Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարզպետը գոհ է իր աշխատանքից

Հուլիս 16,2011 00:00

Իսկ Արարատի արտեզյան հորերը ցամաքում են

Երեկ Արարատում, իր պաշտոնավարման մեկ տարվա առիթով, լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը ամփոփեց մարզի վերջին մեկ տարվա տեղաշարժը: Ասաց, որ այս տարին, ի տարբերություն նախորդ տարվա, բարեհաջող էր ծիրանի բերքի հարցում: Ըստ պաշտոնական տվյալի, մթերվել է 21 տոննա ծիրան, որից 7 հազարը արտահանվել է: Իսկ ՌԴ արտահանված ծիրանը վաճառվել է 5-6 հազար դրամին համարժեք ռուսական ռուբլիով: Ակնկալվում է նաեւ դեղձի առատ բերք: Նման բարձր ցուցանիշները մարզպետ Բարսեղյանը կապում է մարզի համար բարենպաստ բնակլիմայական գործոններով, ի հավելումն՝ արդյունավետ են գործել հակակարկտային կայանները: Մարզի պահածոների գործարանները, ըստ մարզպետի հավաստիացման, մթերել են այնքան ծիրան, որքան առաջարկել է գյուղացին:
Արարատը ունի նաեւ գյուղատնտեսական չլուծված խնդիրներ, օրինակ՝ չի մշակվում 4700 հեկտար հողատարածք՝ մի մասը ջրի բացակայության, մի մասն էլ անբարեխիղճ սեփականատերերի մեղքով:
2010-ի համեմատ ջրի խնդիրը մասամբ լուծվել է, բայց այն դեռ քիչ է, եւ հողագործները հաճախ են ջրի կռիվ տալիս իրար հետ: Առավել եւս, որ այս տարի Արարատի մի շարք համայնքներում բնակիչների բակերում փորված արտեզյան հորերը ցամաքել են: Ըստ արարատցիների, դրանք ցամաքել են մի քանի անհատների պատճառով, որոնք իրենց հսկայական հողատարածքները ջրելու նպատակով հզոր պոմպակայաններ են տեղադրել, եւ դրանք կլանում են ընդերքի ջրերը: Այդ առթիվ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ մարզպետն ասաց, որ մարզում գործում է 132 ձկնաբուծական տնտեսություն, որոնք օգտվում են 120 մ խորության ջրերից եւ ունեն հզոր պոմպեր, ուստի արտեզյան հորերի ցամաքումը պայմանավորված է հենց այդ ձկնաբուծարաններով: Մարզպետը հավաստիացրեց, որ այժմ այդ ձկնաբուծարանները բնապահպանության նախարարության ուսումնասիրության ներքո են: Մարզպետը հավելեց նաեւ, որ ըստ չճշտված տվյալների, հզոր պոմպակայաններ են տեղադրվել նաեւ Արաքսի մյուս ափին: Մեր մյուս հարցին, թե վերջապես երբ է վերանորոգվելու Մասիսի անբարեկարգ հիվանդանոցը, Արարատի մարզպետը պատասխանեց, որ հիվանդանոցում գնում են ֆինանսական եւ այլ բնույթի ստուգումներ, վերանորոգման հարցը պարզ կլինի ստուգումների արդյունքներն ամփոփելուց հետո:
Մարզպետը պաշտոնապես հայտարարեց, որ Այնթապ գյուղում մանկապարտեզ անպայման կառուցվելու է, իսկ աշխատանքները կսկսվեն մեկուկես ամսից: Ծրագիրը կֆինանսավորեն սոցներդրումների հիմնադրամն ու համայնքը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Արարատի մարզը բաժանված է 2-3 մասի՝  կապված որոշ անձերի հետ, ուստի ի սկզբանե կանխատեսվում էր, որ մարզպետին դժվար կլինի աշխատել նրանց հետ, մարզպետն անմիջապես բացեց հարցի փակագծերը եւ ասաց. մարզում կան երկու մեծ հեղինակություն ունեցող մարդիկ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Նա հավելեց նաեւ, որ իր համար ոչ թե դժվար է, այլ այդ մարդիկ իրեն բավականին օգնում են մարզի հիմնախնդիրները լուծելիս: Իսկ մեկ այլ հարցի, թե ծնունդով սյունեցի Էդիկ Բարսեղյանի համար դժվար չէ՞ աշխատել Արարատի մարզում, Արարատի մեկամյա մարզպետն ասաց, որ այս մեկ տարում հաճույքով է աշխատել, քանի որ մարզի ժողովուրդը շատ աշխատասեր է եւ կապված է հողին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել