Հուլիսի 14-ին Իջեւանի տուրիզմի կենտրոնում «Համերաշխություն» կուսակցության նախագահ, նույնանուն շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը հանդիպել է Տավուշի մարզի լրագրողների, մտավորականների հետ: «Համերաշխություն» կուսակցությունը հիմնվել է 2003թ.-ին, նույնանուն շարժումը` 2007-ին:
Տավուշում Սարգիս Ավետիսյանը ասել է, որ տեւական ժամանակ պասիվ էին, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում Հայաստանի քաղաքական դաշտում: Բայց հասցրել են լուրջ վերլուծություններ կատարել եւ որոշել են ակտիվանալ: «Համերաշխությունը» կարծում է, որ Հայաստանում ներկայումս ատելության ոգին է իշխում, իսկ լավագույն գաղափարը համերաշխությունն է: «Համերաշխությունում» գիտեն, որ պետական օղակները չեն նպաստում Հայաստանում համերաշխության կայացմանը, քանզի անարդար որոշումներ ընդունելով` բացասաբար են ազդում առկա բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:
«Համերաշխությունը» մտադիր է մասնակցել առաջիկա համապետական ընտրություններին, սակայն դեռ չեն որոշել` միայնա՞կ, թե՝ դաշինքով: