Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անիմաստ աղմուկ

Հուլիս 16,2011 00:00

Մի անանուն եւ անհասցե հրապարակման առիթով

Panorama. am կայքն օրերս մի հոդված էր հրապարակել՝ «Մանկապարտեզի տնօրենին 900 հազար է պետք. դիմել է ծնողներին» վերտառությամբ: Հրապարակման մեջ նշված է, որ կայքին են դիմել Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 93 մանկապարտեզի «մի խումբ ծնողներ»: Որեւէ անուն նշված չէ: Բողոքը վերաբերում էր դրամահավաքին, որը, ըստ հրապարակման, պարբերաբար այս հաստատությունում իրականացնում է մանկապարտեզի տնօրեն Կարինե Օհանյանը: «Ծնողների խոսքերով, բավական չէ, որ Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշումից հետո, երբ մանկապարտեզները դարձան իբր անվճար, ամեն ամիս նրանց պարտադրում էին 3 հազար դրամ վճարել ռուսերենի կամ անգլերենի մասնագետի հետ երեխաների պարապմունքների համար, իսկ վերջերս էլ 1500 դրամ էին հավաքում՝ գորգ, փոշեկուլ ու Lego խաղալիքներ գնելու համար, ընդ որում՝ այս պարագայում ծնողները նշում են, որ այդքան էլ չեն նեղսրտում՝ իրենց երեխաների համար է, հիմա էլ նոր դրամահավաք է սկսվել: Տնօրենը ծնողներին տեղեկացրել է, որ պատրաստվում է վերանորոգել մանկապարտեզի մարզադահլիճը, որի համար անհրաժեշտ է 900 հազար դրամ գումար: Ավելին՝ մատնանշել է այն գումարի չափը, որ ակնկալում է ստանալ ծնողներից՝ 5 հազարական դրամ, սակայն ակնարկել է, որ եթե ինչ-որ մեկը ցանկություն հայտնի ավելին նվիրաբերել՝ ավելի լավ»,- նշված է հոդվածում:
Հրապարակման հեղինակը հարկ չի համարել լսել հակառակ կողմի կարծիքը: Անանուն եւ անհասցե այս հրապարակման առիթով ուզում եմ ասել՝ իմ երեխան եւս հաճախում է այդ մանկապարտեզ, ինքս հոգաբարձուների խորհրդի անդամ եմ եւ տեղյակ եմ շատ հարցերից: Հրապարակման մեջ հիշատակված 3-հազարական դրամները նախատեսված են լրացուցիչ կրթական ծառայությունների համար, դա տնօրենը չի հորինել, այլ սահմանված է քաղաքապետի նույն որոշմամբ, որով եւ սահմանվում է մանկապարտեզների անվճար լինելը եւ բնավ էլ պարտադիր չէ, կամավորության սկզբունքով է: Այդ ծառայությունների համար ծնողների հետ լրացուցիչ պայմանագրեր են կնքվել, գումարը փոխանցվում է համապատասխան հաշվեհամարին: Որպես ծնող՝ գորգի, փոշեկուլի եւ խաղալիքների գումարի մասին իմացա միայն նշյալ հրապարակումից: Ինչ մնում է մարզադահլիճի վերանորոգմանը՝ դա ծնողների նախաձեռնությունն է: Ժամանակին, նմանատիպ մեկ այլ նախաձեռնությամբ եւ ծնողների աջակցությամբ, վերանորոգվեց մանկապարտեզի երաժշտական դահլիճը եւ հիմա ծառայում է իր նպատակին, տեսնելու բան է մեր բալիկների ուրախ հանդեսը՝ ուրախ գույներով դահլիճում:
Քանի որ նախակրթական հաստատությունները նորոգելու քաղաքապետարանի այս տարվա ծրագրում մեր մանկապարտեզի մարզադահլիճի վերանորոգումը ընդգրկված չէ, հոգաբարձուների խորհրդի եւ ծնողկոմիտեների համատեղ խորհրդակցության արդյունքում որոշվեց մեր՝ ծնողներիս նվիրատվությունների միջոցով նորոգել այն, որպեսզի երեխաները ֆիզկուլտուրայի պարապմունքներ անցկացնելու հնարավորություն ունենան: Անցած տարվանից մանկապարտեզը սեփական ջեռուցում ունի, մարզական դաստիարակության համար համապատասխան գույք նույնպես կա:
Այսքանից հետո անհասկանալի է բարձրացված աղմուկը եւ մանավանդ «մի խումբ ծնողների»՝ անստորագիր նամակի ետեւում թաքնվելը, քանի որ որեւէ մեկը չի պարտադրել անպայմանորեն վճարել գումարը: Միասին խնդիր լուծելու առաջարկ է եղել եւ միայն: Նախաձեռնությանը միանալ չցանկացողներին ոչ ոք ոչ սպառնացել է, ոչ էլ՝ հանդիմանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել