«Ոսկե ծիրանն» այս տարի ներկայացավ նոր անակնկալներով եւ մասնակից երկրների ընդլայնված աշխարհագրությամբ: 631 հայտից ընտրվել էր շուրջ 150 ֆիլմ: Կազմվել էր մրցութային բազմաժանր ծրագիր: Ֆիլմերից 67-ը մրցում էին միջազգային 4 մրցույթներում: 6 խմբերից բաղկացած միջազգային ժյուրին հուլիսի 16-ին ամփոփել է դրանց արդյունքները: «Հաճելի է արձանագրել, որ «Ոսկե ծիրանն» իր հաստատուն տեղը զբաղեցրեց մեր մշակութային կյանքում՝ տարեցտարի ներկայանալով նոր հմայքով եւ ասելիքով: Համաշխարհային կինոարվեստի զարգացման տեմպերը պարտադրում են համարժեք քայլեր ձեռնարկել եւ կինեմատոգրաֆի պատմության մեջ լինել ներկայանալի: Հպարտ ենք, որ համագործակցում ենք հանդիսատես- ռեժիսոր անկեղծ երկխոսություն ծավալող եւ կինոարվեստի սիրահարներին դրական լիցքեր հաղորդող «Ոսկե ծիրան» փառատոնի հետ»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հիշեցնենք, որ փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվել էին խաղարկային, վավերագրական ֆիլմեր եւ նոր՝ «Կորիզ» խորագրի ներքո ներկայացվող կարճամետրաժ խաղարկային ֆիլմեր: «Կորիզում» ներկայացվող ֆիլմերի միջոցով կազմակերպիչ-երիտասարդները փորձում էին հասկանալ այսօր ստեղծվող վաղվա կինոյի տեսակը՝ իր ժանրային առանձնահատկություններով: Ըստ news.am-ի, կինոյում ունեցած մեծ նվաճումների համար հատուկ մրցանակ հանձնվեց հունգարացի ճանաչված ռեժիսոր Բելա Տարրին: Բրիտանական Խորհուրդն ու Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը առանձնացրին Հարութ Շատյանի «Բեռնելով իմ կյանքը» ֆիլմը, իսկ լավագույն սցենարային գաղափարի համար Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակը ստացավ Էմիլ Մկրտչյանը («Տիեզերանավը»): Վերջերս ստեղծված Հայաստանի ազգային կինոակադեմիան նունպես իր մրցանակն է հիմնել: Այն տարավ մեքսիկացի ռեժիսոր Պաոլա Մարկովիչը («Մրցանակ»). Էկումենիկ ժյուրին կանգ առավ Կոռնել Գեորգիտայի «Եվրոպոլիս» ֆիլմի վրա, իսկ FIPRESCI-ի մրցանակը ստացավ Էբրահիմ Սայիդիի «Մանդու» ֆիլմը: «Միջազգային խաղարկային ֆիլմերի» մրցույթում «Ոսկե ծիրան» ստացավ իրանցի ռեժիսոր Աղհար Ֆահրադին «Նադեր եւ Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմի համար, հատուկ մրցանակ հանձնվեց Պաոլա Մարկովիչին: «Դոկումենտալ կինո» անվանակարգում «Ոսկե ծիրանը» ստացավ Ալեքսանդր Նանաուին («Աշխարհն ըստ Յոն Բ.-ի»): «Հայկական համայնապատկերում» գլխավոր մրցանակը ստացավ Հարութ Շատյանը՝ «Բեռնելով իմ կյանքը» ֆիլմի համար, հատուկ մրցանակի արժանացավ Անաստասիա Պոպովան («Վարդագույն քաղաքի վերջին հիպին»):