Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարներին փրկել է պետք

Հուլիս 16,2011 00:00

Լոռու փրկարարները կրակը ձեռքով եւ բահով են մարում, իսկ հակակարկտային կայանները դիպուկ չեն կրակում:

Նախօրեին տեղեկացրել ենք, որ Լոռու մարզում անցած վեց ամսում 213 արտակարգ պատահար է եղել, զոհվել է 34 մարդ, նյութական վնասը՝ 480,206 միլիոն դրամ: Երեկ ամփոփելով այս տվյալները, մարզի փրկարարները նշեցին, որ փաստերից պարզ է դառնում, որ բնական եւ տեխնածին աղետների դեպքում մարդկային զոհերը աճել են, իսկ փրկարարի խնդիրն է, որ մարդկային 1 զոհ պակաս լինի կամ մեկ լումա վնասի չափը կրճատվի: Բայց դրա համար պայմաններ չկան: Փրկարարներն աշխատում են ցածր աշխատավարձով եւ հին տեխնիկայով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը լսելով Լոռու ցուցանիշները՝ առաջարկեց խոսել առկա խնդիրներից: «Փրկարար ծառայությունում աշխատելու խոչընդոտներ են տեխնիկայի բացակայությունն ու ինֆորմացիան ոչ ժամանակին ստանալը: Ուշ ստացված ինֆորմացիային չի լինում ժամանակին արձագանքել, ինչքան էլ արագ արձագանքենք, միեւնույն է՝ ուշանում ենք: Եթե հաշվի առնենք, որ Լոռու մարզի ռելիեֆը հարթ չէ եւ ճանապարհի վրա էլ է շատ ժամանակ ծախսվում, հաճախ էլ փրկարարները ոտքով են կիլոմետրեր անցնում… Փրկարարների խնդիրները հատկապես նկատելի են հրդեհաշիջման ժամանակ՝ կրակը մարում են ձեռքով, ջրով, բահով»,- նկատեց Սերգեյ Ազարյանը:
Մարզի հանքերում անվտանգություն ապահովելուն կոչված «Լեռնափրկարար» կազմակերպությունը, որ վերահսկում է Ախթալայի հանքի գործունեությունը, անհրաժեշտ նյութերի համար պահանջվող գումարը ստանում է լեռնահարստացուցիչ գործարանից: Ծառայությունն աշխատում է ըստ փոխանցված գումարի: Տրանսպորտային 3 միջոց ունեցող Ախթալայի ջոկատը Սերգեյ Ազարյանի միջնորդությամբ մեքենաները փոխանցեց Լոռու մարզի փրկարարական ծառայությանը՝ անտառային հրդեհների ժամանակ օգտագործելու համար: Լեռնափրկարարները միակ խումբն է, որ ակնկալիք չունի ոչ մարզպետարանից, ոչ էլ նախարարությունից:
Հիդրոմետ կայանի Վանաձորի մասնաճյուղը կարող է միայն 1,5 ժամ առաջ հայտնել կարկտահարության եւ պտտահողմի մասին: Մարզում 2 հակակարկտակայան է կառուցվել, 7-ն էլ դեռ կկառուցվի: Այստեղ էլ խնդիր կա, տեսնելով կուտակված ամպերը, կրակում են առանց ուղղությունը ճշտելու եւ հնարավոր է, որ ամպերը մի քանի րոպե հետո ավելի վտանգավոր տեղում կուտակվեն, դրանով էին պայմանավորված վերջին օրերի մեծ չափերի կարկուտն ու սելավները:
Օդերեւութաբանական կայանի Օձունի մասնաճյուղը խարխուլ վիճակում է, 8-ժամյա աշխատանքային օրվա փոխարեն աշխատում են 12 ժամ եւ ստանում 26 հազար դրամ ամսական աշխատավարձ: Հաճախ էլ ձորը չեն իջնում, որ չափումներ կատարեն:
Լոռու սեյսմիկ կայանն էլ լավ օրի չէ՝ տեխնիկան հնացած է եւ խափանվում է, մեքենա չկա: Հին ու մաշված են նաեւ մարզի վերելակները: Վանաձորում՝ 160, Ալավերդիում՝ 25 վերելակ կա: Դրանք թալանվել եւ թալանվում են: Մեկ վերելակ վերանորոգելու համար անհրաժեշտ է 2,5-3 մլն դրամ: «Վերելակից օգտվել՝ նշանակում է նստել անղեկ եւ անարգելակ մեքենա»,- ասում է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» Լոռու բաժնի պետ Ժորա Միսկարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել