Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԿԻՊՐՈՍԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

Հուլիս 16,2011 00:00

Վերջերս կառավարության նոր կազմում կրկին արտգործնախարարի պաշտոնն ստանձնած Ահմեդ Դավութօղլուն, հավատարիմ մնալով ավանդույթին, իր առաջին արտասահմանյան այցը կատարեց ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ): Այստեղ ՀԿԹՀ ղեկավար Դերվիշ Էրօղլուի հետ երեք ժամ տեւած հանդիպումից հետո թուրք արտգործնախարարը ուղերձներ հղեց կղզու հունական եւ թուրքական համայնքներին, Եվրամիությանը եւ միջազգային հանրությանը:

\"\"

ԻՐ հայրենակիցներին հասցեագրված ուղերձում նա վերջիններիս հավաստիացնում էր, որ 2013 թ.-ին ավարտվելու է ջրի խողովակաշարի տեղադրումը, որով նախատեսվում է ծովի հատակով Թուրքիայից Կիպրոս խմելու ջուր առաքել: Հունական կողմին նա հորդորում էր հրաժարվել՝ ժամանակ ձգելու եւ հաջորդ տարի Եվրամիության նախագահությունը միանձնյա ստանձնելու մտադրությունից, իսկ միջազգային հանրությանը կոչ էր անում վերջ տալ կղզու թուրքական հատվածի մեկուսացման քաղաքականությանը:
Կարեւորելով առաջիկա հոկտեմբերին Ժնեւում կայանալիք գագաթաժողովը, որտեղ քննարկվելու է կղզու հետագա ճակատագրի հարցը, Դավութօղլուն բավական վստահ հայտարարեց, որ մինչեւ տարեվերջ հարցը վերջնականապես կկարգավորվի: «Մեր նպատակն է տարեվերջին ընդհանուր հայտարարի գալ եւ 2012 թ. առաջին ամիսներին կղզում [վերամիավորման] հարցի շուրջ հանրաքվե անցկացնել: Այսպիսով, 2012 թ. երկրորդ կեսին Եվրամիության նախագահությունը կստանձնի Կիպրոսի միասնական պետությունը», հայտարարեց նա:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե տվյալ իրադարձությունը Հայաստանին անմիջականորեն չի առնչվում եւ խոսքն ընդամենը սովորական դիվանագիտական անցուդարձի մասին է: Սակայն դա միայն առաջին հայացքից: Երեւի արդեն եկել է ժամանակը իրերն անվանել իրենց իսկական անուններով եւ համակերպվել այն իրողության հետ, որ ժամանակակից աշխարհում ամեն ինչ, հատկապես միջազգային դիվանագիտության մեջ, փոխկապակցված է: Բավական երկար ժամանակ մենք, ելնելով իբր հայ-սերբական դարավոր բարեկամության շահերից, անտեսում էինք Կոսովոյի հիմնահարցի բուն էությունը (դրանում պակաս դեր չէր խաղում նաեւ Ռուսաստանին չբարկացնելու գործոնը): Իսկ այդ երկրի անկախության միջազգային ճանաչումից հետո մենք արդեն, իմաստունի կեցվածք ընդունած, սկսեցինք փիլիսոփայել Կոսովոյի նախադեպի՝ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման վրա հնարավոր դրական ազդեցության մասին: Ժամանակին մենք նույն կերպ էինք արձագանքում չեչեն ժողովրդի ողբերգությանը եւ ռուս-վրացական պատերազմին: Արտաքուստ փորձում էինք չեզոքություն պահպանող երեւալ, բայց հոգու խորքում մեզանից շատերը հույսեր էին փայփայում «օրհնված սհաթի» հերթական փուլի հետ:
Ինչ վերաբերում է Կիպրոսին…… Ամբողջ խնդիրն այն է, որ ներկայումս աշխարհի երեսին առկա տարածաշրջանային հակամարտությունների շարքում չկան այդպիսի երկուսը, որոնք իրար այդքան նման լինեն, ինչքան Լեռնային Ղարաբաղի եւ Կիպրոսի հակամարտությունները: Եթե մի պահ վերանանք հայ-թուրքական դարավոր թշնամանքից, ցեղասպանությունից, պահանջատիրությունից եւ խնդրո առարկա տարածքների պատմական պատկանելության հարցից, անմիջապես այդ նմանությունը տեսանելի կդառնա: Մերկապարանոց չերեւալու համար մի թեթեւ հայացք նետենք երկու հակամարտությունների ծագման պատմությանը (խոսքը զինված առճակատման պատմությանն է վերաբերում):
Լեռնային Ղարաբաղի դեպքում ամեն ինչ պարզ է եւ հատուկ անդրադարձի կարիք չկա: Ինչ վերաբերում է Կիպրոսին, հարկ է հիշել, որ այնտեղ նույնպես ազգամիջյան անհանդուրժողականությունը բացահայտ զինված առճակատման վերածվեց երրորդ ուժի՝ 1974-ին Հունաստանում ռազմական հեղաշրջման ճանապարհով իշխանության եկած «Սեւ գնդապետների» միջամտության հետեւանքով: Որոշելով իրականություն դարձնել հունական «մեգալոիդեան» (հունական պատմական հողերը վերանվաճելու տեսլական), հույն գնդապետները զինված ջոկատներ ուղարկեցին Կիպրոս՝ էթնիկ զտում իրականացնելու, այսինքն՝ կղզու թուրքական ազգաբնակչությանը քշելու նպատակով: Ստեղծված իրադրությունից անմիջապես օգտվեց նման առիթի սպասող Թուրքիան, որի բանակը երկշաբաթյա պատերազմական գործողություններից հետո զավթեց կղզու հյուսիսային հատվածը: Հենց այդ տարածքում էլ հետագայում հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը: Դրան նպաստեց նաեւ միջազգային հանրության անտարբեր կեցվածքը, որի վերաբերմունքը Հունաստանի հեղաշրջմանը խիստ բացասական էր:
Այնուհետեւ կնքված զինադադարին հաջորդեցին անվերջ ու անպտուղ բանակցությունները, որոնք շարունակվում են առ այսօր: Ինչպես եւ Լեռնային Ղարաբաղի բանակցությունները: Կար ժամանակ, երբ մենք կարող էինք շահարկել այդ նմանությունները եւ ստիպել Թուրքիային առնվազն անկողմնակալ լինել ԼՂՀ հիմնախնդրում եւ չկապել մեր միջպետական հարաբերությունները Ադրբեջանի քմահաճույքի հետ: Սակայն խանգարեց մեր «ազգային մենտալիտետը»: Չէ՞ որ, ըստ մեր պատկերացումների, հայերն ու հույները դարավոր բարեկամներ են, ունեն պատմական ընդհանուր ճակատագիր: Բացի այդ՝ նման նախաձեռնությունը անցանկալի դիվանագիտական հետեւանքներ կարող էր ունենալ. Հունաստանն ու Կիպրոսը կնեղանայի՜ն մեզանից: Բայց, չգիտես ինչու, մենք չենք նեղանում, երբ մեր «դարավոր բարեկամները», մեկը մյուսի ետեւից, հավատարմության երդում են տալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
Վերադառնանք Կիպրոսին: Պատմական զարգացման տրամաբանությունը բերեց նրան, որ Եվրամիությունը որոշեց իր կազմում ընդգրկել այս կղզի-պետության հարավային՝ հունական մասը, խոստանալով նույն ճակատագրին արժանացնել նաեւ թուրքականը, երկու համայնքների՝ մեկ պետության մեջ վերամիավորվելու դեպքում: Ինչին, անշուշտ, դեմ էր Թուրքիան: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ տվյալ պարագայում ազգային գործոնն այդքան էլ չի աշխատում: Հունական Կիպրոսը Եվրամիության տրամադրած ֆինանսական օգնության եւ զարգացած զբոսաշրջության շնորհիվ կարճ ժամանակում դարձավ ԵՄ անդամ-երկրների շարքում բավական բարձր կենսամակարդակ ունեցող մի երկիր, այնժամ, երբ միջազգային մեկուսացման ենթարկված ու միայն Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսը մնաց որպես հետամնաց ու աղքատ երկիր: Դրան հաջորդած սոցիալական դժգոհության ալիքը տապալեց բազմամյա նախագահ Ռաուֆ Դենքթաշի վարչակազմը, եւ իշխանության եկան հույների հետ հաշտության եւ կղզու վերամիավորման կողմնակիցները: «Փրկարար» Թուրքիան կիպրացի թուրքերի աչքին այսօր վերածվել է իրենց զարգացմանը խոչընդոտող մի թշնամու:
Դրա անմիջական վկայությունն է նաեւ այն, որ Դավութօղլուի վերջին այցի ժամանակ ոստիկանությունն աննախադեպ անվտանգության միջոցառումներ էր ձերնարկել, քանի որ վերջին մի քանի ամիսներին տեղի արհմիությունները լայնածավալ ցույցեր են կազմակերպում ընդդեմ Անկարայի: Այս դժգոհության արդյունքն է նաեւ Կիպրոսի հարցում Անկարայի զիջողական քաղաքականությունը: Արդեն մի քանի տարի է, ինչ այս երկիրը ջանքեր է գործադրում կղզու վերամիավորման ուղղությամբ, սակայն, իհարկե, իր համար առավել ընդունելի պայմաններով: Ինչին դեմ են հույները, քանի որ այժմ խաղաթղթերը նրանց ձեռքին են, եւ կղզու վերամիավորումը նրանք պատկերացնում են միայն ու միայն թուրքական փոքրամասնություն ունեցող հունական պետության տեսքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել