Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ

Հուլիս 16,2011 00:00

\"\"Քաղաքակիրթ աշխարհը վաղուց սահմանել է քաղաքական ուժերի երկխոսության տեղն ու ձեւը: Դրա համար կա խորհրդարան: Քաղաքական ուժերի դերակատարությունն արդարացված է, եթե նրանք ունեն ժողովրդի քվեն կամ ներկայացնում են ժողովրդի մի հատվածի շահերը: Քաղաքական ուժ լինելն ինքնին բավարար չէ պետական քաղաքական կյանքի մասնակից լինելու համար: Պետք է ընտրությունների արդյունքում խորհրդարանի մաս կազմել եւ այնտեղ էլ զբաղվել թե սեփական պատկերացումների մատուցմամբ եւ թե երկ-եռ-քառ կամ ավելի խոսությամբ: Հայաստանի Սահմանադրությունը նախատեսում է խորհրդարան, կառավարություն, նախագահ, համայնքներ, սակայն հատուկ երկխոսության հաստատություն չի նախանշում: Եթե այդպիսի բան լիներ, ապա կիմաստազրկվեր խորհրդարանը: Մեր օրերում այդքան չարչրկվող երկխոսության գաղափարը ունի ենթաշերտեր: Իշխանական թեւը երկխոսության գնալով արտախորհրդարանական ուժերի հետ՝ անուղղակիորեն վավերացնում է իր նկատմամբ արտահայտվող «ոչ լեգիտիմ» գնահատականը: Իսկապես, արդար ընտրություններով ձեւավորված իշխանությունը նույնիսկ ամենահզոր ու զանգվածային դրսեւորումների դեպքում կարձագանքեր ընդամենը ներկայացվող պահանջների նկատմամբ իր դրական կամ ժխտողական վերաբերմունքի ու գործողությունների արտահայտմամբ: Երբ իշխանությունների հրաժարական պահանջող ուժին առաջարկվում է երկխոսել կամ ընդունվում է այդ ուժի երկխոսելու առաջարկը, անկախ հետագա ընթացքից, ամրագրվում է անօրինական իշխանության առկայության պատկերացումը: Ամրագրվում է հենց իր՝ իշխանության կողմից: Չգիտեմ, այս երեւույթը գիտակցելո՞վ են երկխոսությունից այդքան խոսում իշխանությունների հրաժարական կամ, որ նույնն է, արտահերթ ընտրություններ պահանջող լեւոնականները, թեէ՞ պատահական է այդպես ստացվել, բայց տեղին է խորհել, որ իշխանակիրներն էլ հաշվարկներ անել կիմանան եւ երկխոսության նյութը ամիսներ շարունակ ծամծմելով՝ արտահերթ ընտրությունների գաղափարը կհասցնեն հերթական ընտրություններին, այսինքն՝ իրենց մարտավարական եւ հոգեբանական հաղթանակին: Իշխանությունը պարտավոր է լսել եւ արձագանքել բոլոր քաղաքացիների, այդ թվում արտախորհրդարանական ընդդիմության պահանջներին, սակայն ոչ երբեք երկխոսել: Եթե իրեն պարտավորված զգա երկխոսել, ուրեմն իշխանություն չէ կամ էլ գիտակցում եւ ընդունում է, որ իշխանական լծակներին ապօրինաբար տիրացած ուժ է եւ ոչ ժողովրդի մեծամասնության աջակցությունը վայելող օրինական իշխանություն:
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել