Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻ ՕՐ ԷԼ ՁՎԵՐԸ, ԵՐՇԻԿՆ ՈՒ ՕՂԻՆ ԿԴԱՌՆԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ

Հուլիս 16,2011 00:00

Եթե գովազդի մասին օրենքին չհետեւեն

\"\"
2-3 տարեկանը բջջայինո՞վ է խոսում:

ԻՄ պատկերացմամբ՝ ազգային արժեք են մեր խաչքարերը, եկեղեցին, դրոշը, զինանշանը, բայց ոչ երբեք «Արմավիա» ընկերությունը: Բայց, չգիտես ինչու, արդեն քանի տարի է՝ այդ ընկերությունը մայրաքաղաքում զետեղված արտաքին վահանակներով մեզ հավաստիացնում է, որ «Արմավիան» ոչ թե ինչ-որ ազգային ավիափոխադրող է, ինչպես մտածում ենք, այլ \"\"«ազգային արժեք է»: Ինքնին հասկանալի է, որ եթե ընկերության հայեցողությանը մնա՝ գովազդներում կարող են գրել, որ «Միխայիլ Բաղդասարովը ու նրա հետ կապված ամեն ինչը ազգային արժեք են», Սամվել Ալեքսանյանը ազգային արժեք կդարձնի իր «Մոյա սեմյա» երշիկները, Մանվել Ղազարյանը՝ իր օղիները, Խաչիկ Մանուկյանը՝ իր արտադրած ձվերը եւ՝ այսպես շարունակ: Այս ամենը վերահսկել է պետք: Հաշվի առնելով, որ հեռուստատեսային գովազդը մեր երկրում դուրս է բոլոր օրենքներից ու չափանիշներից, որտեղ «Մարիցիա» դեզադոր չօգտագործող տղամարդկանց «ղզիկ» են հանում, երեխաներին սարքում են լվացք անող, կոնյակ խմող, մենք Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե արտաքին գովազդի վերահսկումն այս առումով ի՞նչ է տալիս մեր քաղաքին եւ եթե կա վերահսկող, ինչո՞ւ ենք մենք ականատես լինում «Գովազդի մասին» օրենքի մի շարք խախտումների:
Օրինակ, այս օրերին մայրաքաղաքում ամեն քայլափոխի տեղադրված է «Բիլայն» ընկերության «Շրջապատ» փաթեթի գովազդը, որտեղ կա «Գովազդի մասին» օրենքի կոպիտ խախտում: Այնտեղ օգտագործվել է անչափահաս երեխա՝ իր համար չնախատեսված ապրանքի գովազդում: Պարզ է, որ 2-3 տարեկան երեխան պետք է որ գործ չունենար հեռախոսի, քարտի ու փաթեթների հետ, ուստի «Առավոտի» հետ զրույցում քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արմեն Հարությունյանը մեր հարցին՝ թե ինչո՞ւ եք թույլատրել այն տեղադրել, պատասխանեց. «Երբ մենք «Բիլայնին» ասում ենք, որ խախտում եք օրենքը, իրենք մեզ ասում են՝ ո՞վ է ասել կամ որտե՞ղ է գրված, որ հեռախոսը երեխայի համար նախատեսված ապրանք չէ, մենք չունենք նման ցանկ: Այսօր 4-5 տարեկան երեխաներն էլ ակտիվորեն օգտագործում են բջջային հեռախոս, ուստի «Գովազդի մասին» օրենքի այս մասը բաց է մնում»: Այսինքն, նույն սկզբունքով լվացքի փոշին ու ամանի հեղուկն էլ կարող են համարվել երեխաների համար նախատեսված ապրանքներ, որովհետեւ այդ մասով էլ օրենքում հստակեցում չկա՝ մեր դիտարկմանը պարոն Հարությունյանը պատասխանեց, որ ըստ էության՝ այո:
Ըստ մեր զրուցակցի, այնպես չէ, որ դաշտը չի վերահսկվում, շատ են եղել գովազդներ, որոնք իրենք թույլ չեն տվել տեղադրել՝ անբարեխիղճ լինելու պատճառով. «Բանկերից մեկի գովազդում 5 հատ արեւածաղիկներ էին պատկերված, 4-ը՝ թոռոմած, մեկը՝ թարմ, պարզ էր, որ այդ թարմ ծաղիկը հենց այդ բանկն էր ու հարց էր առաջանում, թե որոնք էին թառամած բանկերը: Մենք այդ գովազդն արգելեցինք: Շատ են առաջարկվում գովազդներ, որտեղ մերկ աղջիկներ են ու հասարակության բարոյական նորմերի համար՝ անընդունելի: Օրինակ, բերեցին մի ամսագրի գովազդ, որտեղ մերկ աղջիկ էր ու վրան կաթ էին լցնում, որը այլ բանի հետ էր ասոցացվում: Պատվիրատուն պնդում էր, որ իր ամսագրի շապիկն է, ուզում է ամսագիրը գովազդել, բայց մենք չթույլատրեցինք այն տեղադրել: Թրաֆիքինգի դեմ մի գովազդ էլ կար, որտեղ ընդամենը «թեժ գծի» հեռախոսահամարն էր գրված, բայց հետեւում բռնաբարված աղջկա մի պատկեր, որը չգիտեինք՝ ինչ ազդեցություն կունենար հասարակության վրա»:
Ինչպես գիտենք, բազմաթիվ արտաքին գովազդներում խախտվում է «Գովազդի մասին» օրենքի այն հոդվածը, որը վերաբերում է լեզվին. «Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է»: Այս առնչությամբ Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ Լեզվի տեսչության հետ աշխատանքներ են տարվում եւ շուտով անգլերեն կամ այլ լեզուներով որեւէ գովազդ քաղաքում չենք տեսնի:
Ներկայումս արտաքին գովազդի տեղադրման նոր հայեցակարգ է մշակվում, որտեղ ավելի հստակ ձեւակերպումներ կլինեն ու պատվիրատուների առջեւ նոր պահանջներ կդրվեն: Նաեւ փոփոխություններ են արվելու «Գովազդի մասին» օրենքում:
Կոնկրետ «Արմավիայի» գովազդային վահանակի հետ կապված պարոն Հարությունյանը վստահեցրեց, որ տեղյակ չեն այդ գովազդի մասին. «Մենք կզբաղվենք այդ հարցով եւ կապամոնտաժենք այդ վահանակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել