Մեր երկիրը իրական, բայց տխուր գույներով է ներկայացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում
Այս տարվա հուլիսի 8-ին «Անի պլազայում» տեղի է ունեցել «Մշակութային կյանքի մասնակցության իրավունքի իրացումը. խոչընդոտները, գերակայությունները, առաջընթացը եւ հեռանկարները» խորագրով զեկույցի քննարկում: Զեկույցը, որ տպագրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոսկվայի գրասենյակի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ, դեռ մի շաբաթ առաջ զետեղված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքէջում, սակայն այն արդեն հանված է, բայց կա մեր տրամադրության տակ: Այդ զեկույցում Հայաստանը բացասական լույսի ներքո է ներկայացված: «Առավոտի» տեղեկություններով, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը չի մասնակցել զեկույցի քննարկմանը: Զեկույցում ասվում է, որ Հայաստանը, միացած լինելով մի շարք միջազգային պայմանագրերի, նաեւ որոշակի պարտավորություններ է ստանձնել, որոնք չի կատարում: Նույն փաստաթղթում շեշտվում է, որ յուրաքանչյուրի՝ մշակութային կյանքին մասնակցությունը մեր երկրում չի պաշտպանվում օրենքով, մինչդեռ ՀՀ սահմանադրությամբ, յուրաքանչյուր ոք ունի կրթության, գրական, գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու եւ հասարակության մշակութային կյանքին մասնակցելու, ազգային եւ էթնիկական ինքնությունը պահպանելու եւ այլ իրավունքներ: Մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը, ըստ զեկույցի, չի հարգվում եւ դիտվում է որպես երկրորդական ու անկարեւոր: Փաստաթղթի ուղերձն այն է, որ մշակույթը Հայաստանում մատչելի չէ բոլորի համար, պետությունն էլ թերանում է դա ապահովել, սահմանադրությամբ հռչակված արժեքները դեկլարատիվ բնույթ են կրում, այս առումով առավել տուժած են խոցելի խմբերը, օրինակ՝ հաշմանդամները: «Մշակութային կյանքին մասնակցության իրավունքի իրացումը» խորագրով զեկույցում վերլուծված է նաեւ, այսպես ասած, մշակութային օբյեկտների վիճակը Հայաստանում: Քննարկված են նաեւ մշակույթի նախարարության կայքը եւ գերատեսչության կառուցվածքը: Զեկույցը պատրաստած անկախ փորձագետները հանգել են այն եզրակացության, որ մշակույթի նախարարությունն անհասկանալի կառուցվածք ունի, շփոթ կա իրականացվող ծրագրերի ժամկետների, ֆինանսավորման, վերահսկման եւ այլնի առումով: Քանի որ զեկույցը ներառում է 2010թ. տվյալները, այնտեղ մեջբերված է քաղաքապետարանի մշակույթի վարչության նախկին պետ Էլեոնորա Թումանյանի խոսքը, թե հաճախ իրենց խանգարում է օրենսդրական բացը: Զեկույցում նշված է, որ մշակութային կյանքին մասնակցության լուրջ խոչընդոտ են շինարարական աշխատանքները հանրային վայրերում՝ զբոսայգիներում: Անդրադարձ կա նաեւ այն հարցին, որ Երեւանում եւ մարզերում մշակութային նշանակությամբ շենքերն ու տարածքները՝ գրադարաններ, երաժշտական դպրոցներ, զբոսայգիներ, կինոթատրոններ եւ այլն, այլ նպատակների են ծառայում, իսկ նորակառույց շենքերը կառուցվում են քաղաքաշինական եւ ճարտարապետական նորմերի խախտումներով:
Մարզերում մշակույթի տներն ու կենտրոնները վերազինման եւ վերանորոգման կարիք ունեն, շատ համայնքներում դրանք իսպառ բացակայում են: Զեկույցում կոչ կա ՀՀ կառավարությանն ուղղված, թե պետք է գիտակցել սահմանամերձ գյուղերում մշակույթի տների դերը, դրանք նախ աշխատատեղեր են, հետո՝ հնարավորինս կանխում են արտագաղթը, երիտասարդների շրջանում նպաստում են ազգային եւ ավանդական արժեքների խթանմանը: Նշվում է, որ ՀՀ-ում կա 104 գործող թանգարան, որոնցից 73-ը՝ պետական կարգավիճակով, սակայն ոչ բոլորի մասին տեղեկատվություն կա զետեղված նախարարության կայքում: Զեկույցում ասվում է, որ ՀՀ-ում կան 16 պետական ակտիվ գործող գրադարաններ, ընթերցողների թիվն էլ մարզերում պակասել է 24,6%-ով, պատճառներից է գրադարանային ֆոնդի 10 եւ ավելի տարիներ չթարմացվելը: Հետազոտության մեջ նշվում է, որ մարզային ընթերցողը հաճախ ստիպված է հասնել Երեւան, մարզային դիմորդները՝ նույնպես, մինչդեռ որոշ մասնագիտություններ ուսուցանելը կարելի էր կազմակերպել տեղում, ինչպես ավանդական բժշկությունը, մանկաբարձությունը, գորգագործությունը: Մարզերում չկան հանրապետական նշանակության բուհեր, մշակութային կոլեկտիվները եւս կենտրոնացած են Երեւանում: Մարզի բնակիչը զրկված է, օրինակ, Ժամանակակից արվեստի թանգարան, Գաֆեսճեան կենտրոն, մասնավոր ցուցասրահներ այցելելու հնարավորություններից: Մշակութային կյանքն անհամաչափ է զարգանում Երեւանից դուրս: Օրինակ, Տավուշի մարզում խոսք լինել չի կարող Ժամանակակից արվեստի մասին. ըստ զեկույցի, տեղի «Կաղնի» հ/կ- ի ներկայացուցիչը նշել է, որ մշակութային միջոցառումները հիմնականում անցկացվում են Բերդ քաղաքում: Իրավիճակը համեմատաբար լավ է Լոռիում, եւ դա պայմանավորված է նրանով, որ Վանաձորը վարչական կենտրոն է, երրորդ խոշորագույն քաղաքը երկրում: Այստեղ նույնիսկ ռոք խմբեր կան, որոնք չունեն հովանավորներ ու գոյատեւման խնդիր ունեն:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մշակութային օջախները մասնավորեցվել են եւ չեն ծառայում ըստ նշանակության: Դրանք վերածվել են խանութների կամ ժամանցի վայրերի, օրինակ՝ «Հայաստան», «Կոմիտաս», «Ռոսիա» կինոթատրոնները: Հայաստանի ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Համբարձումյանն էլ զեկույցում ներկայացրել է Ագրարային համալսարանի այգու տարածքում սրճարան հիմնելու մասին փաստը, որի արդյունքում բազմաթիվ ծառեր են հատվել: Ուսանողները եւ երիտասարդական նախաձեռնությունները բողոքել են, սակայն ոչ մի դրական քայլ չի արվել իշխանությունների կողմից: Նույնը, ըստ փաստաթղթի, կարելի է ասել կոնսերվատորիայի հարակից այգու մասին, որտեղ երեկոները դասական եւ ջազ երաժշտության համերգներ են կազմակերպվում, սակայն ոչ մշակութային նպատակներով օբյեկտներն այգում ավելի մեծ տարածք են զբաղեցնում: Զեկույցում ասվում է, որ Հայաստանում չկան մշակութային իրավունքների պաշտպանության մեխանիզմներ, այլախոհ արվեստագետների առաջ փակ են TV-ների եւ ռադիոկայանների դռները, իրենց ստեղծագործական միտքը ազատորեն արտահայտելիս մարդիկ ենթարկվում են քաղաքական ճնշումների: Անդրադարձ կա օտարալեզու դպրոցներին, դրա հետ կապված հասարակության դիմադրությանը եւ ֆեյսբուքյան հայտնի նախաձեռնությանը: Զեկույցում առկա է «Հույսի կամուրջ» հ/կ-ի անդամ Զարուհի Բաթոյանի կարծիքը հաշմանդամների իրավունքների վերաբերյալ՝ մշակութային օջախներում չկան թեքահարթակներ եւ վերելակներ: Միայն «Նարեկացի» արվեստի միություն կարող են այցելել հաշմանդամները եւ Գաֆեսճեան կենտրոնի առաջին հարկ, մնացած կառույցները անմատչելի են: Հաշմանդամներին հասու չէ նաեւ միակ կինոթատրոնը Երեւանում՝ «Մոսկվան»: Հետազոտության հեղինակներն առաջարկում են ստեղծել համապատասխան մարմին, որը կհսկի, որպեսզի մշակութային պահանջմունքներն ու իրավունքները հարգվեն, կառավարությանն էլ ակնարկ է արվում՝ մշակույթի ուղղությամբ «շեղել» օլիգարխներին: Ըստ զեկույցի, միայն սպորտն է վայելում օլիգարխների աջակցությունը, ռոքն էլ վարչապետի կողմից է հովանավորված, իսկ ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ «անտեր» է: Այս ամենը ցավալի է, բայց՝ դառը իրականություն:
Հ. Գ. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Առավոտին» տեղեկացրին, որ զեկույցի հետ կապված գործընթացը, այդ թվում իրենց գրասենյակից փորձագետի ընտրությունն ու զեկույցի տպագրությունը, եղել է նախկին պաշտպանի պաշտոնավարության ժամանակ, իսկ կարծիք՝ զեկույցի վերաբերյալ, այդպես էլ չհայտնեցին: