Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՀԵՐԹԻ ԵՎ ՀԵՐԹԱԿԱՆԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ Է

Հուլիս 16,2011 00:00

\"\"Վստահ է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանը

«Ընտրական օրենսգրքում» առաջարկված փոփոխությունների քննարկման փուլում, որոնցից մեկը վերաբերում էր հենց ԿԸՀ-ի եւ ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը, իշխանության ներկայացուցիչները ջանք չէին խնայում՝ համոզելու, որ ապակուսակցականացված հանձնաժողովները միայն կօգնեն ավելի ազատ եւ արդար ընտրություններ կազմակերպելուն: Բայց անվստահությունը, որը կար ընտրական հանձնաժողովների, մասնավորաբար՝ Կենտրոնականի նկատմամբ, էլ ավելի մեծացավ՝ նոր ԿԸՀ-ի ձեւավորման առիթով տեղի ունեցած զարգացումների արդյունքում: Միանգամից հօդս ցնդեցին իշխանության ներկայացուցիչների՝ մինչ այդ թափած բոլոր ջանքերը՝ ի հավաստիացումն նրա, որ «բարելավված» օրենքով ավելի լավ ընտրություններ կանցկացնենք: «Գործող իշխանությունը նոր խայտառակ օրենսգրքով, որքան էլ որ դա գովաբանվի, ձեւավորեց ԿԸՀ, որը դարձյալ ազարյանական է: Անկախ ձեւավորման մեթոդից՝ այսօր ունենք մի հանձնաժողով, որն իր կենսագրությամբ ապացուցել է, որ սպասարկելու է ռեժիմի վերարտադրությանը»,- երեկ «Առավոտին» իր կարծիքը փոխանցեց ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը: Ի դեպ, երեկ, մամուլի ասուլիսում, ԿԸՀ հին ու նոր նախագահ Գարեգին Ազարյանը, ի պատասխան լրագրողների դիտարկման, ընդունել է, որ հասարակության վերաբերմունքը հանձնաժողովի նկատմամբ հիմնականում բացասական է եւ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, այդ առիթով կարծիք է հայտնել, թե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, թեկնածուները ճիշտ չեն գնահատում իրենց հնարավորությունները՝ հասարակության մեջ նախատրամադրվածություն առաջացնելով: «Մենք միշտ ունենում ենք 10-ից ավելի կուսակցություններ, որոնք մասնակցում են համամասնական ընտրություններին, եւ բոլորը, դեռ չգրանցված որպես թեկնածու, հայտարարում են, որ ունեն առնվազն 65 տոկոս ձայն (դրանց մի մասը առնվազն հաղթահարում է 5 տոկոսը), երբ այդ ամբողջը գումարում ես, ստացվում է մոտ 999 տոկոս, բայց մեզ դպրոցում այլ բան են սովորեցրել»,- ասել է Ազարյանը: Հարցին, թե ԿԸՀ-ի նկատմամբ ձեւավորված հանրային կարծիքի համար արդյոք իր մեղքի բաժինը չի՞ տեսնում, Ազարյանը պատասխանել է. «Տեսնում եմ, իհարկե, ես չեմ կարող բոլորին սովորեցնել, թե ինչ է նշանակում ընտրություն, եւ ինչպես են դրանք կազմակերպում»: Նաեւ հավելել է. «Կեղծված ընտրությունները եւ ընտրությունների ժամանակ կեղծիքները տարբեր բաներ են: Ես չեմ ասել, որ ընտրությունների ժամանակ կեղծիքներ չկան կամ հնարավոր է դրանք ընդհանրապես բացառել: Եթե կլինի մեկը, որ կարող է ընդհանրապես բացառել կեղծիքները, հաճույքով իմ տեղը կզիջեմ նրան, եւ կարծում եմ, որ ԿԸՀ-ի մյուս բոլոր անդամներն էլ նույնը կանեն»:
Դավիթ Մաթեւոսյանից «Առավոտը» նաեւ հետաքրքրվեց՝ այս պարագայում, ընտրությունները եթե անգամ լինեն արտահերթ, ինչը պնդում է ընդդիմությունը, դրանց արդյունքները կարո՞ղ են արժանահավատ լինել: Մեր զրուցակիցը նկատեց, որ ազատ ընտրություններ անցկացնելու համար առավել մեծ դեր ունեն իշխանությունների կամքը եւ ընտրողների կամ հասարակության տրամադրություններն ու տրամադրվածությունը: Դավիթ Մաթեւոսյանը հույսեր չի փայփայում, որ գործող իշխանությունն ազատ ընտրությունների կազմակերպման քաղաքական կամք կդրսեւորի, բայց կարծում է, որ արտահերթ ընտրությունների դեպքում իրավիճակ է փոխվում. «Ես համոզված եմ, որ արտահերթ եւ հերթական ընտրությունների տարբերությունը նշանակալի է: Արտահերթի դեպքում ոչ միայն հասարակական վերահսկողությունը մեծ կլինի, այլեւ դա հատկապես ապագայի նկատմամբ հավատով լցվելու խնդիր է: Հերթական ընտրությունների ժամանակ ընտրողների մի պատկառելի մաս՝ հուսալքված, չի գնա ընտրության, չի հավատա ընտրության արդյունքներին, չի հավատա, որ հերթական ընտրություններն այս երկրում ինչ-որ բան կփոխեն: Արտահերթ ընտրությունների դեպքում այդ հոգեվիճակը փոխվում է»: Մեր զրուցակիցն արտահերթ ընտրությունները նաեւ իշխանության նկատմամբ հոգեբանական ճնշում է համարում, ու բնավ էլ պատահական չի համարում այն, որ իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչներն անընդհատ եւ տարբեր խոսափողներով ասում են, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու. «Իրենք լավ հասկանում են, թե դա ինչ է նշանակում»: Բայց անկախ նրանից, թե իշխանությունն ինչ վերաբերմունք ունի արտահերթ ընտրությունների նկատմամբ, պարոն Մաթեւոսյանը խորհուրդ է տալիս դիտարկել ՀԱԿ-իշխանություն փոխհարաբերությունների վերջին շրջանը. «Մի քանի դեպքերում իշխանությունները տարբեր խոսափողներով ասել են՝ այսինչ բանը չի լինի, բայց արդյունքում՝ արել են: Հիմա՝ հերքելով արտահերթ ընտրությունների հնարավորությունը, շատ լավ ծառայություն են մատուցում ՀԱԿ-ին, այն առումով, որ հասարակությունն այլեւս գիտակցելու է, որ դրանց պատվիրատուն ընդդիմությունն է: Որքան էլ որ հիմա հերքեն՝ իշխանությունները ստիպված են լինելու գնալ արտահերթ ընտրությունների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել