Շվեյցարիայում կայացան ֆուտբոլի Եվրագավաթների խաղարկության հաջորդ փուլերի հանդիպումների վիճակահանությունները:
Եթե Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» սեփական հարկի տակ Չեխիայի «Վիկտորիայից» 0:4 հաշվով կրած խոշոր հաշվով պարտությունից հետո կարողանա պատասխան խաղում Պլզենում հինգ անպատասխան գնդակ անցկացնել մրցակցի դարպասը, ինչը, ցավոք, գրեթե անհնար է թվում, ապա Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում կհանդիպի «Բրեյդաբլիկ»- «Ռուսենբորգ» զույգի հաղթողի հետ: Ավելի իրատեսական է «Միկայի» ապագան: Օսլոյում «Վոլերենգային» 0:1 հաշվով պարտվելուց հետո մեր թիմը տանը կորցրածը ետ բերելու լավ հեռանկար ունի: Եվ հաջողության հասնելու դեպքում Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում ուժերը կչափի Հունաստանի ՊԱՕԿ-ի հետ: