Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը լսեց բնապահպանների ահազանգը՝ որոշումը կայացված է ի նպաստ բնության պահպանության

Հուլիս 16,2011 00:00

«Մենք դեռ այսպիսի հաղթանակ չէինք ունեցել, նման նախադեպ չէր եղել, երբ մեր ձայնն այսպես օպերատիվ լսվեց ու կառավարությունն արձագանքեց հասարակության բարձրացրած խնդրին»,- ասում է Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը: Գիլանի արգելոցի կարգավիճակի հարցը լուծված է. գործադիրի եւ բնապահպանական հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունքում արգելոցի տեղում զվարճանքի «օբյեկտ» չի կառուցվի, կիսավարտ շինությունն էլ հնարավոր է, որ ամբողջանա որպես գիտական կամ զբոսաշրջային կենտրոն: Հաշվի առնելով բնապահպանների մտահոգություններն ու ահազանգերը՝ կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց իր նախկին որոշումները, եւ վերականգնվեց արգելոցային ռեժիմը:  Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ 2007 թ. կառավարությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 118 հեկտար տարածքի կարգավիճակը փոխել էր՝ ստեղծելով «Գիլան» պետական արգելավայրը: Այս որոշման արդյունքում հնարավոր էր դարձել ապամոնտաժել արգելոցի տարածքում գտնվող նախկին Բայբուրդ գյուղի կիսաքանդ տները, բարեկարգել տարածքը, էկոտուրիզմի համար ենթակառուցվածքներ ստեղծել, ինչպես նաեւ ապահովել արգելոցում գտնվող Գիլանլար գյուղի կապն արտաքին աշխարհի հետ: Գիլանի բարեկարգման ու կառուցապատման գործն ստանձնել էր «Հովազաձոր» ընկերությունը. 2008թ. հունվարին հենց նա ստացավ տարածքը 60 տարով վարձակալելու, 10 տարով էլ` գյուղատնտեսական գործունեության իրականացման նպատակներով օգտագործելու իրավունք: Մրցույթում հաղթել էր ընկերության ներկայացրած «Կենդանական եւ բուսական աշխարհի օբյեկտների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման կազմակերպման» ծրագիրը: Ընկերությունն իսկապես կատարել էր ապամոնտաժման աշխատանքներ, բարեկարգել էր Գիլանն ու, ինչպես ասվում է իրենց ներկայացրած ծրագրում, սկսել էր ճանաչողական զբոսաշրջության զարգացման ուղղությամբ գործողությունները, առաջին հերթին` այցելուների կենտրոնի կառուցումը: Չնայած Գիլանի արգելավայրը վարձակալելիս «Հովազաձոր» ՍՊԸ-ն իր ծրագրում ամրագրել էր ճանաչողական զբոսաշրջության զարգացումն ու այդ օղակում այցելուների կենտրոնի կառուցումը, սակայն բնապահպանները նման մասշտաբի շինության առկայությունն այս տարածքում ուղղակի անթույլատրելի գտան: «Սկզբում պարզ չէր, թե ինչ պետք է լինի տարածքի հետ, արդեն 2010 թվականին, սակայն, հստակ ուրվագծվեց, որ ոչ թե զբոսաշրջության կենտրոն, այլ պարզապես օբյեկտ են կառուցում… տերերն էլ հայտարարեցին, թե էստեղ դրախտ են կառուցում, մենք էնտեղ եղել ենք»,- պատմեց «Էկոլուր» տեղեկատվական հ/կ-ի տնօրեն, բնապահպան Ինգա Զարաֆյանը: Եվ ահա բնապահպանների ահազանգը հասավ բնապահպանության նախարարին. «Գիլանի էկոհամակարգը վտանգված է. տարածքի կառուցապատումը թույլատրելիի սահմաններն անցել է, հետագա շահագործումն էլ մշուշում է «Խոսրովի անտառ» արգելոցի անվտանգ ապագան»: Նախարարի առաջարկությամբ, 2010-ի հունիսին բնապահպանների ու բնապահպանության նախարարության աշխատակիցներն այցելեցին այդ տարածք: Հենց այդ այցն էր, որ արգելավայրի պահպանության գործում վճռորոշ նշանակություն ունեցավ. նախարարի հրահանգով շինարարությունը կանգ առավ, աշխատանքներն արգելոցի տարածքում արդեն մեկ տարի է՝ ինչ դադարեցվել են: Իսկ արդեն հունիսի 23-ին Կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց ավելի վաղ ընդունած՝ «Գիլանը» պետական արգելավայր ճանաչելու եւ այդ արգելավայրի կանոնադրությունը հաստատելու որոշումները: Այսպիսով` Գիլանն արդեն արգելոցի կարգավիճակ ունի: Ականատեսները պատմում են, որ շինարարության դադարեցումից հետո «Կարմիր գրքում» «ապրող» կենդանիներն ու գիշատիչ թռչունները կրկին սկսել են մոտենալ իրենց բնակավայրերին: Իսկ կառուցապատողի կիսատ մնացած շենքը, դարձյալ բնապահպանների առաջարկով, գուցե թե ծառայի գիտությանը: Վերջիններս առաջարկում են շենքը վերածել գիտական կենտրոնի, «այստեղ կարելի է ուսումնասիրություններ իրականացնել Խոսրովի արգելոցի տարածքում հազվադեպ կենդանիների ու թռչունների մասին»,- առաջարկում են նրանք:

Այս ամենի մասին տեսաշարով դիտեք նաեւ «Հրապարակում» հեռուստածրագրով կամ համացանցում՝ gov.am,
youtube.com/hraparakum
հասցեներով,
կիսեք ձեր տպավորությունները hraparakum.livejournal.com
Օֆելյա Կամավոսյան,
Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել