Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԵՔ ՕՐ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵԶՐԻՆ

Հուլիս 16,2011 00:00

\"\"Նոյեմբերյան քաղաքի ծայրին, դեպի Իջեւան ձգվող ճանապարհի եզրին թափված է 47-ամյա Ալիսա Քառյանի համեստ ունեցվածքը՝ անկողինը, հագուստը, դույլեր, աթոռներ եւ այլն: Կողքին կանգնած է ինքը: Նա արդեն 3 օր ու գիշեր անցկացնում է բաց երկնքի տակ: Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այս հատվածով երթեւեկողները տարակուսած նայում են այդ ուղղությամբ: Ալիսան լրագրողիս հետ զրույցում ասաց, որ ինքը ամուսնացած է եղել Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Ռաֆիկ Գիշյանի հետ: 15 տարի առաջ ամուսնալուծվել է, տղան եւ աղջիկը մնացել են հոր մոտ: Հետո Ալիսան տեղափոխվել է Երեւան, աշխատել սննդի օբյեկտներում: 2 տարի առաջ վերադարձել է Նոյեմբերյան, զբաղվել տարեց մի նոյեմբերյանցու խնամքով: Վերջինս թեեւ ծեր է, սակայն շատ այցելու-ընկերներ է ունեցել: Ալիսան դժգոհում է, որ շարունակ աման է լվացել՝ ամսական ստանալով 20 հազար դրամ: Դրանից հետո նա 2 ամիս վարձով բնակվել է քաղաքի ծայրամասում գտնվող չգործող մի խանութում, ոչ հեռու այն տեղից, ուր հիմա թափված են նրա իրերը: Կինը պատմեց, որ մտադիր էր ամուսնանալ հայրենի Դովեղ գյուղի մի բնակչի հետ, սակայն վերջինս անցյալ տարվա դեկտեմբերին մահացել է: Հուլիսի լույս 14-ի գիշերը Նոյեմբերյանում տեղատարափ էր, իսկ Ալիսան ու իր սուղ ունեցվածքը՝ առանց ծածկի: Կինն ասաց, որ ցանկանում է Իջեւան տեղափոխվել, տուն վարձել եւ որպես աման լվացող՝ օրական 2 հազար դրամով աշխատանքի անցնել Իջեւանի սննդի օբյեկտներից մեկում:
Մեր զրույցի պահին «դեպքի վայր» եկավ Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը: Քաղաքապետը անսալով Իջեւան մեկնելու եւ այնտեղ աշխատանք գտնելու Ալիսայի խնդրանքին՝ նրան 5 հազար դրամ է տվել: Թեեւ մարզկենտրոնում կինը աշխատանք է գտել, սակայն, նրա խոսքով՝ մինչ իր գույքը այնտեղ կտեղափոխեր, իր փոխարեն ուրիշին են վերցրել: Քաղաքապետը մեր ներկայությամբ Ալիսային բնակվելու համար վագոն-տնակ առաջարկեց, նաեւ առաջարկեց վերադառնալ նախկինում նրա բնակված տուն, խոստանալով, որ քաղաքապետարանը կհոգա բնակվարձը: Քաղաքապետը Ալիսա Քառյանին ամսական 30 հազար դրամանոց աշխատանք առաջարկեց՝ մաքրել քաղաքի փողոցի մի հատված: Ալիսան անդրդվելի էր՝ նա ցանկանում է Իջեւան տեղափոխվել: Վանուշ Ամիրաղյանը խոստացավ այդ հարցում ավտոտրանսպորտով օգնել, սակայն մտավախություն ուներ, որ կինը կարող է Իջեւանի փողոցներում անօթեւան մնալ:
Այս զրույցից քիչ անց Ալիսան հայտարարեց, որ տեղափոխվելու է Երեւան եւ մայրաքաղաքի քաղաքապետից մի սենյականոց բնակարան է պահանջելու: Ակնհայտ է, որ Ալիսան չի կարողանում իրականությունը սթափ գնահատել: Դժվար է ասել, թե որքան կշարունակվի այս վիճակը. 47-ամյա միայնակ կինը իրերով հանդերձ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել