Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատախազը ճնշում է դատարանի վրա

Հուլիս 16,2011 00:00

Առաջարկել է անգամ ոստիկանության գործակալ դառնալ

Այս տարվա մայիսի 24-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննության էր առել ԱԱԾ քննչական վարչության քննիչ, 7 տարվա ազատազրկման դատապարտված Վլադիմիր Կոթոլյանի վերաքննիչ բողոքը: «Առավոտն» իր մի քանի հրապարակումներում տեղեկացրել է, որ քննիչին ազատազրկել են՝ թմրամոլության համար 9 տարվա ազատազրկման դատապարտված, հաշվառված, մեկուսարանում թմրամիջոցի ազդեցության տակ ցուցմունք տված Հովհաննես Գեւորգյանի ցուցմունքի հիման վրա, թե 4000 դոլար կաշառք է տվել Կոթոլյանին:
Իհարկե, մինչ օրս չի հայտնաբերվել այդ 4000 դոլարը, իսկ վկա Գեւորգյանը մեկուսարանից վերաքննիչ քրեական դատարան էր դիմել, հայտնելով, որ ինքը կաշառք չի տվել: Փորձագետներն էլ ապացուցել էին, որ նամակը Կոթոլյանինն է եւ ոչ որեւէ մեկինը:
Սա առիթ դարձավ, որպեսզի վերաքննիչ քրեական դատարանը Վ. Կոթոլյանի գործը բեկանի եւ ուղարկի նույն վերաքննիչ դատարան, բայց այս անգամ այլ կազմով՝ նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարան էին դիմել ԱԱԾ քննիչի 3 փաստաբանները՝ Արթուր Աթաբեկյանը, Կարեն Քամալյանը, Վաղարշակ Գեւորգյանը: Միաժամանակ բողոք էր ներկայացրել նաեւ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Աշոտ Նադոյանը: Պաշտպանական կողմը պահանջել էր մերժել ավագ դատախազի բողոքը եւ օրինական ուժի մեջ թողնել վերաքննիչ քրեական դատարանի վճիռը:
Ի դեպ, 22 էջից բաղկացած բողոքում Ա. Նադոյանը մեջբերում էր արել ոստիկանության աշխատակից Կարապետ Թումասյանի ցուցմունքից. «Երեկոյան ժամը 21-ի սահմաններում ավարտելով Հովհաննես Գեւորգյանի հարցաքննությունը (նրան թմրամիջոցի հետ կապված բռնել էին «Զվարթնոց» օդանավակայանում- Ռ. Մ.), ինքը զանգել է Վլադիմիր Կոթոլյանին: Հովհաննեսն առաջարկել է իր ծառայությունները, սակայն ինքը մերժել է: Առաջին իսկ օրվանից Հովհաննեսի բարոյական կերպարն իրեն պարզ է եղել. նա ստախոս անձնավորություն է, իր ներկայությամբ հաճախ խաբել է նաեւ իր մորը, գրեթե միշտ նա ոչ պատշաճ վարքագիծ է դրսեւորել, հարցաքննություններին հաճախ չի ներկայացել, երբեմն իրեն դիմել է «ախպերս, ջիգյարս, ապեր» արտահայտություններով: Ամեն անգամ ինքը նրան ասել է՝ պաշտոնատար անձ է, պահանջել է, որ իրեն կարգին պահի: Նա նույնիսկ առաջարկել է դառնալ ոստիկանության գործակալ: Այդ օրը նույնպես ինքը մերժել է Հովիկի առաջարկը… Երբ հանդիպել են Կոթոլյանին, նա ասել է, որ Հովհաննես Գեւորգյանը շահարկում է ԱԱԾ-ի անունը, ասելով, թե՝ ԱԱԾ գործակալ է: Վ. Կոթոլյանը զարմացել է եւ ասել, որ Հովհաննեսը բացասական անձնավորություն է: Իրենք հրաժեշտ են տվել իրար եւ այլեւս չեն հանդիպել: Ինքը Հովհաննեսից երբեք չի լսել Վ. Կոթոլյանին կաշառք տալու մասին: Վ. Կոթոլյանը չի դիմել իրեն՝ Հ. Գեւորգյանին օգնելու համար»;
Չգիտես ինչու, այս դեպքում իրավապահ մարմինը արժանահավատ չի համարել իր աշխատակցի ասածը, որը դեռ համակարգում է եւ անհուսալի թմրամոլի փոփոխական խոսքին է հավատացել:
«Վերաքննիչ դատարանում ստացվել են սույն գործով վկա Հովհաննես Գեւորգյանի 29.12.2010-ով թվագրված դիմումները՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին: Վկա Հովհաննես Գեւորգյանը հրաժարվում է նախկինում իր իսկ կողմից տրված ցուցմունքներից, նշելով, որ նման ցուցմունքներ տալու պատճառները կապված են եղել իրեն չկալանավորելու խոստումների հետ: Մասնավորապես, նա նշել է, որ ինքը Կոթոլյանին 4000 դոլար չի տվել, կաշառքի մասին որեւէ խոսակցություն չի եղել, քննության ընթացքում այդպես է գրել, որովհետեւ իրեն ասել են, որ եթե գրի՝ բաց կթողեն: Ինքը գրել է, դրա դիմաց ազատել են կալանքից, ապա խաբել են եւ 9 տարի տվել», տեղեկացրել էր պաշտպանական կողմն իր բողոքում: Կոթոլյանի պաշտպանները դատարան էին ներկայացրել փորձագետների եզրակացությունը՝ մազի մեջ ափիոնի առկայության մասին. սա այն ժամանակահատվածն է, երբ նա գտնվել է մեկուսարանում եւ «գործ տվել» Կոթոլյանի դեմ:
Մեղադրող դատախազը ապացույց չի համարում մեկուսարանից ուղարկված Հովհաննես Գեւորգյանի դիմումը, որը, ըստ նրա, «չէր կարող անդրադառնալ գործի ելքի վրա, քանի որ Հովհ. Գեւորգյանը ընդհանուր իրավասության դատարանում տվել է մեղադրող ցուցմունքներ»: Ինչ վերաբերում է դատարանի եզրահանգմանը, թե Գեւորգյանի ցուցմունքները կասկածելի են, քանի որ տրված են թմրամիջոցի ազդեցության տակ, ըստ դատախազի. «Թմրամիջոց գործածելու հանգամանքը բավարար հիմք չէ կասկածի տակ դնելու քրեական գործով բացահայտման հանգամանքները, այդ թվում՝ Կոթոլյանի կողմից կաշառք պահանջելը, ստանալը»:
Դատախազը պահանջում է բեկանել վերաքննիչ դատարանի դատավճիռը, իսկ պաշտպանական կողմը պնդում է հակառակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել