Անցած տարվա հուլիսի 20-ին «Ծաղկի տոնը առանց ծաղիկների» հրապարակմամբ անդրադառնալով Վանաձորում ավանդաբար կազմակերպվող ծաղկի տոնին՝ ցավալի իրողություն էինք արձանագրել. Վանաձորում պակասել են ոչ միայն ծառ ու ծաղիկը, այլ նաեւ բնության նկատմամբ հոգատարությունը: Այս տարի վիճակը քիչ այլ է:
Հուլիսի 17-ին նշված Ծաղկի տոնը ծաղկի սրահների համար հետաքրքրություն չէր առաջացրել, չնայած նախապես հրավիրվել էին: Մասնակցում էին ծաղկաբույծները, ծաղկասեր բակերը, համատիրությունները, նախակրթարանները, դպրոցներն ու ձեռնարկությունները, առիթից օգտվելով փոխանակվում են սերմերով ու ճյուղերով:
Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի վարիչ Գագիկ Աղաբաբյանը նշում է, որ համայնքն ամեն ինչ անում է, որպեսզի ծաղկազարդ ու գեղեցիկ քաղաք ունենանք, բայց հարկ է, որ քաղաքացիներն իրենց հերթին եղածը պահպանեն եւ ավելացնեն: «Տոնը ուսուցողական բնույթ ունի, եւ նպատակ ունենք նմանատիպ տոների միջոցով արթնացնել սերը դեպի բնությունն ու ծաղիկը, ծառը: Ծաղիկ սիրելը մշակույթ է»,- համոզված է Գագիկ Աղաբաբյանը:
Այս տարի տոնին ելույթ ունեցան Վանաձորի մշակութային օջախների բոլոր գեղարվեստական խմբերը, մանկապարտեզների՝ ծաղկազարդ զգեստներով սաները: Քաղաքապետարանում ուրախությամբ արձանագրեցին, որ իրենց բակում ու այգում ծաղկանոց ունեցող քաղաքացիների ու բակերի թիվն ավելացել է: «Պետք է հաշտ ապրել ու ներդաշնակ լինել բնության հետ, փոքրիկներն էլ յուրօրինակ նուրբ ծաղիկներ են».- տոնին մասնակից վանաձորցիների կարծիքն է: Քաղաքապետարանի կրթության ու մշակույթի բաժնի վարիչը վստահ է, որ առանց գեղարվեստական ելույթների տոնը հետաքրքիր չի լինի. «Բայց էնպես չէ, որ տաշի-տուշի արեցինք-գնացինք: Երեխան, որ դժվարություն կրելով կավիճով ծաղիկ է նկարում, չի թողնի, որ տրորեն, հետագայում նա բնական ծաղկի հանդեպ էլ նույն սրտացավությունը կունենա, ավելի գեղեցիկ քաղաք կունենանք»:
Ամեն տարի տոնը կազմակերպվում էր Վանաձորի Սայաթ-Նովայի անվան այգում: Այս տարի այգին այնքան էլ բարեկարգ չէր, ու տոնը տեղափոխվել էր ծայրամասային թաղամասեր, որպեսզի ավելի շատ վանաձորցի մասնակից դառնա տոնին: Իսկ Սայաթ-Նովայի անվան այգում ազատ արածում էին լուսանկարում պատկերված այծերը: Քաղաքի կենտրոնում էլ ժամանակ առ ժամանակ կարելի է տեսնել արածող կովերի: Սա՝ պարբերաբար, իսկ Ծաղկի տոնը տարին միայն մեկ անգամ է: