Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇԻԼԱՇՓՈԹ

Հուլիս 16,2011 00:00

Երախտամոռության շքահանդես

Սկիզբը՝ հուլիսի 14-ի համարում:

\"\"«Սուրբ Ներսես Մեծ» ԳԲԿ-ն առաջացել է 1982 թ. հիմնադրված Պրոկտոլոգիայի ԳՀԻ-ի հիմքի վրա, որը հետագայում անվանակոչվել էր դրա հիմնադիր Լեմիկ Նազարովի անունով եւ մասնագիտացած էր հետանցքի եւ ուղիղ աղիքի հիվանդությունների բուժման գծով: Գիտական կենտրոնը 2000 թ. սեփականաշնորվեց Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից, 2001 թ. նվիրաբերվեց Մայր աթոռ Սբ. Էջմիածնին, 2002 թ. անվանվեց «Սուրբ Ներսես Մեծ» ԳԲԿ, դուրս թողնելով վաստակաշատ գիտնական եւ բժիշկ՝ վաղամեռիկ Լ. Նազարովի անունը: Կարելի էր մտածել, որ «Սուրբ Ներսես Մեծը» իրեն ամբողջությամբ նվիրելու էր չունեւոր խավին անվճար բուժելու սուրբ գործին, սակայն՝ ավաղ:
Իսկ սրբերի անուններով ծննդատուն կամ հիվանդանոց կոչելը կարող է նաեւ հակառակ ներգործությունն ունենալ մարդկանց հավատքի եւ հոգեբանության վրա: Չէ՞ որ ծննդատունը այն հաստատությունն է, որտեղ լինում են ինչպես ծնունդներ, այնպես էլ, ցավոք, մահեր՝ թե՛ նորածինների, թե՛ մայրերի: Հիվանդանոցներում մարդիկ ոչ միայն ապաքինվում են ու առողջանում, այլեւ հաշմվում կամ մահանում, իսկ երբեմն էլ, որքան էլ ցավալի ու պարսավելի է, դրանք տեղի են ունենում բուժաշխատողների մեղքով, վկա՝ վերջին մեկ տարվա ընթացքում մամուլում մեծ աղմուկ հանած ողբերգական դեպքերը: Այստեղ կարելի է նաեւ մտահոգվել, թե ինչո՞ւ առողջապահության ոլորտի ղեկավարները սրբերի անուններով չեն կոչել մաշկավեներական կամ հոգեբուժական հիվանդանոցները, չէ որ այնտեղ էլ մարդիկ են բուժվում: Հիշում եմ, 1970-ական թվականների մի տոնական օր կուսշրջկոմից եկել ու Սեւանի հոգեբուժարանի երկաթյա բարձր ճաղադարպասի ճակատին կարմիր պաստառ էին փակցրել՝ «Լենինը մեզ հետ է»:
Ահա եւս մի արտառոց դեպք: 2009 թ. ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդի նախաձեռնությամբ Վանաձորի 2 մանկապարտեզներ անվանակոչվել են Սուրբ Սարգսի եւ Մարիամ Աստվածածնի անուններով, իսկ անվանակոչումների շքերթը դեռ շարունակվում է:
Այստեղ կարելի է եւ ընդվզել: Ինչու, ասենք, համերգասրահները եւ երաժշտական կրթօջախները կոչվում են Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի, Սայաթ- Նովայի, Ռոմանոս Մելիքյանի եւ ոչ թե, ասենք, մի վաստակաշատ մանկաբարձ-գինեկոլոգի անունով, որի ջանքերով են լույս աշխարհ եկել այսօրվա երաժիշտներից շատերը: Այժմ մի քանի խոսք անվանազրկված բուժհիմնարկների մասին:
Բացի վերը նշված Լ. Նազարովի անվ. պրոկտոլոգիայի ԳՀԻ-ից, վերջին 20 տարիների ընթացքում հանիրավի անվանազրկվել են էլի շատ բուժհիմնարկներ:
Դրանցից, թերեւս, ամենախայտառակը Սրտաբանության ԳՀԻ-ի օրինակն է, որը 1972-2005 թթ. պատվով կրում էր ՀԽՍՀ ԳԱ եւ ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս Լեւոն Հովհաննիսյանի անունը: Արդեն մի քանի տարի է՝ ինչ ակադեմիկոսի թոռը՝ սրտաբան, բ.գ.թ. Աշոտ Հովհաննիսյանը բազմաթիվ դռներ է թակում պապի անունը այդ բուժհիմնարկի ցուցանակին վերականգնելու համար:
Մյուսը Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ի օրինակն է, որը երկար տարիներ կրել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆ. Արշակ Հակոբյանի անունը, սակայն ներկայումս այդ անունը իսպառ ջնջված է բոլոր ցուցանակների վրայից:
Հաջորդ զոհը Քրիստափոր Պետրոսյանն է: Բուժհիմնարկի պաշտոնական կայքէջում գրված է. «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն իրավահաջորդն է 1946 թ. 200 մահճակալային ֆոնդով հիմնադրված Երեւանի օրթոպեդիայի, վնասվածքաբանության եւ վերականգնողական վիրաբուժության ինստիտուտի, որն էլ 1959 թ. վերակազմավորվեց եւ անվանվեց ինստիտուտի հիմնադիր եւ առաջին տնօրեն պրոֆ. Ք. Պետրոսյանի անվ. Երեւանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ԳՀԻ: 2007 թ-ից անվանվում է «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն»:
Ցավոք, անվանազրկված բժշկական, առողջապահական եւ բժշկական պրոֆիլի գիտական եւ ուսումնական հիմնարկների թիվը կարելի է երկար թվարկել, սակայն կարեւորը ոչ թե քանակն է, այլ արգահատելի երեւույթ հանդիսացող երախտամոռության առկայությունը:
Այս ցավալի պատմությունները չէին լինի, եթե, ասենք, բուժհիմնարկների անվանակոչումների «ստալինյան ջարդը» լիներ պետության կողմից սահմանված նորմ:
Սակայն այդպիսի բան չկա եւ ուրախությամբ պիտի նշեմ, որ շատ բժշկական գործնական, գիտական եւ ուսումնական հաստատություններ շարունակում են պատվով կրել հայ բժշկության երախտավորներ Արտո Ալեքսանյանի, Ալեքսանդր Միքայելյանի, Ռուբեն Յոլյանի, Լեւոն Օրբելու, Բարդուղիմեոս Ֆանարջյանի եւ ուրիշների անունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել