Լոռվա մարզի բնակիչների մեծ մասը նախընտրում է ծուխ շնչել, քան սովից մեռնել
Բնակիչների համար ամեն օր գործարանից դուրս եկող
ծուխը տեսնելը սովորական է դարձել՝ լուսաբացը եւ մայրամուտը
դիմավորելու պես մի բան:
Թեղուտ ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Պապոյանը Թեղուտի հանքավայրի շահագործման մեջ լուրջ վտանգ չի տեսնում. «Ցանկացած գործունեություն, անգամ երբ խորոված ենք անում, իր վնասն ունի:
Այնպես որ՝ մեր արտադրության կազմակերպումն էլ իր վնասը կունենա շրջապատի վրա, բայց այն կլինի
թույլատրելի սահմաններում»:
«Վալլեքսի» կողմից պարգեւատրված թեղուտցիները
դեմ չեն հանքավայրի շահագործմանը:
Երկու տարի անց կավարտվի Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցումը: «Վալլեքս» ընկերությունների խումբն արդեն կատարել է մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի սեփական ներդրում: «Թեղուտի աշխատելուց հետո Հայաստանն առաջին անգամ իր անկախության օրոք ժամանակակից պղնձաձուլարան հիմնելու հնարավորություն կունենա: Շահութաբեր աշխատելու համար պղնձաձուլարանի արտադրանքը պետք է լինի տարեկան 60-80 հազար տոննայից ավելի»,- այս մասին կիրակի օրը Հանքագործի եւ մետալուրգի մասնագիտական տոնի, Ալավերդի քաղաքի օրվա եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի 241-րդ տարեդարձի առիթով կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը: Ընկերության փոխնախագահ Գագիկ Արզումանյանը, «Առավոտի» հարցմանն ի պատասխան, հայտնեց, որ մինչեւ այժմ Թեղուտում հատվել է մոտ 65 հա անտառ, շահագործման ծրագրով նախատեսված է վերացնել եւս 357 հա տարածքի ծառերը: Գ. Արզումանյանը վստահեցրեց, որ ոչնչացված 65 հա անտառի փոխարեն իրենք կրկնակի ծավալով անտառապատում են իրականացրել եւ շարունակելու են իրականացնել: Նրա տվյալներով, այժմ Թեղուտում 650 աշխատող է ներգրավված: Շինարարության ընթացքում ենթադրում են, որ աշխատատեղերի քանակը կհասնի 1600-1700-ի, իսկ արդեն շահագործման ընթացքում 1200 մարդ ապահովված կլինի աշխատանքով: Աշխատողների հիմնական մասը, ընկերության փոխնախագահի հավաստիացմամբ, կլինեն տեղացիներ:
Սեպտեմբերին կշահագործվի Ալավերդու պղնձաձուլական գործարանի նոր ծխատարը: Պարոն Արզումանյանի վստահեցմամբ, բնապահպանության նախարարությունը հաստատել եւ տվել է իր թույլտվությունը: Թե որքանով նոր ծխատարը կնվազեցնի ազգաբնակչության վրա գործարանի ազդեցությունը, ընկերության փոխնախագահը ալավերդցիներին հավաստիացնում է՝ բացասական ազդեցությունը տասնյակ եւ ավելի անգամ կնվազեցվի. «Այլապես ինչո՞ւ պետք է մեկ միլիոն դոլար գումար ծախսեինք միայն նրա համար, որ մի տարվա ընթացքում ձեզ խաբեինք, ասեինք՝ տեսեք՝ ինչ լավ գո՞րծ ենք անում»: Գ. Արզումանյանին հարցրինք նաեւ, թե ինչով կբացատրի Թեղուտի «մասով» մի շարք կազմակերպությունների ու անհատների ընդվզումը, բողոքի ակցիաների կազմակերպումը: Նա այսպես պատասխանեց. «Բավականին երկար ժամանակ լուրջ խոշոր ներդրումային ծրագրեր չեն իրականացվել, եւ քանի որ Թեղուտն այդ առումով եղավ առաջինը Հայաստանի անկախացումից հետո, ակնհայտ է, որ որոշակի շահերի բախում պետք է լիներ: Իհարկե, Թեղուտի պարագայում լուրջ բնապահպանական ազդեցություն կա: Որքան էլ փորձում ենք ներկայացնել, որ ձեռնարկում ենք ամեն հնարավորը՝ մեղմելու այդ բացասական ազդեցությունը, կան կազմակերպություններ, որոնք շարունակում են ինչ-ինչ նպատակներով նման տեսակետներ արտահայտել: Վստահեցնում եմ, որ ձեռնարկելու ենք հնարավոր միջոցները բնապահպանական նվազագույն ազդեցություն ունենալու համար եւ մի քանի տարի հետո սեղանին դնելու ենք փաստեր»:
Ալավերդիում այսօր պաշտոնական տվյալներով 17 հազար մարդ է ապրում:
Մամուլում հաճախ է անդրադարձ լինում այն մասին, որ գործարանի արտանետած թունավոր նյութերի պատճառով Ալավերդիում մեծանում է շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց, հղիության ընթացքում բարդությունների եւ անոմալ ծնունդների թիվը: Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մուսինյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Ալավերդիում տարեկան ընդամենը 2-3 անոմալ ծնունդ է լինում, եւ հերքեց, թե նման երեւույթները միանշանակ կարելի է կապել գործարանի հետ. «Ըստ ստանդարտ գործող գործակիցների, մեզ մոտ տոկոսը նորմաների սահմաններում է, իսկ շնչառական, սրտանոթային համակարգին վնաս է նաեւ մեքենաների արտանետած գազը»:
Քաղաքապետ Արթուր Նալբանդյանից հետաքրքրվեցինք՝ Ալավերդիում ծնելիությո՞ւնն է բարձր, թե՞ մահացությունը: Նա կոնկրետ թվեր դժվարացավ ասել, միայն նշեց, որ մինչեւ տնտեսական ճգնաժամը՝ ծնելիությունը գերազանցում էր, իսկ 2008-2010-ի շրջանում մահացության դեպքերն ավելացել են:
Այս տարածաշրջանի պատգամավոր Կարեն Սարիբեկյանը եւս Ալավերդու ապագան հանքարդյունաբերության հետ է կապում ու զարմանում է, երբ մարդիկ էկոլոգիական հարցերից ելնելով՝ երբեմն դժգոհում են: «Ալավերդիում, ինչպես այլ քաղաքներում, հիմնական խնդիր է մնում աշխատատեղերի հարցը, բայց գործարանի միջոցով այս քաղաքը գոնե փոքր-ինչ շնչում է: Ես լավատես եմ, պետք չէ հետին մտքերով ասել՝ սա վնաս է եւ այլն: Բերեք համախմբվենք, պրոստո մեր վատը նա ա, որ ինչ-որ մեկը մի լավ բան անում ա, պարտադիր պիտի էդ լավ բանին քարկոծենք, անուններ դնենք»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Զրուցեցինք նաեւ ալավերդցիների ու թեղուտցիների հետ: Խանութներում վաճառողներն ասում էին, թե չնայած գործարանն աշխատում է, բայց մարդիկ հասցնում են միայն առաջին անհրաժեշտության ապրանք գնել, չաշխատողներին էլ ստիպված պարտքով են տալիս ու տարիներով չեն կարողանում գումարը ստանալ: Այստեղ էլ ընտանիքների մեծ մասի հույսը դրսում ապրող բարեկամների ուղարկած գումարն է: «Մթոմ Ալավերդին քաղաք ա, բայց գյուղ ա, իսկ գյուղացին, որ ուզում ա սար գնա, ձիու նալան մեխ չունի: Սար չենք կարում գնանք, խոտը չենք կարում հնձենք: Ջահելները գնացել են, էլ ո՞վ պիտի աշխատի: 5 հարկանի շենքին նայում ես՝ 3 լույս ա վառվում, մնացածներն արտագաղթել են: Եթե մի լույս էլ վառվում ա, ձեւական ա, մեծահարուստները լույսը վառած պահում են, մթոմ՝ ստեղ էլ ա մարդ ապրում»,- ասում էր ալավերդցի Աշոտ Ամոջեցին: Մեզ հանդիպած ալավերդցիները Լոռվա Ձորի համար բարձրացված աղմուկը, Կառավարության շենքի դիմաց արվող ցույցերը հիմնականում անիմաստ էին համարում: Ալավերդցի Սամվել Ասատրյանը գոհ է իր աշխատանքից. «Առողջությանը վնաս է, թե չէ՝ չգիտենք, բայց որ սոված ենք մնում՝ ավելի վնաս է: Ավելի լավ է՝ մի քիչ գազ լինի, բայց աշխատանք ունենանք»:
Ավետիք Ղազարյանը 6 տարի է՝ աշխատում է Թեղուտի ընկերությունում. «Էրեխեն թե հիվանդ ծնվի, սովիցն ա հիվանդ ծնվելու: Իսկ ո՞վ ա Թեղուտի մասին մտածում, Էրեւանից էկածնե՞րը, թող գան, ասեն՝ ծառը մի՛ կտրեք, 50 աշխատատեղ եմ բացում: 83 արտագնա ընտանիքներից 81-ը վերադարձել է: Էլ ինչի՞ մասին է խոսքը: Բողոքում են պարապները: Փորը կուշտը խի՞ պիտի բողոքի»:
Եթե բնակիչներն ու պատկան մարմինները լուրջ վտանգներ այստեղ չեն տեսնում, բնապահպանները շարունակում են ահազանգել: «Էկոլուր» կազմակերպության ղեկավար Ինգա Զառաֆյանի կարծիքով, Թեղուտը տասը տարի անց վերածվելու է մեռյալ գոտու: «Թեղուտի պրոյեկտում վնասները գնահատված չեն, քանի որ Հայաստանում չկա նորմալ աշխատող մասի գնահատման համակարգ: Վնասը առաջին հերթին հասնում է ջրային աղբյուրներին, հողին, իսկ անտառն այն համակարգն է, որը պահում է ե՛ւ ջուրը, ե՛ւ հողը, դրան ավելանում է պոչամբարը, որն ամենամեծն է լինելու, որի ռիսկերն ընդհանրապես հաշվարկված չեն: Պոչամբարի համար վերցնում են մի հոյակապ ձոր՝ Խառատաձորը, եւ փոխանակ ունենանք Խառատաձորի հոյակապ էկոհամակարգ, կստանանք թունավոր պոչամբար, կստանանք հողի, ջրի կորուստ: Քանի որ անտառն էլ է հատվում, կունենանք սողանքի վտանգ: Բոլոր վտանգավոր օբյեկտները՝ պոչամբարը, ֆաբրիկան, թափոնները, բաց եղանակով շահագործված հանքը կլինեն փոքր տարածքի վրա: Այդ ընկերությունը 10 տարուց հետո կգնա, բա հետո ի՞նչ պիտի մնա էնտեղ»,- հարցնում է նա: