Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կապանում կարուսել գրեթե չի մնացել

Հուլիս 16,2011 00:00

Սյունիքի մարզկենտրոն Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգու կարուսելները տեխնիկական փորձաքննություն անցնելուց եւ բացասական եզրակացություն ստանալուց հետո շարունակում էին աշխատել: «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» Սյունիքի բաժնի կողմից զբոսայգու վտանգավոր օբյեկտներ համարվող 3 կարուսելներից 2-ին դրական եզրակացություն չէր տրվել, իսկ մեկն էլ անցած տարվանից է կոնսերվացվել, այգու տնօրինությունն էլ տուգանվել է:
Գործն այժմ գտնվում է արտակարգ իրավիճակների նախարարությունում: Կամ արգելք կդրվի կարուսելների հետագա շահագործման վրա, կամ էլ՝ կրկնակի տուգանք: ԱԻ նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի պետ Աշոտ Պետրոսյանի փոխանցմամբ՝ եթե գործող կարուսելները տեխնիկական փորձաքննություն անցել են, բայց դրական եզրակացություն չեն ստացել, իրավունք չունեն աշխատելու: «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի համաձայն, եթե տնտեսվարող սուբյեկտը ստացել է բացասական եզրակացություն, տուգանվել եւ շարունակում է շահագործել կարուսելները, ապա կրկնակի տուգանքի է ենթարկվելու՝ 1 միլիոն դրամի չափով:
«Այն կարուսելները, որոնք անցել են տեխնիկական փորձաքննություն, անպայման պետք է տեսանելի տեղում փակցված ունենան փորձաքննությունն անցած լինելը հավաստող փաստաթուղթ, որպեսզի ազգաբնակչությունը, երեխաների ծնողները իմանան, որ երեխաները կարող են անվտանգ օգտվել կարուսելներից: Իսկ ովքեր չունեն, իրավունք չունեն շահագործելու տվյալ օբյեկտը: Տեխնիկական անվտանգության պատասխանատվությունը դրված է տնտեսվարող սուբյեկտի վրա: Նրանք պարտավոր են ժամանակ առ ժամանակ ստուգումներ, փորձարկումներ իրականացնել: Մեր կառույցը հսկող, ստուգող, վերահսկող կառույց է եւ տարին մեկ անգամ հնարավորություն ունենք փորձաքննություն իրականացնել»,- ասում է պարոն Պետրոսյանը:
Կապանի Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգու տնօրեն Սեյրան Հայրապետյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իրենք սպասում են կարուսելներից մեկի մետաղական կոնստրուկցիաների փորձաքննության պատասխանին եւ արդյունքների բացասական լինելու դեպքում չեն շահագործի: «Էս պահին մենք ընդամենը մի կարուսել ունենք, որ ասել են՝ վտանգավոր է: Հիմա միայն ճոճանակներն ենք աշխատեցնում, որոնք կարուսել չեն համարվում»,- պարզաբանում է Սեյրան Հայրապետյանը: Երեկվա դրությամբ զբոսայգու՝ դրական փորձաքննություն չանցած կարուսելներից մեկը շարունակում էին շահագործել, իսկ ծնողներից շատերը նույնիսկ տեղյակ չեն, որ տվյալ կարուսելից օգտվելն անվտանգ չէ իրենց երեխաների համար:
Ամեն դեպքում, Սյունիքի մարզկենտրոնում պատկերն արդեն իսկ տխուր է: Եղած ընդամենը մի քանի կարուսելները կա՛մ հնամաշ են, կա՛մ վտանգավոր: Եթե այսպես շարունակվի, ապա չի բացառվում, որ եկող տարվանից կապանցի երեխաների միակ զվարճանքի վայրում կարուսելի ձայն այլեւս չլսվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել