ԵՊՀ-ում երեկ հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի բանավոր քննությունն էր: Վերջինին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 44 դիմորդ: Առարկայական հանձնաժողովի նախագահ Լյուդվիգ Թելյանը լրագրողներին ասաց, որ քննության ընթացքում բազմաթիվ զվարճալի միջադեպեր են եղել: Օրինակ, մի դիմորդ ասել է, թե Խաչատուր Աբովյանը երկու տարի առաջ տնից դուրս է եկել եւ չի վերադարձել: Մեկն էլ նշել է, թե Գրիգոր Նարեկացին 20-րդ դարի բանաստեղծ է: Ըստ մեկ ուրիշ դիմորդի՝ «Վարդանանք» վեպի հեղինակը Րաֆֆին է:
Հուլիսի 15-18-ը կայացան եւ ավարտվեցին բանավոր քննությունները: Անգլերենից հուլիսի 15-ին քննություն է հանձնել 75 հոգի, 3-ը անբավարար է ստացել, միջին միավորը 11.6 է: Հուլիսի 17-ին նույն առարկայից քննությանը մասնակցել է 72 հոգի, 7-ը անբավարար է ստացել, միջին միավորն է՝ 11.2:
Իսպաներենից քննություն է հանձնել 2 մասնակից, մեկը ստացել է 19 միավոր, մյուսը՝ 17: Ինչպես նշեց իսպաներենի բանավոր քննության հանձնաժողովի նախագահ Մերի Սուքիասյանը. «Մենք պատասխանատու ենք որակի համար, ուստի անկախ դիմորդների թվից, քննությունը նույնն է՝ գնահատման տեսանկյունից»:
Իտալերենից քննություն է հանձնել 1 հոգի, ստացել է 17 միավոր, ռուսերենից 2 օրերին քննություն է հանձնել 25 հոգի, գրանցվել է 9 անբավարար: Այս առարկայից միջին միավորը 9 է: Գերմաներենի քննությանը 13 հոգի է մասնակցել, 2-ը «կտրվել» է, միջին միավորը 12.5 է: Ֆրանսերենն ունեցել է 11 մասնակից, բոլորն էլ հաղթահարել են նվազագույնի շեմը, միջին միավորն էլ 11.9 է: Հայոց լեզու հուլիսի 15-ին հանձնել է 52 դիմորդ, 22-ը անբավարար է ստացել: