Լոռու մարզի Սանահին վանական համալիրը փլուզման եզրին է, ահազանգում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը, որը շաբաթ օրը լրագրողական շրջայց կազմակերպեց դեպի 10-րդ դարում կառուցված Սանահինի վանական համալիր, նպատակ ունենալով հանրության, եկեղեցու եւ պետության ուշադրությունը գրավել 1996թ.-ից UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված՝ 6 եկեղեցիներից եւ 4 մատուռներից բաղկացած համալիրին:
Այսօր Սանահինի համալիրը կատարյալ բարձիթողի վիճակում է. գմբեթներն ու կամարապատ դռները ամբողջությամբ ծածկված են բուսականությամբ, տանիքին նույնիսկ մատղաշ ծառեր են աճում: «Երբ հուշարձանը կամ հուշակոթողը գրանցվում է UNESCO-ի ցանկում, դրանից հետո պետությունը պարտավորվում է պահպանել դրանք, սակայն պետությունը, հասարակությունը, հոգեւորականությունը, մտավորականությունը լռում են, լռում են բարերարները, ովքեր զբաղված են քաղաքի կենտրոնում նոր եկեղեցիներ կառուցելով, այն ժամանակ, երբ հզոր մշակութային ժառանգությունը կործանվում է աչքի առաջ»,- ասում է նախաձեռնող խմբի ղեկավար Աշոտ Պողոսյանը:
Համազգային բողոքի ու պահանջի դեպքում միայն հնարավոր է որոշակի արդյունքների հասնել, համոզված են «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության անդամները: «Բնականաբար, մշակույթի նախարարությունը պատճառաբանում է, որ ֆինանսներ չունեն, Հայ առաքելական եկեղեցին հրաժարվում է հարյուրավոր եկեղեցական կառույցներից, պատճառաբանելով, թե դրանք ուղղակի հուշարձաններ են: Եթե հայ առաքելական եկեղեցին հրաժարվում է նրանցից, նրանք չեն դադարում սուրբ կառույցներ լինելուց կամ ուխտավորներ ընդունելուց: Նույնիսկ կոմունիստական շրջանում, երբ համատարած վերացնում էին հայկական եկեղեցիները, ամբարներ ու պահեստներ էին սարքում, Սանահինը պահպանվել է: Սանահինի վանական համալիրին կից գերեզմանատունն է, հիմա գերեզմանները խառնվել են մատուռների հետ: Կոմունիստական շրջանից է եկել, ժողովուրդը մեղավոր չէ»,- ասում է մոմավաճառ Սոխակ Սիմոնյանը: Նա հիշում է, որ խորհրդային տարիներին մեծ թափով սկսել են եկեղեցիները քանդել, հատուկ մարդիկ են եկել Մոսկվայից: Որոշ վանքեր քանդվել են, որոշները փրկվել են Անաստաս Միկոյանի շնորհիվ: Սանահինի հարակից գյուղերում խոսում են, որ Միկոյանը ժողովրդին հասկացրել եւ համոզել է, որ վանքերը դարձնեն պահեստներ, որ պետության կողմից պահպանվի: Գնալով Մոսկվա, նա մի հրամանագիր է պատրաստել, որ բոլոր եկեղեցիները, որպես ամուր շինություն, դարձնեն պահեստ: «Մայր Աստվածածինը պանրի ու յուղի պահեստ էր, Ամենափրկիչում ցորեն էինք լցնում, գրատունը մրգի պահեստն էր»,- հիշում են լոռեցիները:
Սոխակ Սիմոնյանը պատմում է, որ 16-րդ դարի կառույց Սուրբ Սարգիս Սրբավայրը ռազմավարական նշանակություն է ունեցել, ժամանակին անլար կապ է գործել վանական կառույցների միջեւ: Բոլոր մեծ վանական համալիրներն ունեցել են գուժկաններ ու լրատվության փոխանակման կետեր: Դա արել են կարմիր եւ սպիտակ դրոշներով, գիշերները կրակներ են վառել, մառախուղի ժամանակ էլ, երբ իրար չեն տեսել, զանգերի հատուկ ղողանջների օգնությամբ են իրար իմաց տվել:
Սանահինի միայն զանգակատունն ու գրատունն են վերանորոգել՝ մի 25 տարի առաջ: Ժամանակին ուսանողական խմբեր էին գալիս, մաքրում տարածքը, սակայն տանիք բարձրանալ նրանք չեն կարողացել, վտանգավոր է, քանի որ անձրեւաջրերը լրիվ քայքայել են երդիկները, մտել են քարերի տակ ու ոչ միայն օրեցօր աճող անտառի առիթ են դարձել, այլ խարխլել են շինությունը:
Պետական միջավայրի պահպանության Լոռու մարզային մասնաճյուղից տեղեկացանք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցից հետո Սանահինի վանական համալիրի վերականգնողական աշխատանքները սկսվել են: Ամեն ինչ կապված է Հայաստանի պետական բյուջեի հնարավորությունից:
Հ. Գ. Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայկական հուշարձաններն ուսումնասիրող կազմակերպության տնօրեն, պատմաբան Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ իր վերջին հանդիպման ընթացքում կրկին բարձրացրել է Սանահինի վանքի խնդիրը՝ հիշեցնելով, որ այդ պատմական հուշարձանի տանիքին ամբողջական անտառ է աճել:
«Մենք առաջարկել ենք սրբազանին նոր եկեղեցիների կառուցման համար նախատեսված միջոցների թեկուզ մի մասն ուղղորդել այդ խնդրի լուծմանը: Ի պատասխան՝ նա հայտարարել է, որ որեւէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի եւ եկեղեցիների հետ: Պաշտամունքային կառույցները տրամաբանորեն ամենից առաջ պետք է մտահոգեին եկեղեցուն: Էլ չեմ խոսում պետական կառույցների մասին, որոնք պետք է շահագրգռված լինեն, որպեսզի եկեղեցիների տանիքին ծառեր չաճեն»,- հայտարարել է Կարապետյանը: