Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԸ՝ ՖԻԼՄՈՒՄ

Հուլիս 19,2011 00:00

\"\"ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ «ՕՐԴՖԻԼՄ» ընկերությունը եւ «Հ1»-ը համատեղ ուժերով իրականացնում են «Հայաստանի ազգային հերոսներ» ֆիլմաշարը: Ֆիլմաշարի ռեժիսոր եւ գլխավոր պրոդյուսեր Հայկ Օրդյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ 15 ազգային հերոսի մասին էլ առանձին ֆիլմ է ներկայացվելու: Ֆիլմաշարի սցենարի հեղինակը բանասիրական գիտությունների թեկնածու, մի շարք փաստագրական ֆիլմերի հեղինակ Տիգրան Սիրունյանն է: «Ասեմ, որ չենք ձգտել հերոսին «հերոսացնել», այսինքն՝ չենք գործածել պաթետիկ բառեր, չարչրկված կաղապարներ. դրանց միօրինակությունը ստեղծում է հերոսի համահարթ տիպ՝ թույլ չտալով ճանաչել անհատին: Կերպարին թեւեր տալով, նրան իրականությունից հեռացնում են, մինչդեռ հերոսը, որպես օրինակ, հարկավոր է հենց իրական կյանքում, մեր կողքին, որպեսզի անհնարին ու անհավատալի չթվա, որ առօրյա հոգսերով մեկը՝ օրավարձով պատշարը կամ թատրոնի ռեժիսորը, անհրաժեշտության դեպքում ի վիճակի կլինի սխրանքի»,-ասում է Տ. Սիրունյանը: Հայկ Օրդյանն ասում է, որ հիմնական դժվարությունները կապվում են արխիվային նյութերը գտնելու հետ: «Կան հերոսներ, որոնց կենդանության օրոք գրեթե ոչ մի տեսանյութ չի նկարահանվել: Կադրերը շատ քիչ են, եղածներից էլ բոլորը չէ, որ կարող ես ցուցադրել, ժամանակի ընթացքում կադրերի մեծ մասը ջնջվել է, բայց այս հարցում մեզ օգնում է Հանրային հեռուստաընկերությունը, Պաշտպանության նախարարության լրատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունը, երբեմն պատահում են նաեւ անհատներ, որոնք, օրինակ, մարտերի ժամանակ արձանագրել են լսածն ու տեսածը: Չմոռանամ նաեւ նշել հերոսների ընտանիքների անձնական արխիվների մասին. նրանք ջանասիրաբար աջակցում են մեզ: Ինչեւիցե, այս ֆիլմաշարը կունենա նաեւ մեկ այլ կարեւոր առաքելություն՝ մեր Ազգային հերոսների հազվագյուտ արխիվային նյութերի համախմբում»,- պատմում է Հ. Օրդյանը:
Հավելենք, որ ազգային հերոսներ Մովսես Գորգիսյանի, Յուրա Պողոսյանի ու Ջիվան Աբրահամյանի մասին ֆիլմերը նկարահանվում են պետական հոբելյանական ծրագրի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել