Թատերականի դիմորդները բացահայտեցին իրենց եղած ու չեղած շնորհները
Երեկ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում 101 դիմորդ «Դերասանական արվեստ» մասնագիտության գծով դերասանի վարպետություն առարկայից քննություն հանձնեց: «Առավոտը» մասնակցեց քննության մի հատվածին:
Հանձնաժողովում էին՝ Հ. Մալյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը, Կամերային երաժշտական թատրոնի ղեկավար Դավիթ Հակոբյանը, ռեժիսոր, դերասան Նարեկ Դուրյանը, Երեւանի կամերային թատրոնի տնօրեն Արա Երնջակյանը, հեռուստալրագրող Արթուր Բախտամյանը եւ, իհարկե, բուհի ռեկտոր Արմեն Մազմանյանը: Հանձնաժողովը նախագահում էր անվանի դերասան Ռաֆայել Քոթանջյանը:
Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ քննությունը կայացավ Ա. Մազմանյանի աշխատասենյակում:
Առաջին դիմորդը երեւանցի Միհրան Համբարձումյանն էր: Քննասենյակ մտնելու առաջին րոպեներից Միհրանը «բերանը ջուր» առավ եւ կանգնեց: Երբ հանձնաժողովի անդամները հետաքրքրվում էին նրա տվյալներով, Միհրանը ամեն հարցի հետ անկախ իրենից ետ-ետ էր գնում: Դ. Հակոբյանը նրան հորդորեց ավելի բարձր խոսել. «Բոլորս խուլ ենք, այնպես արա քեզ լսենք»: Ա. Մազմանյանն էլ «սրեց» ասվածը. «Այստեղ ծեր, քյալ մարդիկ են նստած»: Միհրանն իր ցանկությամբ քննությունը սկսեց մենախոսությունից: Բացի էտյուդից եւ մենախոսությունից, Միհրանին նաեւ «պարացրին», բայց երբ հայկական շալախոյի ռիթմերի տակ դիմորդը սկսեց իսպանական չա-չա-չայի շարժումներ անել, Ա. Մազմանյանն իրեն չզսպեց եւ գլխով «չէ» ասաց հանձնաժողովի անդամներին:
Աշտարակցի, բանակից զորացրված 25-ամյա Հարություն Մակարյանը հանձնաժողովին փորձեց գերել իր՝ մեկ ամիս չլողացած աղջկա մասին էտյուդով: Նախ էտյուդի վերջում ստիպված եղավ հանձնաժողովի համար «թարգմանել» սյուժեն, ապա երկխոսության բռնվեց Ա. Մազմանյանի հետ: Վերջինս նրան հանձնարարեց խաղալ հարբած երիտասարդի դեր: Ն. Մալյանը, չբավարարվելով դիմորդի պատասխաններից, հետաքրքրվեց սիրած դերասանից ու կինոյից: Ինչպես մյուս բոլոր դիմորդները, Հարությունն էլ տվեց Մհեր Մկրտչյանի անունը:
Դիմորդներից մեկին՝ 18-ամյա Սոնա Աթոյանին Դ. Հակոբյանը հանձնարարեց գայթակղել մեջտեղում լուռ նստած «հրաշք երիտասարդին»՝ մատնացույց անելով Ռ. Քոթանջյանին: Սակայն երիտասարդ աղջկա կոտրատումները չազդեցին Ռ. Քոթանջյանի վրա, ինչից զայրացավ Դ. Հակոբյանը. «Նա քեզ չնկատեց, աղջիկ ջան»:
Անուշ անունով մի դիմորդի հանձնաժողովի անդամները խորհուրդ տվեցին նիհարել: Ա. Մազմանյանը նրանից հետաքրքրվեց՝ երբեւէ որեւէ մեկը Անուշին ասե՞լ է նիհարիր: Անուշը հավաստիացրեց, որ իր նիհարելը կախված կլինի դերից. «Թե պետք լինի, կչաղանամ, կնիհարեմ, խնդիր չի»:
Թալինցի Մկրտիչին էլ առաջարկեցին նմանակել Ռոբերտ Քոչարյանին: Այս մասով Ա. Մազմանյանն ասաց. «Վտանգավոր չի, նմանակի: Առաջիկա մեկ տարին դեռեւս վտանգ չկա»:
Դիմորդ՝ 24-ամյա Լիլիթ Հովհաննիսյանը նշեց, որ իր սիրած դերասանուհին Սիրանույշն է, Ա. Բախտամյանը չկարողացավ թաքցնել ժպիտը. «Ախր, Սիրանույշի խաղը որտե՞ղ ես տեսել, որ մի հատ էլ սիրում ես»: Լիլիթը մեկնաբանեց, որ նրա մասին գրքերում կարդալով է սիրել, հասկացել է, որ լավ դերասանուհի է եղել:
Վերջին դիտած ներկայացումների, ֆիլմերի, կարդացած գրքերի մասին հարցերը ակնհայտ նեղում էին դիմորդներին: Ամեն նման հարց նրանց ստիպում էր մի կերպ վերհիշել տարիներ առաջ կարդացած գրքի, լսած հեղինակի անունը կամ հաճախած ներկայացման ռեժիսորին: Դիմորդներից Սոնան որպես սիրված դերասան նշեց հանձնաժողովի անդամ Նարեկ Դուրյանին: Երբ Դ. Հակոբյանը հետաքրքրվեց, թե իր ո՞ր ներկայացումն է տեսել, աղջիկը պատասխանեց. «Գովազդների մեջ եմ տեսել ու ինձ շատ է դուր եկել»: