Ուրբաթ օրը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն արդեն որերորդ անգամ հեռացվել է Պեչերսկի շրջանային դատարանի նիստերի դահլիճից՝ դատավորների հետ բանավեճի մեջ մտնելու համար: Դատական այս օրվա նիստը տեւել է մոտ 1,5 ժամ: Տիմոշենկոյի դեմ դատական գործով նախագահող դատավորը նրան նիստերի դահլիճից հեռացրել է այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է դատարանում ոտքի կանգնել: Դատավորը նախկին վարչապետի այս քայլը որակել է անհարգալից:
Մինչդեռ Տիմոշենկոն ոտքի կանգնելուց հրաժարվելը բացատրել է Ուկրաինայի Սահմանադրության հոդված 55-ով, որում ասված է, թե յուրաքանչյուրն իրավունք ունի օրենքով չարգելված եղանակով պաշտպանել իր իրավունքները: Նա հայտարարել է, թե ոտքի չի կանգնում ի նշան բողոքի. «Յուրաքանչյուրն իրավունք ունի հակաօրինական ոտնձգություններից օրինական ճանապարհով պաշտպանել իր իրավունքներն ու ազատությունները: Ես կարծում եմ, որ որեւէ օրենքով հստակորեն արգելված չէ նստած խոսելը: Հենց այդ պատճառով ես կատարում եմ Սահմանադրության 55-րդ հոդվածը. դա իմ բողոքի ձեւն է, եւ ոչ ոք իրավունք չունի ինձ զրկելու իմ իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու հնարավորությունից»: Դատավորն այդ պարզաբանումը անհիմն եւ մտացածին, նաեւ դատական պրոցեսը արհեստականորեն ձգձգելուն միտված քայլ է որակել ու արդյունքում Տիմոշենկոյին հեռացրել է դատարանի դահլիճից, թեեւ Տիմոշենկոն մինչ այդ որոշում կայացնելն է սկսել հավաքել իր իրերը: Նրան հեռացնելուց հետո դատարանի դահլիճը լքել են նաեւ բոլոր ներկաները, այդ թվում՝ պատգամավորները: Այնուամենայնիվ, դատական նիստը շարունակվել է:
Հիշեցնենք, որ այս պատկերը հայաստանցիներին կարող է հիշեցնել «Մարտի 1»-ի գործով դատական նիստերը, երբ քաղբանտարկյալները հրաժարվում էին դատավորի դահլիճ մտնելու պահին ոտքի կանգնել եւ հեռացվում էին դահլիճից: