Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միտումնավոր բացթողո՞ւմ

Հուլիս 19,2011 00:00

Դատարանը լիցենզավորման լեգիտիմությունը վիճարկելու հիմքեր է ստեղծել

Առաջին հայացքից մանրուքներ թվացող վրիպումները կարող են վճռորոշ դեր խաղալ հասարակական կյանքում՝ խաթարելով բնականոն ընթացող գործընթացները՝ այս պարագայում իրավական: Մեզ մասնավորապես հետաքրքրում էր՝ կատարվածը միտումնավո՞ր էր կատարվել, թե՞ ուղղակի բացթողում էր, ոչ բավարար գիտելիքի արդյունք:
Խոսքը փաստաբանների որակավորման քննությունները կազմակերպելու եւ դրանց արդյունքներն ամփոփելու նպատակով 2 տարի ժամկետով կազմավորված Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի՝ 9 հոգանոց կազմի մասին է: Մասնավորապես, այդ հանձնաժողովում ընդգրկվում են փաստաբանների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրված 6 փաստաբան, ՀՀ արդարադատության նախարարությունից 1 ներկայացուցիչ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից 1 գիտնական իրավաբան եւ վճռաբեկ դատարանից 1 դատավոր՝ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ:
Համաձայն սահմանված կարգի, Փաստաբանների պալատի նախագահը գրությամբ դիմում է վերոնշյալ մարմիններին՝ պարզելու, թե ովքեր են որակավորման հանձնաժողովի՝ իրենց կողմից ներկայացվող անդամները, բնականաբար, ստանում է պատշաճ կերպով կազմված պատասխաններ: Պալատի նախագահն ամենեւին պարտավորված չէ ստուգելու ներկայացվող անդամների լեգիտիմությունը, բայց արի ու տես, որ ավելորդ նախաձեռնությունը գուցե եւ շտկեր որոշ պաշտոնատար անձանց, այս դեպքում՝ դատական ծառայողի կողմից թույլ տրված վրիպումները:
Բանն այն է, որ ՀՀ դատական օրենսգրքի 73-րդ հոդվածում հստակ թվարկված են ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահի (ով ի պաշտոնե վճռաբեկ դատարանի նախագահն է) լիազորությունները, մասնավորապես, համաձայն նշված հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ դատարանների նախագահների խորհրդի նախագահը վճռաբեկ դատարանի դատավորների կազմից նշանակում է մեկ դատավոր՝ Փաստաբանական պալատի որակավորման հանձնաժողովում ընդգրկվելու համար: Սա նշանակում է, որ որակավորման հանձնաժողովի վճռաբեկ դատարանի դատավոր անդամը պետք է նշանակվի Դատարանների նախագահների խորհրդի նախագահի անհատական ակտով, որից հետո նոր միայն ներկայացվի Փաստաբանների պալատի նախագահին:
Փաստաբանների որակավորման հերթական քննությունները կազմակերպելու նպատակով 2010թ. 2 տարի ժամկետով կազմավորվել է Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողով, որտեղ որպես վճռաբեկ դատարանի դատավոր անդամ է ներկայացվել դատավոր Ելիզավետա Դանիելյանը: Մեր փորձերը՝ գտնել 2010թ. կայացված ԴՆԽ այդ ակտը, մատնվեց անհաջողության:
Դատական համակարգի պաշտոնական կայքէջում, որտեղ զետեղված են ԴՆԽ բոլոր ակտերն անխտիր, մեր կողմից փնտրվող ակտն այդպես էլ չհայտնաբերվեց: Փորձեցինք դիմել Խորհրդի քարտուղար Նորա Կարապետյանին, ով պատասխանատու է ԴՆԽ այդ ակտի կայացման համար, հասկանալու, ի վերջո, նման ակտ կայացվե՞լ է, թե՞ ոչ, սակայն ստացված պատասխանը եւս անհասկանալի էր: Նա խորհուրդ տվեց դիմել իրենց պաշտոնական կայքէջի պատասխանատուին, ասելով, որ դրա պատասխանատուն ինքն է: Դիմեցինք նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի նորանշանակ պատասխանատու, միաժամանակ՝ կայքէջի պատասխանատու Ամալյա Հարությունյանին: Վերջինս խոստացավ «ստուգել» կայքէջը, սակայն մինչ օրվա վերջ այդպես էլ պատասխան չստացանք:
Ուստի միանգամայն արդարացված էր մեր այն եզրահանգումը, որ Խորհրդի նախագահը նման ակտ երբեւէ չի կայացրել, փաստորեն, որակավորման հանձնաժողովի վճռաբեկ դատարանի դատավոր անդամ չի էլ նշանակել:
Վերադառնալով սկզբում հնչեցրած մտքին՝ փորձենք հասկանալ, թե ի վերջո մանրուք թվացող այս վրիպումը ինչպիսի՞ միտում է ունեցել: Չէ՞ որ ձեւավորված որակավորման հանձնաժողովն անցյալ տարի արդեն իսկ կազմակերպել է փաստաբանների որակավորման քննությունները եւ ամփոփել դրանց արդյունքները, եւ 100-ից ավելի փաստաբաններ ստացել են փաստաբանի լիցենզիաներ: Ամենեւին էլ չենք ցանկանում սրել փաստաբանների եւ վճռաբեկ դատարանի առանց այդ էլ լարված հարաբերությունները, բայց մի՞թե հնարավոր չէ, որ դատարանը սրանով նպատակ է հետապնդել փաստաբանների լիցենզավորումը վիճարկելու հիմքեր ստեղծել: Չէ՞ որ եթե փաստաբանի լիցենզավորման գործընթացում վճռորոշ ձայն է ունեցել վճռաբեկ դատարանի դատավոր անդամը, որը, փաստորեն, նշանակված չի եղել, բայց ներկայացվել է, ապա պարզից էլ պարզ է, որ այդ լիցենզիան ենթակա է վիճարկման: Բացառված չէ, իհարկե, որ դատարանը կփորձի վրիպումը բարդել ԴՆԽ երիտասարդ քարտուղարի անփորձության կամ ոչ բավարար գիտելիքների վրա, այնուամենայնիվ, հուսանք, որ գոնե մեկ անգամ մեր պատկան մարմինները կընդունեն իրենց սխալը եւ կփորձեն շտկել այն, քանի որ 2011թ. որակավորման քննությունները տեղի կունենան արդեն օգոստոսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել