Բուլղարիայի խորհրդարանն այս շաբաթավերջին հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին, որոնք արգելում են սոցիալիզմի օրոք հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանց դիվանագիտական բարձր պաշտոններ զբաղեցնել:
Reuters-ի փոխանցմամբ, երկրի աջակենտրոն կառավարությունն օրենսդրական փոփոխություններ կատարելու առաջարկով հանդես էր եկել այն բանից հետո, երբ պատմական հանձնաժողովն անցած տարվա դեկտեմբերին պարզել էր, որ երկրի գործող դիվանագետներից եւ հյուպատոսներից ավելի քան 45 տոկոսը կապված է եղել բուլղարական «Դրժավանա սիգուրնոստ» հատուկ ծառայության հետ:
Հանձնաժողովի գնահատմամբ, գործող եւ նախկին 462 դիվանագետների 45 տոկոսը, այդ թվում Լոնդոնում, Բեռլինում, Հռոմում, Տոկիոյում եւ Մոսկվայում Բուլղարիայի դեսպանները հատուկ ծառայությունների գործակալներ են եղել: Դիվանագետների մի մասը կոմունիստական ռեժիմի տապալումից հետո հեռացել է պաշտոններից, բայց նրանց մի մասը շարունակում է պաշտոնավարել: Բուլղարիայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե օրինագիծը նպատակ ունի խզել բոլոր կապերը տոտալիտար ռեժիմի մշակած մեխանիզմների հետ, որոնք միջազգային հանրության մեջ վտանգում են Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Բուլղարիայի վարկը:
Reuters-ի մատուցմամբ, կոմունիստական հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը շարունակում է ցավոտ հարց մնալ խորհրդային բլոկի նախկին շատ երկրների համար: Վրաստանը, օրինակ, մայիսին արգելեց պետական բարձր պաշտոններ զբաղեցնել այն անձանց, ովքեր եղել էին խորհրդային ՊԱԿ-ի գործակալներ ու կուսակցական «բոսսեր»: