Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՈԳԵՎՈՐԸ ԵՎ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ

Հուլիս 19,2011 00:00

Անդրադարձ Սիփան աբեղայ Գէօրգեանի՝ «Առաւօտում» տպագրուած (16-06-2011) «Բաց, բայց անմիտ նամակ» յօդուածի առթիւ:

\"\"

Շուրջ երեք եւ կէս տասնամեակ առաջ, Երեւանում, երբ իմ կնքահայրութեամբ պիտի կնունք անէինք, ապագայ սանահայրը (ֆիզիկոս եւ գրագէտ հաւատացեալ մէկը) կնքելու համար հրաւիրել էր ո՛չ թէ քաղաքի՝ մօտիկ եկեղեցու քահանային, այլ աւելի հեռուից՝ Նորագաւիթի եկեղեցու Տէր Հօրը, ասելով, թէ՝ վերջինս աւելի հաւատացեալ Տէր Հայր է: Այն ժամանակ զարմացայ: Իսկ ահա վերջերս, համացանցի հայկական մի տեղեկատւութեան մէջ կարդացածս յօդուածում պատմւում էր, թէ ինչպէս գիւղերից մէկում (անուններ չէին նշուած) թաղման արարողակարգ կատարած քահանան անմիջապէս փիլոնը հանած եւ հոգէհանգստի «կերուխումից» հարբած, ժարգոնով «դիմելով» հանգուցեալին, ասել էր՝ ապեր դու «պռոբլեմ» չունես (այսինքն՝ մեղքերդ ներուած են եւ կարող ես դրախտ ընկնել): Աւարտին, յօդուածագիրը նշել էր, որ նման հոգեւորականների պատճառով Կաթողիկո՛սն է վերջիվերջոյ «պռոբլեմներ» ունենալու: Այս անգամ չզարմացայ: Խօստովանենք, որ կեանքում բոլորս էլ հանդիպում ենք իրօք ազնիւ եւ անկեղծ հաւատով լի հոգեւորականների (մեծաւ մասամբ), բայց ցաւօք, երբեմն նաեւ անարժանների, ովքեր անմիջապէս նկատւում են շրջապատի կողմից: Սրանց նմանների պատճառով հնարաւոր է, որ եկեղեցուց երես թեքողներ էլ լինեն: Մինչդեռ հոգեւորականը պիտի տարբերուի աշխարհիկ մահկանացուներից իր ոչ նիւթապաշտ վարքով, հոգեկան բարձր կերտուածքով, Քրիստոսավայել պահուածքով՝ միշտ օրինակելի, խոնարհ ու արդարախօս, համբերատար եւ ներել կարողացող, նաեւ անկեղծ սիրով՝ նոյնիսկ հակառակորդի նկատմամբ (ինչպէս պահանջում է Սուրբ Գիրքը). չէ՞ որ Քրիստոսը ՍԷՐ է: Այս հոգեւոր արժէքները նաեւ մշտապէս քարոզուել եւ յանձնարարուել են ընդհանրապէս հասարակութեան բոլոր անդամներին:
 Նկատի առնելով Վեհափառին յղուող «Բաց նամակում» (այսուհետեւ՝ Նամակ) շօշափուած հարցերի հասարակական հնչեղութիւնը եւ ԶԼՄ-ների ուշադրութեան կենտրոնում շարունակաբար գտնուելը, համառօտակի անդրադառնանք Սիփան աբեղայի յօդուածին՝ «Բաց նամակում» շօշափուած հարցերի առթիւ: Մինչ այդ, հարկ ենք համարում պարզաբանել, որ Նամակի առիթը եւ նիւթերը հայկական տարբեր լրատուամիջոցներում քննարկուած նոյնանման եւ սկզբնապէս չհերքուած հրապարակումներն էին: Իսկ լրատուամիջոցներին մենք միշտ հաւատ ենք ընծայել (մանաւանդ որ՝ ծուխն առանց կրակի չի լինում): Կարեւորում ենք նաեւ հետեւեալը. սփիւռքը, որ նիւթապէս կամ բարոյապէս միշտ Հայաստանի կողքին է, պարտաւոր է (եւ խրախուսելի) նաեւ իր կարծիքն ու սեփական մտահոգութիւնները ներկայացնել հայրենիքին առնչուած բոլոր հարցերում՝ ի կատարումն «մէկ ազգ» կարգախօսի:
«Ձայն սփիւռքից» խորագրի տակ Նամակի հրապարակումը Մայր աթոռի միաբան Սիփան աբեղային (ով կարող էր ներկայանալ որպէս աշխարհիկ մահկանացուներիցս աւելի բարձր հոգեւոր արժէքներ կրողի) առիթ հանդիսացաւ ո՛չ միայն ցուցադրաբար սփիւռքից հնչող մտահոգութիւնները անկիրթ ձեւով մերժելուն (կարող էր փաստարկուած կերպով չհամաձայնուել), այլեւ ինքնաբացայայտելու հոգեւորականի՝ վերը նշուած Քրիստոնէական հոգեւոր արժէքներից զուրկ լինելը եւ, թերեւս, ճեմարանում այլեւս Քրիստոսակերպ հոգեւորականներ ուսուցելու բացակայութիւնը:
Այժմ աբեղայի յօդուածի մասին: Միանգամից ասենք, որ շօշափուած վեց հարցերից նա միայն երեքին է անդրադարձել:
Աբեղայի յօդուածը լեցուն է ո՛չ միայն սեփական մտացածին եզրակացութիւններով, այլ նաեւ վիրաւորական եւ անկիրթ ձեւակերպումներով, ինչը սովորաբար հետեւանք է հակափաստարկների բացակայութեան: Որտեղի՞ց Սիփան աբեղան առաջին իսկ հայացքից նկատել է Նամակի հեղինակի ինքնագոհութիւնն ու անհանդուրժողութիւնը, երբ պարզապէս գրել ենք, որ սփիւռքը նոյնպէ՛ս իր ձայնն է տուել՝ ընտրելու Հայրապետին, ամէն պատարագի ժամանակ էլ յոտնկայս մաղթանք անելով նրա արեւշատութեան համար եւ Ս. Էջմիածնին ամէն ինչով աջակցող այդ սփիւռքը Ամենայն Հայոց Հայրապետին դիմելու եւ խնդրելու իրաւունքն ունի: Երբ մենք իմաստուն որոշում համարեցինք ամառային «Մոսկուա» կինոթատրոնի տեղում ռուսական եկեղեցի չկառուցելուն Վեհապետի համաձայնուելը: Երբ յոյս յայտնեցինք, որ Վաղարշապատի քաղաքային այգու մէջ Արցախի ազատամարտիկ հաշմանդամին սեփականաշնորհուած տարածքը եւ օրինականացուած սրճարանը վերցնելու գործը այլեւս փակուած կը համարուի, ինչպէս նաեւ հաւատ ընծայեցինք Ֆրանսիայի եկեղեցիներից մէկի եկամուտները իրենց ծխական խորհրդին թողնելու հարցին ընդառաջող լուծմանը, գտնելով, որ Վեհափառը այս բոլորն արել է՝ հետեւելով «Ձայն բազմաց, Ձայն Աստծոյ» իմաստութեանը (տես Նամակի առաջին երեք պարբերութիւնները): Սիփան աբեղան ինչո՞ւ այս խնդիրները վեր հանելը «անմիտ» չհամարեց: Իր յօդուածում մեզ յիշեցնում է, որ ներկայ Կաթողիկոսը շարունակում է իրագործել իր նախնիների տեսլականը: Մինչդեռ, մեր Նամակում գրուածը, թէ՝ գիտակցում ենք այն դժուարին պատասխանատւութիւնը, որ վիճակուած է ներկայ Վեհափառին՝ համարժէքօրէն շարունակելու Չորէքչեան, Վազգէն Ա, եւ Գարեգին Ա կաթողիկոսների ազգանուէր ծառայութիւնը, աբեղան դա բացատրել է «արհեստական հակադրութիւն ձեւաւորելու մեր միտումով»: Սրանք անմիտ անուանուած Նամակի մէջ շօշափուած հարցերի կէսն էին, որոնց բոլորովին չի անդրադարձել Սիփան աբեղան: Հաւանաբար հարմար չէր ժողովրդի օրինական պահանջները անմիտ համարել: Ըստ յարգարժան աբեղայի, շուեցարահայերի 2000-ոց համայնքի ծխական խորհրդի գրաւոր անհամաձայնութիւնը՝ առաջնորդարան ստեղծելու մասին (ֆինանսական հաւելեալ ծախսերի պատճառով) կամ Նիսի համայնքի գործերը Ֆրանսիական ոստիկանութիւնում գտնուելու հարցերի յիշատակումը Նամակում «սրտաճմլիկ տեսարաններ են», որ յատուկ գրուած են իրականութիւնը խեղաթիւրելու նպատակով: Իրականութիւնն այն է, որ այդ հարցերը եղել են, կան եւ նախքան դրանց բարձրաձայնելը, թերեւս, ցանկալի կը լինէր Վեհափառի այցելութիւնը այդ թեմերը եւ արդիւնքների մասին համապատասխան յայտարարութիւնով պաշտօնապէս առաջինը հաղորդել հանրութեանն ու մամուլին (մինչդեռ դա առաջինն արեցին մամուլն ու շուեցարահայերն ու ֆրանսահայերը): Սիփան աբեղային յուզող վերջին հարցը, իր բառերով՝ մեր «թեմատիկ էքսկուրսն է» միջնադարեան եկեղեցու «անաղարտութեան» (իր խօսքերով) պահպանման համար: Խօսքը 800-ամեայ Կաթողիկէի մասին է, որ մենք Նամակում արծարծել էինք ո՛չ թէ «անաղարտ» պահելու (ո՞վ պիտի պղծեր այն), այլ այդ պատմական արժէքը կաթողիկոսական նստավայրով ու Ս. Աննա եկեղեցով չխեղդելու համար: Աբեղան յիշեցնում է, որ ժամանակին արքեպիսկոպոս Գարեգին Ներսիսեանն է «նախաձեռնել եկեղեցու յարակից տարածքը հեղձուցիչ մթնոլորտից ազատել», իսկ մենք «քնով ենք ընկել կամ Պիղատոսի նման ձեռքներս լուացել ենք ու հիմա ասեկոսեներով թուղթ ենք մրոտում»: Հիմա, երբ այդ եկեղեցու շուրջը դարձեալ հեղձուցիչ մթնոլորտ է ստեղծւում՝ փակելով երկու խոշոր շինութիւններով, որոնք կարելի էր այլ տեղերում կառուցել կամ չկառուցել, ինչո՞ւ Սիփան աբեղան ինքն է քնով ընկել կամ պիղատոսեան լուացումով է զբաղւում, երբ ժողովուրդն ու մտաւորականութիւնն է ընդվզում: Ըստ այս աբեղայի, այդ մտաւորական պահանջողները (մենք էլ նրանց հետ) ուզում են փաստել այն «կեղծ թեզը, թէ՝ եկեղեցու գործունէութիւնը չի բխում հասարակութեան շահերից» եւ այդ մտաւորականները, մենք՝ «արալէզ շներս» «լիզում ենք այս թեման»՝ թեզը վերակենդանացնելու համար: Իսկ թէ իր այս յօդուածով Սիփան աբեղան ո՞ւմ ինչն է լիզում (իր բառերը իրեն վերադարձնենք), չգիտենք: Սիփանը անյաջող փաստաբան է Կաթողիկոսի համար. մեղադրելի չէ, քանզի Ճեմարանում իրաւագէտներ չեն պատրաստում, բայց նաեւ կասկածում ենք, թէ հիմա միմեանց սիրելու քրիստոնէական պատգամը կամ մոլորեալին (որպիսին նա ինձ է համարում) ուղղելու կամ ներելու դասեր ուսուցում են ճեմարանականներին: Յաջորդ կիրակի աբեղան չի կարող Մայր Տաճար մտնել, որովհետեւ Սուրբ Գիրքն ասում է, եթէ նեղացրել ես եղբորդ, գնա հաշտուի եւ յետոյ միայն մտիր տաճար:
Մայր Տաճարի միաբան Սիփան աբեղայ Գէօրգեանի «Բաց, բայց անմիտ նամակ» յօդուածը եթէ ընդունելի համարուի, ապա կարելի է մտածել, որ նա պատուէր է կատարել: Իսկ ընդհանրապէս, արտերկրի քաղաքակիրթ պայմաններին վարժ մեր ծխական համայնքները չեն ընդունի նման «հովիւների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել