաղերի՝ «Հանրապետական» ստադիոնում կայացած բացման արարողության ժամանակ գազոնը բավականին վնասվել էր. այս տարի դա հաշվի առնվե՞լ է:
– Անշուշտ: Համենայնդեպս, ծրագիրը կազմող եւ իրականացնող պատասխանատուներին հրահանգել ենք այդ հանգամանքն անպայման հաշվի առնել: Ճիշտ չի լինի, եթե մի գործը շահի մյուսի հաշվին: Բացի այդ, հաշվի ենք առել, որ կարճ ժամանակ անց ֆուտբոլի մեր ազգային հավաքականն է խաղալու «Հանրապետականում»:
– Մի առաջարկ: Հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ օրերին մատչելի մի որեւէ մարզաձեւից, ասենք, սեղանի թենիս կամ բոուլինգ, մրցում կազմակերպվի Խաղերը լուսաբանող հայաստանյան ԶԼՄ-ների եւ մասնակիցների հավաքականների միջեւ:
– Հետաքրքիր առաջարկ է: Եթե լրատվամիջոցներն իսկապես նման ցանկություն դրսեւորեն, առաջարկով դիմեք մեր համապատասխան աշխատակիցներին, եւ եթե ժամանակը թույլ տա, ու դա մասնակիցների գրաֆիկին չխանգարի, կարելի է նման մրցում կազմակերպել: