«Բյուրականի աստղադիտարանում ստուգման պահին գրանցված 86 աշխատակիցների շրջանում ոչ ոքի հետ կնքված չէր աշխատանքային հարաբերությունները հաստատող որեւէ փաստաթուղթ»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Սա Գիտության պետական կոմիտեն հայտնաբերել է 2011թ. առաջին կիսամյակում պետական կառույցներում կատարված մոնիտորինգի ժամանակ: Նման ուսումնասիրություն կոմիտեն առաջին անգամ էր անում: Թիրախ էին ընտրված 3 գիտական կազմակերպություն՝ 6 ծրագրի մասով, 4-ը՝ ԵՊՀ-ում, 1 ծրագիր՝ ՀՀ ԿԳՆ Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնում, 1՝ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում:
Բոլոր 3 կազմակերպություններում էլ հաստիքացուցակում ընդգրկված աշխատակիցների համար չի եղել դրույքաչափերի հաշվարկման միասնական հստակ համակարգ, ասում է կոմիտեի ղեկավարը, նշելով, որ մոնիտորինգի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ պետական գնումների ընթացակարգում: «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնը ներկայացրել էր 5 մլն 59 հազար դրամ ստանալու ֆինանսական հայտ եւ այդքան էլ ստացվել է ֆինանսավորում, որը պետք է ծախսվեր տվյալ հաշվետու ժամանակաշրջանում, սակայն կենտրոնի ստուգման պահի դրությամբ ծախսվել էր ընդամենը 1մլն 476 հազար դրամ, այսինքն՝ գումարը ստացվել եւ չի ծախսվել, այն ոչ նպատակային է ծախսվել»,- ասում է Սամվել Հարությունյանը: Իսկ լրագրողների այն հարցին, թե ի՞նչ պատասխանատվություն են կրել այդ կառույցները, պատասխանեց. «Համապատասխան հանձնարարականներ են տրվել, որ սխալները շտկվեն: Բացթողումները այնպիսին են, որ ուղղման ենթակա են: Եթե չշտկվեն, ապա կպատժվեն»:
Ս. Հարությունյանը նաեւ խոսեց «Քենդլ» նախագծի առաջխաղացման մասին, նշելով, որ այս ծրագրի մասին կան տարակարծություններ: «Գիտնականներ կային, որ համարում էին, թե ծրագիրը խիստ կարեւոր է Հայաստանի համար, որոշներն էլ մտածում էին, որ մեր երկիրը պատրաստ չէ դրան: Բայց սառույցը հիմա հալվել է եւ աշխատանքներ են տարվում ծրագրի իրագործման ուղղությամբ»,- ասում է նա: