«ԳԱԼԱ»-ն ստիպված է նոր հեռուստաաշտարակ վարձակալել
Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել էր «ԳԱԼԱ» հեռուստաընկերության վճռաբեկ բողոքը՝ կապված հին հեռուստաաշտարակը շահագործելու հետ, եւ անփոփոխ էր թողել վերաքննիչ դատարանի 26.04.2011թ. որոշումը: Այսինքն՝ Գյումրիի անկախ լրատվական ալիքը մոտ 3,5 տարի Գյումրիի քաղաքապետարանի հետ պատերազմելուց ու դատական քաշքշուկների մեջ հայտնվելուց հետո, վերջնականապես ստիպված է իր հեռուստասարքավորումներից ազատել հեռուստաաշտարակը, որն էլ լրացուցիչ խնդիրների առաջ է կանգնեցրել ԶԼՄ-ին: «Առավոտը» «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե այսուհետեւ ինչպե՞ս են եթեր հեռարձակվելու: «Մենք բանակցություններ ենք վարում կենտրոնական հեռուստաաշտարակի պատասխանատուների հետ, եւ եթե 3,5 տարի առաջ մեզ մերժում էին՝ պատճառաբանելով, որ մեր սարքավորումներն իրենց հեռուստաաշտարակը չի կարող կրել իր վրա, հիմա մեզ ասել են, որ 144 նիշի վրա կարող եք տեղադրել ձեր հեռուստասարքավորումները: Մեզ նախնական տեղ են հատկացրել սարքավորումները տեղադրելու համար, մեզանից խնդրել են 200 հազար դրամ վարձակալության համար, ես որոշակի կասկածներ ունեմ, որ մյուս հեռուստաընկերությունները այդքան չեն վճարում, այլ վճարում են 2 անգամ ցածր գին, դրա համար հերթական նամակը ուղղել եմ, որպեսզի պարզաբանումներ տան, թե Գյումրիի մյուս հեռուստաընկերությունները ինչքան են վճարում, որպեսզի այդ վճարը լինի համաչափ, համեմատելի լինի մյուսների հետ: Եթե համոզվեմ, որ մյուսներն էլ են այդքան վճարում, ուրեմն պատրաստ ենք վճարել եւ տեղադրել մեր սարքավորումները մյուս հեռուստաաշտարակի վրա, դրա համար անհրաժեշտ են նոր մալուխ, նոր սարքավորումներ, որպեսզի ազդանշանը հասցվի մինչեւ հեռուստաաշտարակ, որը մենք ձեռք կբերենք»: Վ. Խաչատրյանի հաշվարկներով, իրենից մոտ $7000-8000 ծախս կպահանջվի նոր հեռուստաաշտարակ տեղափոխվելու համար: Նրա տեղեկացմամբ, կենտրոնական հեռուստաաշտարակը տնօրինում է ոչ թե քաղաքային իշխանությունը, այլ կապի եւ տրանսպորտի նախարարությանը կից «Ռադիո եւ հեռուստատեսային ցանց» ՓԲԸ-ն: «ԳԱԼԱ»-ի սեփականատերը վստահեցրեց, որ իր հեռուստաընկերությունը եթեր կհեռարձակվի այնքան ժամանակ, քանի դեռ պահանջարկը կա: