Հանրային խորհրդի նիստերի փոքր սրահում կոալիցիան եւ Կոնգրեսը երեկ նստեցին դեմ առ դեմ, եւ մեկ ժամվա ընթացքում ՀԱԿ-ը պարզեց,
որ կոալիցիան լայն լիազորություններ ունի:
ՀԱԿ ներկայացուցիչները կանխավ հայտարարեցին, թե եկել են ոչ թե խոսելու, այլ լսելու: Կոալիցիայի անդամները ավելի լավատես էին եւ հայտարարեցին, թե ակնկալում են առողջ խոսակցություն: Նշված ժամին պատվիրակները մտան երկխոսելու համար նախատեսված սենյակ, եւ մեր բոլոր կասկածները ի դերեւ ելան, քանի որ մեր աչքով տեսանք, որ սեղանը, որի շուրջ նստեցին երկխոսելու, ոչ թե քառակուսի էր (ինչպես գրազ էր եկել ընկերներիցս մեկը), այլ կլոր:
Հանդիպման ընթացքում կոալիցիայի անդամները մոտ մեկ ժամ երկխոսելուց հետո դուրս եկան սուրճի բաժակներով (ի դեպ, սուրճը ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների համար եփեցին Հանրային խորհրդում) եւ գնացին մեկ այլ սենյակ: Ակնհայտորեն՝ խորհրդակցելու: Ավելի ուշ պարզ դարձավ, թե ինչի շուրջ էին խորհրդակցում: Այս ընդմիջումը ավելի ուշ մեզ իրավունք տվեց ենթադրություն անել, որ կոալիցիայի աշխատանքային խմբի լայն լիազորությունների մասին ամբողջ խմբից գիտեր միայն մեկ մարդ (հասկանալի է, թե ով), որն էլ իր գործընկերներին ինչ-որ պահից հարկ համարեց այդ մասին տեղեկացնել:
Ընդմիջման ընթացքում հնչեց Դավիթ Հարությունյանի առանցքային հայտարարությունը. «Մենք ներկայացնում ենք կոալիցիան, ինչը նշանակում է՝ գործադիր իշխանությունը, որը ձեւավորվել է կոալիցիայի կողմից, մենք ներկայացնում ենք խորհրդարանական մեծամասնությունը, մենք ներկայացնում ենք նաեւ հանրապետության նախագահին՝ որպես կոալիցիայի ղեկավարի»: Դավիթ Հարությունյանը ասաց, որ իրենց համար առաջին եւ կարեւոր հարցը «քաղաքական մրցակցության ընդունելի կանոնների ընդունումն է, որը հնարավորություն կընձեռի մեզ, մեր հասարակությանը ավելի քաղաքակիրթ դաշտում գործելու եւ այդ առումով՝ բարձրացնելու»: Դրանից հետո հանդիպումը շարունակվեց եւս մոտ մեկ ժամ:
Լեւոն Զուրաբյանը (ՀԱԿ) հանդիպումից հետո ասաց. «Մենք բանակցության սեղանին եղած բոլոր լուծումները կքննարկենք, մեր տեսակետն անփոփոխ է, խնդիրը կարող է կարգավորվել միայն նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններով: Ինչ վերաբերում է երկխոսության զարգացմանը, եթե դա կարելի է երկխոսություն համարել, որովհետեւ երբ մենք եկել էինք այս հանդիպմանը, համարում էինք, որ սա այն ձեւաչափը չէ, որով կարելի է ծավալել արդյունավետ երկխոսություն, սակայն նրանց պատվիրակության կողմից եղան հայտարարություններ, որոնք մեզ համար բացահայտեցին նոր հանգամանքներ, որ իրականում իրենք ունեն շատ ավելի լայն լիազորություններ, եւ մենք սպասում ենք այդ լիազորությունների մասին նրանց հստակ հայտարարություններին, որովհետեւ մենք չենք կարող առաջնորդվել մեր որոշումների մեջ այդ հանդիպման ընթացքում նրանց կատարած հայտարարություններով, մինչեւ այդ հայտարարությունները չդառնան հանրության սեփականությունը: Ուստի մենք կսպասենք, երբ այդ հայտարարությունները կարվեն, եւ դրանից հետո մենք կբացահայտենք մեր դիրքորոշումը»:
Վահագն Խաչատրյանից (ՀԱԿ) «Առավոտը» հետաքրքրվեց՝ փաստորեն, բացի արտահերթի թեմայից, ՀԱԿ-ը պատրաստ է իշխանության հետ խոսել եւ քննարկել ցանկացած ա՞յլ հարց: Ի պատասխան՝ պարոն Խաչատրյանն ասաց. «Իհարկե, բացի արտահերթից, արտահերթի հետ կապված այնքան հարցեր կան, ի վերջո այդ արտահերթ ընտրությունները պետք է անցնեն, այդ թվում՝ թափանցիկ: Մենք կարեւոր հարց ենք բարձրացրել, որ կա իշխանության լեգիտիմության հարցը, սա է մեզ համար կարեւորը»:
Դավիթ Շահնազարյանին (ՀԱԿ) «Առավոտը» հարցրեց՝ սա հենց այն էր, ինչին սպասո՞ւմ էր ՀԱԿ-ը: Ի պատասխան՝ պարոն Շահնազարյանն ասաց. «Չէ, մենք եկել էինք հանդիպելու կոալիցիայի կուսակցությունների ներկայացուցիչների հետ, սակայն հենց սկզբից պարզվեց, որ նրանց լիազորություններն ավելի շատ են, ինչի մասին պարոն Հարությունյանն ասաց»: Կոալիցիայի ներկայացուցիչները նշում էին, որ այս երկխոսությունը քաղաքականության մեջ նոր մշակույթի սկիզբ է, ինչին Դավիթ Շահնազարյանը այնքան էլ համաձայն չէր. «Ես հիշեցնեմ, որ իշխանությունների հետ երկխոսության եւ բանակցության մշակույթը Հայաստանում ձեւավորվել է 88-90 թվականներին»: