Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱՐԱՐԻ ԳԼԽԻՆ «ՍԱՐՔԵԼ» ԵՆ

Հուլիս 19,2011 00:00

\"\"Հարկայինի տեսուչներ Գարիկը (Սամվել Զաքարյան), Հրաչիկը, Նելսոնն ու Կարենը, չկռահելով, որ նկարահանվում են, «բյուջեն լցնելու» պատճառաբանությամբ՝ 300 հազար դրամի տուգանք են «նկարել»:

Արդեն քանի տարի է՝ միջազգային կառույցներն ու ՀՀ պետբյուջեն միլիոնավոր գումարներ են հատկացնում մեր երկրի հարկային եւ մաքսային ոլորտներում վարչարարության բարեփոխման համար: Սակայն տարեցտարի հարկերի հավաքագրումը մեր երկրում գնալով ավելի ու ավելի «սադիստական» է դառնում: Համակարգը բարեփոխվելու փոխարեն էլ հարկահավաքների «տեռորի» մեթոդներն են կատարելագործվում: Վերջին տարիներին, երբ Պետեկամուտների կոմիտեն կոռուպցիոն ռիսկերը կրճատելու, հարկահավաք-գործարար շփումը նվազագույնի հասցնելու նպատակով ներդրեց հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակը, «Առավոտի» խմբագրությունը գործարարներից պարբերաբար բողոքներ էր ստանում՝ այն մասին, որ հարկայինի աշխատակիցները, միեւնույն է, այնպիսի պայմաններ են ստեղծում, որ նրանց հետ անձամբ շփվես եւ ինչ-ինչ պատճառներով «գործարքի» գնաս: Բայց քանի որ այդ գործարարները հարկայինից կախված էին լինում ու ստիպված չէին ցանկանում իրենց անունները հրապարակել, Պետեկամուտների կոմիտեից, այս առնչությամբ, արդարանում էին, որ, որպես կանոն, բողոքավորները խուսափում են իրենց անունով հանդես գալ եւ իրենք ոչ մի փաստ չեն ունենում տվյալ տեսուչին պատժելու:
«Դոկս ֆարմ» ՍՊԸ տնօրեն Հրանտ Պապիկյանը մեկն է այն գործարարներից, որը մոտ 12 տարի դեղատնային բիզնես է ծավալում՝ բարեխղճորեն վճարելով բոլոր հարկերը, սակայն այսօր ստիպված է տարիների տանջանքով ոտքի կանգնեցրած բիզնեսը փակել, քանի որ, ինչպես ինքն է ասում, «զզվել» է հարկայինի «տեռորից»: Գործարարի համբերության բաժակը վերջնականապես լցվել է, երբ այս տարվա հունիսի 24-ին, ժամը 19.25-ի սահմաններում Թումանյան 27/7 հասցեում գործող «Դոկս ֆարմ» դեղատուն են մտել Կենտրոնի հարկային տեսչության 3 տեսուչ եւ հայտարարել, որ քիչ առաջ մի քաղաքացի դեղատնից 1350 դրամի առեւտուր է կատարել եւ նրան ՀԴՄ կտրոն չի տրամադրվել, ինչի համար իրենք պետք է տուգանեն 300 հազար դրամ: Հ. Պապիկյանի խոսքերով, դեղագործ-վաճառողը առարկել է՝ պահանջելով, որ տվյալ քաղաքացին ներկայանա ու վերադարձնի դեղորայքը՝ ապացուցելով, որ նման բան է եղել: Տեսուչը, որը ներկայացել է Գարիկ անունով, ասել է, որ երբ պետք լինի, այն ժամանակ էլ կներկայացնեն այդ մարդուն եւ պահանջել, որ աշխատողը ստորագրի ակտը: Քանի որ վաճառողը հրաժարվել է, Գարիկը պահանջել է տնօրենի հեռախոսահամարը: «Լսելով, որ խախտում է կատարվել՝ ես ասացի, որ վաղուց հայտարարել եմ, որ ով կտրոն չտպի, նա էլ վճարելու է տուգանքը: Գարիկը սկսեց ինձ համոզել, որ աշխատողին չպատժեմ: Դա ինձ տարօրինակ թվաց, եւ պահանջեցի, որ հեռախոսը փոխանցի վաճառողին, որը համառոտ պատմեց իրական եղածը: Ես վրդովվեցի եւ այդ տեսուչին ասացի, որ հեռանան դեղատնից: Գարիկը սկսեց ինձ հետ մտերմիկ տոնով մի զրույց. հայտնեց, որ ինքը մեղք չունի, իրենց հրամայել են բյուջե լցնել, բայց ինքը ինձ շատ հարգում է եւ գիտի, որ հայրենիքի համար կռված, վիրավորված տղա եմ, բազմաթիվ պարգեւներ ու մեդալներ ունեմ, լավ կլինի, որ իրենք իրենց «գործը» անեն, իսկ իմ նման տղայի համար դժվար չի լինի այդ գործը իմ կապերի միջոցով «ջրել»: Ես խիստ բարկացած ասացի, որ ինքը իր դերն ու նշանակությունը այս երկրում ընդհանրապես սխալ գիտակցելուց բացի, ինձ էլ է շատ էժան գնահատում՝ կարծելով, թե այդ մեդալներն ու անցյալը ինձ համար այս կամ այն վճարից խուսափելու միջոցներ են, առաջարկեցի իրենց գործը ազնիվ կատարեն, այլապես իր նշած արժանիքներս կօգտագործեմ իրենց դատի տալու համար: «Դե դու քոնն արա, մենք էլ մերը կանենք»,- ասաց Գարիկը»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Հ. Պապիկյանը: Գործարարի ներկայացմամբ, տեխնիկայի նորագույն լինելու պատճառով տեսուչներն անգամ չեն կարողացել հանել ՀԴՄ-ի Z հաշվետվությունը, որ թեկուզ դրանով ապացուցեն, որ իրենց նշած 1350 դրամ առեւտուրը չի տպվել: Հուլիսի 1-ին Հ. Պապիկյանը փոստով ստացել է հարկայինի ակտը եւ նրանում հայտնաբերել տեսուչների կողմից կատարած նոր, աղաղակող խախտումներ: Պարզել է, որ ստուգումը կատարողների մեջ ոչ մի Գարիկ էլ նշված չէ եւ որ ստուգումը կատարել են տեսուչներ Նելսոն Կարապետյանը, Հրաչիկ Մկրտչյանը եւ Կարեն Ախնազարյանը. «Զարմանքս ավելի մեծ եղավ, երբ պարզեցի, որ Գարիկի իրական անունը Սամվել Զաքարյան է: Ակտում նշված էր նաեւ, որ իբր առեւտուրը կատարել է հենց տեսուչ Կարեն Ախնազարյանը, այլ ոչ թե ինչ-որ քաղաքացի: Բացի այդ, ակտում նշված դեղը, որը գնել էր Կարենը, դեռ հայտնագործված չէ: Այո, այո, մենք փնտրեցինք այդ «Նուլիարիլ ֆորտ» պրեպարատը տարբեր տեղեկագրքերում, բայց այդպես էլ նման դեղ չգտանք: Նրանք անգամ դեղի ճիշտ անվանումը չգիտեին»,- ասաց Հ. Պապիկյանը: Նրա խոսքերով, հենց այդ պահին էլ տեսուչ Կարենը ներկայացել է եւ հայտնել, որ բերել է դեղատունը 5 օրով փակելու որոշումը, որը բողոքարկելու համար գործարարն ունեցել է ընդամենը 1 աշխատանքային օր:
Ի զարմանս Հ. Պապիկյանի, ակտում նշված է եղել նաեւ, որ ՀԴՄ-ից դուրս բերված Z հաշվետվության մեջ ներառված չէր կատարված վճարման արժեքը: «Այսինքն՝ պետք է հասկանալ, որ այդ թուղթը մենք մի օր կտեսնե՞նք, չէ՞: Կարծում եմ կասեն, որ եղել է, բայց կորցրել են, կամ նման մի պոզով-պոչով սուտ»,-համոզված է Հ. Պապիկյանը. «Այս ամենը հերիք չէր, վերջում էլ աչքիս ընկավ տեսչության պետի ստորագրությունը՝ հարկային ծառայության գնդապետ Արտակ Ղուկասյան: Դե մեր ազգում միայն զինվորի ու բանվորի պակաս կա, թե չէ գնդապետներ ու գեներալներ՝ ինչքան ուզես: Չէ մի չէ՝ հարկային ծառայության ազգի հերոս: Մտովի պատկերացրի հարկային գնդապետին՝ իր գունդը հանուն բյուջեի սվինամարտի ուղարկելիս: Ես պատիվ ունեցել եմ ճանաչել գնդապետների եւ վստահեցնում եմ, որ նրանցից շատերը հպարտ ասում էին՝ ես ընդամենը ազգիս զինվորն եմ»:
Չնայած դեղատան տեսախցիկը տեսաձայնագրել է հարկայինի տեսուչի՝ դեղատան տնօրենի հետ «բանակցությունները», եւ գործարարը պատրաստվում է այդ «տեսանյութը» տրամադրել իրավապահ մարմիններին, այդուհանդերձ, «Առավոտը» պատրաստ է լսել նաեւ Պետեկամուտների կոմիտեի պարզաբանումը: Ի դեպ, այդ տեսանյութում ֆիքսված է նաեւ այն, որ ոչ մի քաղաքացի էլ առանց կտրոնի առեւտուր չի կատարել՝ հետեւաբար տեսուչների արածը պարզապես «բյուջեն լցնելու» պատրվակով գործարարի գլխին տուգանք «սարքելու» հարկայինի «ավանդական» եղանակներից է:

Հ. Գ. Ամիսներ առաջ, երբ բուռն քննարկումներ էին գնում մեր երկրի հարկայինի՝ ոչ բարենպաստ պայմանների պատճառով մի շարք գործարարների՝ իրենց բիզնեսը Վրաստան տեղափոխելու մասին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հորդորեց անպայման անդրադառնալ բոլոր այն կոնկրետ դեպքերին, որոնք վերաբերում են ՀՀ-ում բիզնեսի փակմանը՝ խոստանալով վերլուծել եւ պարզել պատճառները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել