Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՆՈՒՆՈՒ ՇԻՆԱՆՅՈՒԹԻ ՇՈՒԿԱՆ ԷԼ ԿԿԱՆԱՉԱՊԱՏԵՆ

Հուլիս 16,2011 00:00

Բայց տուժած կրպակատերերին կփոխհատուցե՞ն

\"\"

Երեւանի քաղաքապետարանը որոշել է Գնունու փողոցում գործող շինանյութի շուկայի տարածքը կանաչապատել: Դա իրականացնելու համար առաջին քայլերն արվել են. քաղաքապետարանն արդեն ծանուցագրեր է ուղարկել Վարդանանց փողոցի 20, 22, 24 շենքերի դիմաց գտնվող շինանյութ, սանիտարական տեխնիկա եւ մեքենաների պահեստամասեր վաճառող, ինչպես նաեւ տարադրամի փոխանակում իրականացնող կրպակատերերին: Հուլիսի 9-ից սկսած, այստեղ գործունեություն ծավալողները պետք է 15-օրյա ժամկետում ազատեն տարածքը եւ սեփական միջոցներով հանեն տաղավարները, այլապես Երեւանի քաղաքապետարանը միջոցներ կձեռնարկի իրավունքի խախտումը վերացնելու ու համայնքին պատճառված վնասները հատուցելու համար, այսինքն՝ տուգանքներ կկիրառի: Այս ամենն արվում է նրա համար, որպեսզի, ինչպես քաղաքապետ Կարեն Կարապետյանն է բազմիցս նշել՝ «Երեւանը քաղաքի տեսքի բերվի», ինչպես նաեւ լուծվեն մայրաքաղաքի էկոլոգիական խնդիրները:
Այն, որ կանաչապատ տարածքները մայրաքաղաքում ավելանալու են, ուրախալի փաստ է, սակայն դրան զուգահեռ՝ կավելանան առեւտրական ցուցարարների շարքերը: Քանի որ, ըստ նրանց, այդ գործընթացն արվում է օրենքի խախտումով: «Գնունու շինանյութի շուկայում» գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերերից շատերի՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարության հետ ունեցած վարձակալության պայմանագրերի ժամկետները չեն լրացել, իսկ Երեւանի քաղաքապետարանը ծանուցագիր ուղարկել է բոլորին եւ նշել, որ պայմանագրի ժամկետները լրացել են եւ նոր պայմանագիր այլեւս չի կնքվելու: Նկատենք, որ «Քաղցրիկ Հունանյան» Ա/Ձ-ի վարձակալության պայմանագիրը 99 տարով է եւ նրանց հետ ըստ էության նոր պայմանագիր կնքելու անհրաժեշտություն իրականում չկա էլ: «Ռուբեն Հովհաննիսյան» Ա/Ձ-ի ժամկետն էլ լրանում է միայն 2013 թվականի օգոստոսին, «Բաբկեն Հովհաննիսյան» Ա/Ձ-ինը՝ նույնպես, «Դաշինք» ՍՊԸ-ինն էլ՝ 2014-ին: Այդ մասին «Առավոտին» տեղեկացրեց այս շուկայում գործունեություն ծավալող Արման Առաքելյանը, որը հանդես է գալիս որպես ակտիվիստ եւ զբաղվում է «Գնունու շուկայի» անհատ ձեռնարկատերերի գործերով: Նրա խոսքերով, իրենք արդեն փորձել են տարբեր տեղերից պարզաբանումներ ստանալ այս հարցի վերաբերյալ. «Քաղաքապետարանում մեզ չեն ընդունում: Կառավարության առաջ միացանք ցուցարարներին՝ անօգուտ, միայն կարողացանք մեր նամակը տալ, մեզ ոչ ոք չընդունեց: Նամակ ենք տարել նաեւ ՀՀ նախագահական նստավայր, որտեղից ասացին, որ երկուշաբթի կպատասխանեն: Դիմել ենք նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ Ազգային ժողով: Այս ամենն անում ենք նրա համար, որ մեր իրավունքները ոտնահարվել են, մեզ զրկում են մեր աշխատանքից՝ անօրինական ճանապարհով: Տարիներով այստեղ աշխատել ենք, ոչ ոքի չենք վնասել, հիմա դարձանք վնասակար: Հասկանում ենք, որ պետք է կանաչապատում լինի, բայց դրա փոխարեն գոնե ուշադրություն դարձնեն անտառներին, որոնք էլ ապահովում են մեր քաղաքի թթվածինը: Մեր տաղավարներից երեւում է Նորքի անտառը, որտեղ մեծ թվով ծառեր են հատվել, թող դրանց փոխարեն նոր ծառեր տնկեն, թե չէ՝ ո՞ւմ է պետք Վարդանանց փողոցի յոնջան, իրենց ասած գազոնը: Այդտեղ կանաչ տարածք է եղել 1991-ին, դրանից հետո դրվել են կրպակաշարերը, թող այն ժամանակ չթողնեին կրպակ դնել, հիմա ինչո՞ւ են ապօրինի մեր ձեռքից վերցնում՝ առանց փոխհատուցման»:
Ըստ նրա, եթե իրենց կրպակներն ապամոնտաժեն, իրենք կհայտնվեն ծանր վիճակում, քանի որ գրեթե բոլորն ունեն վարկային պարտավորություններ եւ դրանք կատարելու միակ հնարավորությունը կրպակներից ստացվող եկամուտներն են. «Բացի այդ, մենք աշխատում ենք ՀԴՄ-ներով: Մի քանի օր առաջ Պետեկամուտների կոմիտեի տեսուչները եկել են ստուգումների եւ, օրինակ, «Քաղցրիկ Հունանյան» Ա/Ձ-ին տուգանել են 500 հազար դրամով, եթե նա լուծարվում է, ո՞վ է վճարելու պետությանը հասցված վնասը կամ որպես ինչ է՝ խախտման համար գումար վճարում: Մենք պետությանը վնաս չենք տալիս, միայն 60 միլիոն դրամից ավելի տարեկան սոցվճար ենք մուծում: Մենք անգամ կհամաձայնվենք կրպակի ձեւը փոխել, ասենք, եթե ասեն՝ այսինչ մատերիալից ու այսինչ չափի պետք է լինի, որպեսզի քաղաքի տեսքը չխաթարվի»:
Այս առնչությամբ պարզաբանումներ խնդրեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարանից, որտեղից խոստացան մեր հարցերին պատասխանել առաջիկա օրերին, մանավանդ որ, դրանք նաեւ իրավական բնույթ ունեն: Մինչ այդ նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանական վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը վերջերս մեր թերթին տված հարցազրույցում նշել էր, որ այն բոլոր կրպակները, որոնց տեղում նախկինում եղել է կանաչ տարածք, բոլորը հանվելու են, ու այդ տարածքները կանաչապատվելու են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել