Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱԳԱՏԷ-Ն ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՍԻՐԻԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻ ԾՐԱԳՐԵՐ ՈՒՆԻ

Հուլիս 16,2011 00:00

\"\"ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Անվտանգության խորհրդին է ներկայացրել մի փաստաթուղթ, որը Սիրիայի միջուկային գաղտնի ծրագրի գոյության ապացույց է համարում: Այդ մասին հաղորդում է reuters-ը ու հավելում, որ, այդուհանդերձ, ԱԽ-ն չի շտապում իր անդամ երկրների միջեւ առանցքային հարցերում տարաձայնությունների ֆոնին որեւէ գործողություն սկսել:
Հունիսին ՄԱԳԱՏԷ-ի անդամները քվեարկել էին այդ հարցը ԱԽ-ի քննարկմանը ներկայացնելու օգտին: Միջազգային այս մարմինը Սիրիային մեղադրում է 2007թ.-ին Իսրայելի կողմից ռմբակոծության ենթարկված «Դաիր Ալզուր» համալիրում հետաքննություն անցկացնելուն խոչընդոտելու համար: Արեւմտյան երկրները հաղորդել են, որ հինգշաբթի օրը փակ նիստում ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության դեպարտամենտի՝ Սիրիայի եւ Իրանի գործերով ղեկավար Նեւիլլ Ուայթինգը շատ հստակորեն նշել է, որ Դամասկոսը միջուկային գաղտնի օբյեկտ ունի: ՄԱԳԱՏԷ-ի անդամները կոչ են անում 15 երկրների ներկայացուցիչներից ձեւավորվախ ԱԽ-ում քննարկել այդ հարցը, բայցեւ ենթադրում են, որ դա սեպտեմբերից շուտ դժվար թե հնարավոր լինի անել:
Դամասկոսի դաշնակիցներ Մոսկվան եւ Պեկինը, որոնք կարող են արգելափակել ԱԽ-ի բանաձեւերը, կասկածի տակ են առնում այդ հարցի քննարկմանը ԱԽ-ին ներգրավելու անհրաժեշտությունը՝ հիշեցնելով, որ սիրիական միջուկային համալիրը իսրայելական ռազմաօդային ուժերն արդեն իսկ վնասազերծել են: Ամերիկյան հետախուզության տվյալներով, վնասազերծված օբյեկտում եղել է Հյուսիսային Կորեայում նախագծված ռեակտոր, որը կոչված է եղել միջուկային զենքի համար պլուտոնի արտադրությանը: Սիրիան պնդում է, թե օբյեկտը ո՛չ միջուկային եւ ո՛չ էլ ռազմական է եղել: ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի դեսպաններ Մարկ Լայալլ Գրանտն ու Պիտեր Վիտտինգը շեշտել են, որ ՄԱԳԱՏԷ-ն պետք է սեպտեմբերին հանդես գա Սիրիայի վերաբերյալ նոր հաշվետվությամբ: «Այդ ժամանակ մենք գործի կանցնենք»,- ասել է Վիտտինգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել