Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԴ-Ն ՈՐՈՇԵՑ ՀՕԳՈՒՏ «Ա1+»-Ի

Հուլիս 16,2011 00:00

Սահմանադրական դատարանը երեկ հակասահմանադրական ճանաչեց մի նորմ, որը Վճռաբեկ դատարանը կիրառել է «Ա1+»-ի նկատմամբ:
ՍԴ-ն երեկ «Մելտեքս» ՍՊԸ «Ա1+» հեռուստաընկերության հայցը քննարկել է միացյալ գործում, որտեղ միավորվել են ՀՀ ՍԴ-ի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման օրենսդրական ընթացակարգերի սահմանադրականությունը վիճարկող գործերը:
«Մենք դիմել էինք ՍԴ՝ վիճարկելով այն նորմը, որը կիրառվել էր Վճռաբեկ դատարանի կողմից, եւ ընդհանուր կարգով մերժվել էր «Ա1+»-ի վճռաբեկ բողոքը՝ դատական ակտը վերանայելու վերաբերյալ, որը կայացվել էր 2004 թ.: Եվրոպական դատարանի որոշումը ստանալուց հետո մենք դիմել էինք Վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել 2004 թ. «Ա1+»-ի նկատմամբ կայացված դատական ակտերը, սակայն Վճռաբեկ դատարանն այդ ժամանակ կիրառեց մի նորմ, որն արդեն ՍԴ-ն ճանաչել էր հակասահմանադրական»,- ասաց ՍԴ-ում «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Զեյնալյանը:
2004 թ. «Ա1+»-ը վիճարկում էր իր նկատմամբ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կայացրած վարչական ակտերի համաչափությունը, ինչպես նաեւ ՀՌԱՀ-ի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը խախտելու փաստը:
«Ա1+»-ը Եվրոպական դատարանում հաղթեց: Դատարանն արձանագրեց, որ ՀՀ վարչական մարմնի կողմից խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, եւ ՀՀ ներպետական դատարանները չեն արձանագրել այդ ակտը: Ուստի այդ ակտերը հիմա պետք է բեկանվեն»:
Այսօր ՍԴ-ն կրկին հաստատել է իր դիրքորոշումը, որ Վճռաբեկ դատարանը «Ա1+»-ի նկատմամբ հակասահմանադրական նորմ է կիրառել, որի արդյունքում «Ա1+»-ի օգտին Եվրոպական դատարանի կայացրած որոշումը դեռ չի կիրառվել, այն է՝ հավասար պայմաններ ստեղծել «Ա1+»-ին եթեր վերադարձնելու համար:
ՍԴ-ի որոշումը օրենքի ուժ ստանալուց հետո ԱԺ-ն պետք է համապատասխան փոփոխություններ կատարի «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքում, վերացնի այն հակասահմանադրական ակտը, որ 2004 թ. «Ա1+»-ի նկատմամբ կիրառել է Վճռաբեկ դատարանը:
«Դրանից հետո մենք նորից կդիմենք Վճռաբեկ դատարան, որպեսզի Վճռաբեկը բեկանի 2004թ. «Ա1+»-ի նկատմամբ կայացրած իր որոշումները՝ կամ նոր դատական ակտ կայացնի՝ Եվրոպական դատարանի լույսի ներքո, կամ բեկանի եւ ուղարկի Վարչական դատարան՝ նոր քննության»,- ասաց պարոն Զեյնալյանը:
Քանի որ ՍԴ-ի որոշումը դեռ չեն տրամադրել «Ա1+»-ին՝ Արտակ Զեյնալյանը դժվարացավ հստակ ասել, թե այն երբ օրենքի ուժ կստանա. «Ամենայն հավանականությամբ՝ նոյեմբերի սկզբին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել