Այս տարվա մայիսին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը կազմակերպել է Իրանը։ Այս մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով իտալական Corriere della Sera հեղինակավոր պարբերականը։
Իտալական թերթում լույս տեսած «Սպանիր սիոնիստին. թուրքական ռումբի ստվերում Իրանն է» վերտառությամբ հրապարակման մեջ նշվում է, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրահանգով իրականացրել են լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման զինյալները։
«Իրանը ցանկանում էր Իսրայելից վրեժ լուծել իրանցի միջուկային ֆիզիկոս Մեսուդ Ալի Մուհամեդի սպանության համար, ում դեմ 2010թ. ՄՈՍԱԴ-ը մահափորձ էր իրականացրել։ Այդ նպատակով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մահափորձ էր ծրագրում Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոս Մոշե Կամհիի դեմ, եւ այդ գործը վստահել էր լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանը։ Մահափորձն իրականացնելու նպատակով Բեյրութից Ստամբուլ էին ժամանել «Հըզբոլլահի» 3 զինյալներ։ Վերջիններս մահափորձն իրականացրել էին այն մայրուղում, որով մշտապես օգտվում էր գլխավոր հյուպատոս Մոշե Կամհին։ Սակայն գործողության պահին իսրայելցի դիվանագետի մեքենան շատ արագ է սլացել եւ չի տուժել ռումբի պայթյունից»,– գրում է իտալական պարբերականը՝ նշելով, որ Թուրքիայի հետախուզական կառույցները չեն հաստատել այդ տեղեկությունը։
Հիշեցնենք, որ 2011թ. մայիսի 26-ին Ստամբուլի Էթիլեր շրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորվել էր 8 մարդ, այդ թվում՝ ազգությամբ հայ մեկ քաղաքացի։ Ըստ պաշտոնական վարկածի՝ պայթեցվել էր հեծանիվի վրա տեղադրված ռումբը։ Չնայած պայթյունի պատասխանատվությունը որեւէ կազմակերպություն չստանձնեց, Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունն (MIT) ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը գործողության պատասխանատվությունը բարդեցին Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) վրա։