Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է, ԹԵ ԻՆՉ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ»

Հուլիս 16,2011 00:00

\"\"Չի թաքցնում իր կարծիքը Ստյոպա Սաֆարյանը

– Դուք, որպես ՀԱԿ-կոալիցիա երկխոսությանը կողքից նայող քաղաքական ուժի ներկայացուցիչ, ի՞նչ եք մտածում՝ ինչի՞ մասին են խոսելու աշխատանքային խմբերը:
– Ամիսներ առաջ էինք մենք ասում, թե չենք հասկանում, թե իրենք ինչ են անում, որովհետեւ կողմերի պատկերացումները, ակնկալիքները, իրենց միջեւ անվստահությունը այնպիսի մի մակարդակի վրա են, որ անհասկանալի է, թե ինչ խնդիրներ են քննարկում, եւ, ընդհանրապես, այս ամիսների ընթացքում, որոնք բավականին ճակատագրական են եղել Հայաստանի համար՝ այս ընթացքում ավելացել է արտագաղթը երկրից, մարդկանց սոցիալ-տնտեսական պայմաններն են ավելի վատթարացել, երկրի կառավարման, քաղաքական պրոցեսների համար որոշակի պատասխանատվություն ունեցող քաղաքական ուժերը զբաղված են եղել իրար հասկանալով, ինչ-որ պատվիրակություններ կազմելով, եւ այսօր իսկապես անհայտ է, թե ինչ են քննարկելու իրենք:
– Բայց չէ՞ որ դրական բան դրանում կա, երբ իշխանությունն ու ընդդիմությունը ոչ թե մեկ-մեկու գլուխ են կոտրում, ոչ թե ջարդում-փշրում են, այլ փորձում են քաղաքակիրթ ձեւով երկխոսել. Դուք անձամբ դրա մեջ դրական բան տեսնո՞ւմ եք:
– Միանշանակ պիտի ասեմ, որ ամենեւին խնդիր չունեմ երկխոսության հետ, հակառակը՝ գտնում եմ, որ առճակատային տրամաբանությունը քաղաքականությունից պետք է դուրս մղվի, բայց խնդիրը տվյալ պարագայում այն է, որ երկու քաղաքական ուժ ցույց են տալիս, թե զբաղված են ինչ-որ բանով, բայց դրանից երկրում քաղաքացու վիճակը չի թեթեւանում:
– Օրերս մամուլի ասուլիսում «Ժառանգության» վարչության անդամ Կարինե Հակոբյանը հայտարարեց, թե ինքը չի ընդունում երկխոսություն-բանակցություն ասվածը, ուրեմն ասացեք, խնդրեմ, եթե հանկարծ իրավիճակն այնպիսի ընթացք ստանա, որ երկխոսելու քառակուսի կամ կլոր սեղանի շուրջ հրավիրվի նաեւ «Ժառանգությունը», ի՞նչ դիրքորոշում կունենաք:
– «Ժառանգության» գնահատականները երկրում ստեղծված իրավիճակի մասին հայտնի են բոլորին, այդ թվում եւ իշխանությանը: 21 խնդիրներ ենք դրել եւ ներկայացրել ենք բոլորի լուծումները: Եվ եթե իշխանությունը ցանկանում է երկրում ինչ-որ խնդիր լուծել, հաշվի առնելով «Ժառանգության» առաջարկները, առանձնակի կարիք չի ունենա ամիսներով սպասել պատվիրակության ձեւավորման, որպեսզի նստեն Ձեր ասած կլոր կամ քառակուսի սեղանի շուրջ: Խնդիրները հայտնի են, եւ երկխոսության համար պարտադիր չէ, որ ինչ-որ սենյակում լինի, բանակցություններով լինի, եւ իմ գործընկեր Կարինե Հակոբյանը հենց դա ի նկատի ունենալով է ասել: Երկխոսությունն այն է, երբ տեսանելի հաղորդակցություն կա քաղաքական ուժերի միջեւ, երբ մյուսի տեսակետը հաշվի է առնվում։
– Այս պահին նման բան չկա՞:
– Իշխանությունը ընդհանրապես խնդիր չի լուծում, ո՞ր խնդիրն է լուծում, ի՞նչ կա օրակարգում, որ դեռ փորձի իրեն նեղություն տալ, բացի «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունները կամ որոշումները, տեսնի, ինչ լուծում են պատկերացնում, որ մենք էլ հասկանանք՝ իրենք ուզո՞ւմ են խնդիր լուծել: Իրենք չեն ուզում խնդիր լուծել: Այսինքն՝ տվյալ պարագայում մենք գործ ունենք քաղաքական գործընթացի նման կեղծման հետ:
– Չե՞ք կարծում, որ բոլոր խնդիրները կլուծվեն այն ժամանակ, երբ ընդդիմադիր կամ իրենց ընդդիմադիր հայտարարած քաղաքական բոլոր ուժերը հանդես կգան միասնաբար՝ եւ համերաշխ կլինեն, եւ միասնաբար հանդես կգան իշխանության դեմ:
– Դա եղել է 2009-ի մեր առաջարկը, երբ մենք ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին առաջարկեցինք միավորել օրակարգերը եւ այդպես հանդես գալ ընդդիմություն-իշխանություն հարաբերություններում:
– Բայց իրենք էլ առանձին-առանձին նույնն առաջարկեցին, դուք էլ իրենց չմիացաք:
– Առանձին-առանձին բոլորը կարող էին ներկայացնել իրենց պատկերացումները, բայց որեւէ մեկը չեկավ եւ չնստեց, եւ չփորձեցին միավորել այդ երեք օրակարգերը: ՀԱԿ-ը 17 կետ տվեց, Դաշնակցությունը արձագանքեց, եւ սոցիալ-տնտեսական ծրագիր հրապարակեցին, եւ այդպես, բոլորս մնացինք մեր օրակարգերով: Սա նշանակում է՝ ոչ թե խնդիր էր դրվում օրակարգերը միավորելու, այլ խնդիր էր դրվել քաղաքական ուժերին իրենց կազմ մտցնել, ինչը չէր կարող ընդունելի լինել, եւ արդյունքում մեր նախաձեռնությունը մնաց անպատասխան:
– Սովորաբար ասում են, թե կանխատեսումներն անշնորհակալ գործ են, այդուհանդերձ հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը՝ ինչո՞վ կավարտվի Կոնգրես-կոալիցիա երկխոսությունը:
– ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը ներկայիս հայտարարությունների ֆոնի վրա, եթե դրանից դուրս այլ բաներ չկան, ապագա չունի: Որովհետեւ եթե ՀԱԿ-ն ասում է, որ արտահերթի հարցն է քննարկելու, իսկ իշխանությունն ասում է, որ նման հարց չի կարող քննարկել, եւ արտահերթի հիմքեր չկան, սա նշանակում է, որ այդ երկխոսությունը, որ այս ամիսները մաշեց, մաշելով եւ ժամանակի, եւ բոլոր տեսակի ռեսուրսները, ապագա չի կարող ունենալ: Ինչպես շատ վերլուծաբաններ են նշում, այս ամենը կարող է ավարտվել ընդամենը ապագա ընտրությունների շուրջ ինչ-ինչ պայմանավորվածություններով։
– Իհարկե, խանդը եւ սերը քաղաքական կատեգորիաներ չեն, այդուհանդերձ, ուզում եմ հարցնել՝ «Ժառանգությունը» չունի՞  որոշակի խանդ ՀԱԿ-կոալիցիա հարաբերությունների հանդեպ:
– Ամենեւին ոչ, եւ եթե անգամ սա տեղի ունենար «Ժառանգության» հետ, եւ նման փոխհարաբերություններ փորձեին հաստատել «Ժառանգության» հետ, իմ կարծիքով, «Ժառանգությունը» միանշանակ մերժելու էր, որովհետեւ խնդիրն այն չէ, թե արդյոք «Ժառանգությունը» կամ որեւէ մեկը մասնակցո՞ւմ է այս պրոցեսին, խնդիրն այն է, որ այդ պրոցեսը ոչ միայն թափանցիկ չէ, ոչ միայն հասկանալի չէ, ոչ միայն կապ չունի, այլեւ պարզապես անընդունելի է իր տրամաբանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել