Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵՏՐԵՈՒՍԸ ՀԱՆՁՆԵՑ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԻՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 19,2011 00:00

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար գեներալ Դեւիդ Պետրեուսը (ձախից) հրամանատարությունը հանձնել է գեներալ-գնդապետ Ջոն Ալենին (աջից): Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ հավելելով, որ Պետրեուսը վերադառնում է Միացյալ Նահանգներ՝ գլխավորելու Կենտրոնական հետախուզական վարչությունը:
Պետրեուսի հրամանատարության օրոք Աֆղանստանում ամերիկյան զինուժը 30 հազարով ավելացել էր, որի արդյունքում ՆԱՏՕ-ի ուժերին հաջողվեց վերահսկողության տակ առնել խնդրահարույց տարածքները:
Իր լիազորությունները փոխանցելու առիթով տեղի ունեցած արարողության ժամանակ Պետրեուսը «խորին շնորհակալություն» է հայտնել աֆղանական եւ միջազգային զորքերին, նաեւ դիմել է Աֆղանստանի ժողովրդին՝ ասելով, թե «դուք Աֆղանստանի թշնամիներին ցույց տվեցիք, որ պատրաստ եւ ունակ եք դիմակայելու բռնություններին ու սպառնալիքներին»:
Պետրեուսը ամերիկյան բանակում ծառայել է 37 տարի, նա եղել է Իրաքում ԱՄՆ ռազմավարության հեղինակներից մեկը: Համարվում է, որ հատկապես նրա շնորհիվ է, որ այդ երկրում իրավիճակը զգալիորեն բարելավվել է: Պետրեուսը 2010-ից գլխավորել է Աֆղանստանի գործողությունները: Ընդսմին, առաջիկա ամիսներին կսկսվի ամերիկյան զորքերի աստիճանաբար դուրսբերումն Աֆղանստանից: Կիրակի օրը Աֆղանստանի անվտանգության ծառայությունը ՆԱՏՕ-ից ստացել եւ ստանձնել է Բամիան նահանգի վերահսկողությունը:
Աֆղանական իշխանությունները երկրում անվտանգության ապահովումն ամբողջությամբ կստանձնեն արդեն 2014-ին, երբ օտարերկրյա զորքերն ամբողջությամբ դուրս կբերվեն այդ երկրից:
Ի դեպ, Քաբուլում միջազգային ուժերի հրամանատարությունը աֆղանական ուժերին հանձնելու արարողությունից մի քանի ժամ առաջ սպանվել են Աֆղանստանի նախագահի խորհրդական Մոհամմեդ Խանն ու խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Մոհամմեդ Հաշեմ Վատանվալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել