BBC-ի մատուցմամբ, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խիստ դժգոհություն է հայտնել Պուտինի լուսանկարները գովազդային նպատակներով օգտագործելու առնչությամբ: Բանն այն է, որ այս շաբաթ Մոսկվայի կենտրոնում տեղադրված գովազդային վահանակների վրա եւ հասարակական ավտոկանգառներում հայտնվել են գովազդային մեծադիր պաստառներ, որոնցում Պուտինը ներկայանում է «գործակալ 007»-ի կերպարով՝ ատրճանակը ձեռքին: Պաստառները, որոնք գովազդում են ջեյմսբոնդական ֆիլմաշարի գոյություն չունեցող մարտաֆիլմ, ուղեկցվում է այսպիսի մակագրությամբ՝ «www.xquest.ru presents Vladimir Putin, իսկ հուլիսի 15-ից բոլոր կինոթատրոններում՝ «ՎՎ-ն թիկունքը կպահի»: Պաստառները, իհարկե, հեռացրել էին, բայց մի քանի ժամ անց դրանք կրկին հայտնվել էին:
«Անշուշտ, մենք Մոսկվայի իշխանություններից կպարզենք, թե ինչպե՞ս են նման պաստառները հայտնվում: Գովազդի հարցով հանձնաժողովը պետք է ուշադրություն դարձնի սրան, բայց առայժմ դա չի անում»,- հայտարարել է Պուտինի խոսնակը: Արդյոք Ջեյմս Բոնդի կերպարով այդ պաստառները վիրավորե՞լ են անձամբ Պուտինին՝ նրա խոսնակը չի հստակեցրել, Պուտինն ինքն էլ դրա վերաբերյալ որեւէ հայտարարություն չի արել:
ՌԴ վարչապետին ամենակարող սուպերգործակալի դերում ներկայացնելու գաղափարը X-quest online խաղի կազմակերպիչներինն է, որոնց կարծիքով, այդ դերում Պուտինին ներկայացնելը հաջողված գովազդային ու սյուժետային քայլ է: «Մենք այնպես կանենք, որ այսպիսի խուլիգանությունն այլեւս չկրկնվի»,- հայտարարել է Պեսկովը: Իրավաբանների կարծիքով, առավելագույնը, ինչ սպառնում է այսօրինակ գովազդը մայրաքաղաքում ինքնագլուխ փակցնողներին՝ տուգանքն է, եթե, իհարկե, Պուտինը չհամարի, որ իր դիմանկարը սուպերգործակալի կերպարով վիրավորում է իր արժանապատվությունը:
Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի կառավարությունը վրդովվել էր Մոսկվայի կենտրոնական հանրախանութի մոտ հայտնված մեկ այլ գովազդային պաստառի ի հայտ գալուց, որի վրա պատկերված Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդեւը թենիսի կիսավարտիքներով «Գարուն-ամառ 2011» սպորտային հագուստն էին «գովազդում»: