Մարդիկ չեն տուժել, բայց կտուժի կրթության որակը
Շաբաթ օրը՝ հուլիսի 17-ին, առավոտյան ժամը 08:40-ի սահմաններում փլվել է Սյունիքի մարզկենտրոն Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շենքի միջնամասը՝ ետին հատվածից: 4 հարկանի մասնաշենքի ետնամասի միջին հատվածը փլվել է 4-րդ հարկից մինչեւ առաջին հարկը: Դպրոցի նիստերի դահլիճը, ճաշարանն ու դասասենյակներն ամբողջովին գետնին են հավասարվել, հարակից պատերն էլ ճաքել են: Փլուզման արդյունքում փչացել է դահլիճի եւ ներքեւի հարկի դասասենյակների ամբողջ գույքը: Բարեբախտաբար՝ զոհեր ու վիրավորներ չկան, շենքում գտնվող շինարարներն ու պահակը հասցրել են ժամանակին դուրս գալ շենքից: Դեպքի վայր ժամանած Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներն անմիջապես ժապավեններով արգելափակել են դպրոցի տարածք մուտքը, քանի որ կիսափլված շենքում դեռ փլուզման վտանգ կա: Փակ է նաեւ հարակից փողոցը՝ երթեւեկություն դեռեւս չի թույլատրվում:
Դեռեւս հայտնի չէ շենքի փլուզման պատճառը: Տարբերակներից մեկի համաձայն՝ շենքի պատը փլվել է շինաշխատանքների սխալ կատարման ժամանակ, որից եւ կառուցվածքային տեղաշարժ է եղել, սակայն դպրոցի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը հակված է այլ տարբերակի հավատալ: Նրա ասելով, 1965 թվականին շենքը կառուցվել է թերությունով, եւ շինության ամբողջ ծանրությունը տարիներ ի վեր ընկած է եղել հետեւի պատի վրա: Արդյունքում այն կամաց-կամաց դարձել է վթարային եւ փլվել: Տնօրենն ասաց, որ դեռեւս 1963 թվականին այսօրվա դպրոցի տեղում կառուցված շենքն ամբողջությամբ հրդեհվել էր, 1964 թվականին նույն տեղում նոր շենք է կառուցվել, որն էլ 1966 թվականին հանձնվել է շահագործման եւ ծառայում էր մինչեւ օրս:
Կապանի թիվ 2 դպրոցում պետության տրամադրած 70 միլիոն դրամով նորոգման աշխատանքներ էին սկսվել: Նախագծով պետք է ուժեղացվեր, ամրացվեր շենքը, առաջնահերթությունը տրվել էր հետեւի պատի ամրացմանը, որպեսզի վթարայնությունը վերացվեր: «45-50 տարի առաջ կառուցված շենք է, ծառայությունն անցել էր, առավելեւս, երբ թերությունով էր շենքը կառուցվել: Պատերը խիստ վթարային էին դարձել, բարեբախտաբար ուսումնական պրոցեսի ժամանակ չի եղել դեպքը: Մասնագետները տեղում կլինեն, հանձնաժողովը հստակ կասի փլման ու շենքի հետագա ճակատագրի մասին, բայց, իմ կարծիքով, շենքը շահագործման ենթակա չէ, նոր շենքի կառուցման անհրաժեշտություն է լինելու: Այժմ մտածում ենք նոր ուսումնական տարվա մասին, դասապրոցեսները կկազմակերպենք այլ դպրոցների բազայի վրա. ավագ դպրոցը կտեղակայվի Կապանի թիվ 6, իսկ միջին դպրոցը՝ թիվ 1 դպրոցում, մինչեւ պարզ կլինի դպրոցի հետագա ճակատագիրը», – «Առավոտի» հետ զրույցում նշեց Լեռնիկ Պետրոսյանը:
Կապանի թիվ 2 ավագ դպրոցում 627 աշակերտ է սովորում: Նոր ուստարվա համար կլինեն նաեւ ընդունելություններ: Մոտ 700 աշակերտի ուսուցումն այս տարի կիրականացվի ոչ ավագ դպրոցի մանաշենքում:
Երեկ դեպքի առթիվ Կապան էր այցելել ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Քանդված դպրոցի տարածքում շրջելուց հետո նախարարը կարգադրեց ժամանակավոր դադարեցնել շինաշխատանքները, իրականացնել մասնագիտական ուսումնասիրություններ, որից հետո արդեն հստակ կորոշվի՝ նոր դպրո՞ց կկառուցվի, թե՞ հինը կվերակառուցվի: «Մոտ 10-12 օրից պարզ կլինեն մասնագիտական եզրակացությունների արդյունքները, որից հետո արդեն հստակ որոշում կկայացվի: Եթե բացասական լինեն եզրակացությունների արդյունքները, ապա միանշանակ շենքը կքանդվի եւ նոր դպրոց պետք է կառուցվի»,- լրագրողներին ասաց քաղաքաշինության նախարարը: Կա տարբերակ՝ դպրոցի ետնամասի դաշտում եռահարկ, մոտ 600 աշակերտների համար նախատեսված նոր շենք կառուցել: Նախարարի Կապան կատարած այցի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ մարզից բոլոր կրթօջախների վթարային վիճակի վերաբերյալ տվյալներ հավաքել եւ ներկայացնել քաղաքաշինության նախարարություն, որից հետո մասնագիտական կառույցները ուսումնասիրություններ կիրականացնեն Սյունիքի մարզի բոլոր կրթօջախներում:
Հիշեցնենք, որ սա դպրոցի փլման առաջին դեպքը չէր Սյունիքի մարզում: Այս տարի հունիսի 9-ին էլ փլվել էր Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղի դպրոցը: