«Առավոտի» «Սպանության գործը դատարանում» (17.03.2009թ.) եւ «Փորձագետին կանչելու են դատարան» (22.08.2009) հրապարակումներում ներկայացրել ենք 40-ամյա Վաղարշակ Ոսկանյանի սպանությունը: Գործը դեռ շարունակվում է:
2008թ. ապրիլի 6-ին տուրիստական գործակալության վարորդ Վաղարշակ Ոսկանյանը տնից դուրս է գալիս ինչ-որ մեկի անձնագիրը ստանալու նպատակով: Նա ազգականի հետ էր:
Նորքի 5-րդ փողոցում նրանք հանդիպում են հարբած երիտասարդների, որոնցից մեկը, ինչպես տեղեկացրել ենք, առանց պատճառի՝ գարեջրի շիշը նետում է Ոսկանյանի մեքենայի ուղղությամբ: Երբ Ոսկանյանը, որին չէին ճանաչում հարբածները, ազգականի հետ դուրս է գալիս մեքենայից՝ պատճառը իմանալու համար, սկսվում է ծեծկռտուք:
Հարբածները ոտքի տակ են գցում «հանդուգն» վարորդին, հարվածում գլխին, դեմքին: Վաղարշակը սպանվում է գանգուղեղային վնասվածքից:
Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն, այդ ժամանակ դեպքի վայրից փախուստի էին դիմել ՆԳ ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի փեսան՝ Նորքի հեղինակություններից Ռաֆիկ Բարսեղյանը՝ «Ռաֆուլիկը», Արազ Բալագյոզյանը՝ «Արազիկը», «Գոջոն», ԱԺ հանգուցյալ պատգամավոր Արմենակ Արմենակյանի որդին՝ Վարազդատը… Բայց ինչ. նրանք թուրքի նման սպանել էին Վաղարշակին, որի ընտանիքը, 2 երեխաները մնացել են առանց աշխատող ձեռքի ու կերակրողի:
Ի վերջո, փախչողները հայտնաբերվում են, եւ, ինչպես տեղեկացրել ենք, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսվում է նրանց քրեական գործը:
2009թ. դեկտեմբերի 12-ի դատավճռով Արազ Բալագյոզյանը դատապարտվում է 10,5 տարվա ազատազրկման, Սարգիս Պետիկյանը՝ 9,5 տարվա ազատազրկման: Դատարանը որոշում է նաեւ հօգուտ տուժողի ընտանիքի Սարգիս Պետիկյանից բռնագանձել 3 մլն 700 հազար ՀՀ դրամ, նույնքան էլ՝ Արազ Բալագյոզյանից: ԴԱՀԿ Երեւան քաղաքի դատախազության հայցերով եւ քրեական գործերով բռնագանձումների բաժնի կողմից այս տարվա մայիսի 27-ին հարուցվել է կատարողական վարույթ: Սակայն այն մինչ օրս չի հատուցվել, իսկ Վ. Ոսկանյանի՝ 1-ին կուրսի ուսանող դուստրը գումար չլինելու պատճառով հավանաբար թողնի բուհը: Ընտանիքը կարողացել է միայն խաչքար տեղադրել Վաղարշակի շիրիմին: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058 հոդվածի 1-ին մասի. «Քաղաքացու անձին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասը համատեղ պատճառած անձինք տուժողի առջեւ կրում են համապարտ պատասխանատվություն» եւ նույն օրենքի 1081 հոդվածի 1-ի կետի համաձայն. «Տուժողի (կերակրողի) մահվան դեպքում վնասի հատուցման իրավունք ունեն մահացածի խնամքի տակ գտնվող կամ նրա մահվան օրը նրանից խնամք ստանալու իրավունք ունեցող անաշխատունակ անձինք: Վնասը հատուցվում է… անչափահասներին մինչեւ 18 տարեկան դառնալը»: Վ. Ոսկանյանի կինը՝ Մարինե Ոսկանյանը տեղեկանք էր ներկայացրել դատարան ամուսնու՝ «Բուս Վոյաժ» ՍՊԸ-ից, որի համաձայն (Վաղարշակի աշխատավարձը 40 000 դրամ էր)՝ յուրաքանչյուր երեխայի, կերակրողի մահվան դեպքում, վնասի հատուցման չափը ամեն ամիս կազմել է 10 000 դրամ: Հիմա դա էլ չեն ուզում տալ մարդասպանները, որոնց գույքի վրա հայցագնի չափով Մ. Ոսկանյանը պահանջել է արգելանք դնել: Իսկ ԴԱՀԿ-ն էլ, ասես մեղավորը Ոսկանյանները լինեն, չի կատարում դատական ակտի պահանջները: