Լրահոս
Օրվա լրահոսը

«Վախենում եմ, դրա համար էլ պարում եմ»

Հուլիս 16,2011 00:00

Դիմորդներին վախեցնում է բանավոր քննությունը

Я не дружу с русской литературой, ասում է ռուս բանասիրության ֆակուլտետի դիմորդը՝ ռուսաց լեզվի բանավոր քննությանը: Տոլստոյի «Պարահանդեսից հետոն» չի հիշում, չի հասկանում՝ ինչ է նշանակում «Ռուսական կյանքի հանրագիտարանը Պուշկինի «Եվգենի Օնեգին» ստեղծագործությունում», միայն գիտե, որ Եվգենի Օնեգինը հենց Պուշկինն է, իսկ նրան այնքան էլ չի հավանում: «Սիրում եմ միայն Եսենինին»,- ասում է եւ քննական հանձնաժողովի պահանջով արտասանում «Շագանեն»: Պարզվում է՝ երիտասարդը իր հայտում միայն ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետն է նշել, ինչը քննությունը վերցնող դասախոսներին զարմացնում է. «Ռուս գրականություն չես սիրում եւ չես կարդում, բայց այս ֆակուլտե՞տն ես ընտրել»,- հարցնում են նրանք: Երիտասարդն էլ վարժ ռուսերենով պատասխանում է, որ ռուսական դպրոց է ավարտել, ազգությամբ ռուս է, պարզապես աշխատում է, չի հասցրել կրկնել: Կարող է վերլուծել Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», բայց հերոսների անունը չի հիշում: Համաշխարհային գրականությունից էլ կարդացել է Դյումայի, Վալտեր Սկոտի ստեղծագործությունները: Սա, իհարկե, չի բավարարում քննություն վերցնողներին եւ դիմորդին անբավարար են նշանակում. «Ափսոսում ենք, որ ռուսաց լեզվին այսքան լավ տիրապետող դիմորդը չի կարդում գրականություն: Գնա, պարապիր, շատ կարդա ռուս գրականություն եւ սեպտեմբերին նորից դիմիր հեռակայի համար»,- նրան խորհուրդ է տալիս ռուսերենի բանավոր քննության հանձնաժողովի նախագահ Լիլյա Բալասանյանը:
Երեկ օտար լեզուների բանավոր քննություններն էին: Քննական առարկաներն էին՝ ռուսերենը, անգլերենը, իտալերենը եւ իսպաներենը: «Այս տարվա դիմորդների պատասխանները շատ կտրուկ չեն տարբերվում նախորդ տարվաններից: Այս տարի էլ, ինչպես բոլոր ժամանակներում, նրանք հուզվում են, անհանգստանում»,-ասում է անգլերենի բանավոր քննության հանձնաժողովի նախագահ Նվարդ Երնջակյանը՝ ընդունելով, որ այս տարի քննություն վերցնող դասախոսները ավելի մեղմ են տրամադրված. «Բայց չի նշանակում՝ բացարձակ գիտելիքների պակասի դեպքում պետք է դրական գնահատական ստանան»,- ասում է նա: Ռուսերենի քննության հանձնաժողովի նախագահ Լիլյա Բալասանյանը շատ ուրախ է. լսարանում ռուսերենի բանավոր քննություն հանձնող 5 դիմորդից 3-ը տղա է: Նա մեծ խնդիր է համարում Հայաստանում ռուսերենի իմացության պակասը: «Այսօր ռուս բանասիրության ֆակուլտետը խիստ կարիք ունի այնպիսի ուսանողության, որը գոնե ռուսերենին լավ տիրապետի, մնացածն էլ ուսումնառության ընթացքում կսովորեն»,- ասում է նա:
Անգլերենի քննական սենյակից դուրս եկած առաջին դիմորդը՝ Քրիստինե Գալստյանը, 17 էր ստացել: Շատ ուրախ էր: Այս տարի է ավարտել Երեւանի պետական հումանիտար քոլեջը: Ասում է՝ այնտեղի գիտելիքներով է իր գնահատականը ստացել: Գեւորգյան Հայկն էլ անգլերենի քննությունից 18 է ստացել: ԵՊՀ-ի իրավաբանի մագիստրոսի կոչում ունի: Անգլերենին լավ է տիրապետում: «Ցանկանում եմ ավելի կատարելագործել լեզվի իմացությունս, դրա համար էլ դիմել եմ Բրյուսովի անվան համալսարան»,- ասում է նա:
Մարիամ Պողոսյանն էլ դեռ քննասենյակ չի մտել, բայց գիրքը ձեռքին՝ չի պարապում, պարում է: «Շատ եմ վախենում, դրա համար էլ պարում եմ, նաեւ՝ փորձում եմ իմ ընկերների տրամադրությունը բարձրացնել»,- ասում է նա: Դպրոցը նախորդ տարի է ավարտել, բայց վախեցել է ընդունելության քննություններից. «Զարմանում եմ, թե մնացածը ինչպես են համարձակվել գործերը տալ: Դպրոցն ավարտելուց հետո սկսել եմ պարապել մինչեւ այսօր»: Ցանկանում է ընդունվել Բրյուսովի անվան համալսարան: Անգլերենի գրավոր քննության իր արդյուքներից դժգոհ է: «Գրավորի ժամանակ օգնեցի բոլորին, ես տուժեցի, քիչ միավորներ հավաքեցի՝ 15 միավոր»,- ասում է նա:
Հովհաննիսյան Լիաննայի ծնողն էլ սպասում է աղջկա պատասխանին: «Էնքան էլ գոհ չէ իր պարապմունքից»,- ասում է մայրը, բայց հույս հայտնում, որ աղջիկը դրական միավոր կստանա: Լիաննան որոշել է ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետն ընդունվել, հիմա ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռակա բաժնի 4-րդ կուրսում է: «Ասում է՝ լրագրողի համար շատ կարեւոր է օտար լեզվի տիրապետելը, հարմար առիթ է, բաց չթողնեմ, երկու կրթությունն էլ ստանամ»,- պատմում է մայրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել