Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոն վարչապետ, Ձեզ խաբել են

Հուլիս 19,2011 00:00

Կամ «ստվերային գիտության» մասին

Պարոն վարչապետ, Ձեզ նորից խաբել են:

Ստվերային էկոնոմիկան արդեն հասկացել էինք: Մոտավորապես թվերն էլ գիտեինք: Բայց ստվերային գիտությո՞ւնն ինչ մեղքս էր: Հերթական անգամ ուսումնասիրում էի ԳՊԿ «ստեղծագործություններից» մեկը՝ «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարություն» վերնագրով հրաշքը: 2010 թ. մայիսի 27-ի կառավարության նիստի թիվ 20 արձանագրությունն էլ հաստատված վարչապետի ստորագրությամբ եւ կնիքով մեզ ապացույց, որ հավանություն են տվել այս ռազմավարությանը: Աչքս ընկավ միակ գրաֆիկին, որը շատ հարազատ էր: Հա, «Թոմսոն Ռոյթերս» գործակալության կայքից վերցրած տվյալներ են՝ 1990-2008 թթ. Հայաստանի Հանրապետության «գիտնականների եւ գիտական աշխատողների» հրատարակած աշխատանքների քանակը՝ ըստ տարիների: Այսինքն՝ ամբողջ «գիտական ունեցվածքը», որի խորը եւ մանրակրկիտ վերլուծությունից էլ «ծնվել» է ռազմավարության մասին փաստաթուղթը: Համաձայն այս փաստաթղթի, 1990-2008թթ. տպագրվել է 6171 հոդված, որոնց մասին ԳՊԿ վերլուծաբանները իբր տեղեկացել են «Թոմսոն Ռոյթերս» գործակալության կայքից: Սուտ է, պարոն վարչապետ, Ձեզ խաբել են: Եթե Ձեր գիտական խորհրդականների մեջ կա մարդ, ով կարող է ստուգել՝ թող ստուգի:

Իսկ անձամբ Ձեզ հասարակական հիմունքներով հայտնում եմ, որ հոդվածների թիվը այդ ժամանակահատվածում 7320 է: 1149 հոդված «պահել են», տարել են «ստվեր»: Լավ իմանալով ԳՊԿ-ականների կոմսոմոլի աշխատաոճը եւ դիրքորոշումը՝ նրանց պատասխան խոսքը կանխավ գիտեմ. «Տեսեք, նույնիսկ ավելի շատ արդյունք ունենք»: Բայց եթե հաշվի առնենք, որ սխալը 18.6% է՝ բավական լուրջ մտահոգություն է առաջանում: Էս ամեն ինչը այդ ճշտությամբ գիտե՞ք: Միայն բյուջեի վրա եթե հաշվենք… չէ, գործ չունեմ: Մեծ թիվ է ստացվում: 1149 հոդված ՀՀ մասշտաբով դա կարող է 5-6 գիտական ուղղություն լինել:

Հավատալ, որ սխալ նախնական թվերից ԳՊԿ-ն ճիշտ վերլուծություն է արել՝ կներեք, չեմ կարող: Դրա համար էլ «ռազմավարության» մեջ 3-րդ թիրախի 13-րդ կետը «գիտահետազոտական տուրիզմն» է՝ իսկական զբաղմունք ԳՊԿ-ականների համար: Եվ այդ անհեթեթությունների շարքը գնում, վերածվում է «մեկ շնչին ընկնող գիտության», «ԷՈՒՇ-աբանության»…

Այս ամենին կարելի էր հումորով մոտենալ, եթե ԳիտՊետԿոմ-ը մանկական ստեղծագործության գյուղական ակումբ լիներ: Դե երեխա են՝ գիտություն-գիտություն են խաղում: Բայց, ցավոք, այդպես չէ: Կառավարության որոշումներ են ընդունվում, հաստատվում ստորագրությամբ եւ կնիքով: Այդ կնիքի մի փոքր մասն էլ երեւի ինձ է վերաբերում՝ ես էլ ՀՀ քաղաքացի եմ: Հենց այս պատճառով էլ, պարոն վարչապետ, Ձեզ ուղղակի խնդրում եմ՝ ԳիտՊետԿոմ-ից եկած թղթերը ստուգեք, էլի մի բան չստացվի:

ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նախկին Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031