Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՔՍԸ՝ ՍՊՈՐՏԱՁԵՎ

Հուլիս 15,2011 00:00

Շուտով՝ մարդիկ սեքսի են գնալու

\"\"

«Սեքսն օգտակար է մարզիկների համար», «սեքսն առողջարար է» եւ «սեքսը մարզում է մարմինը» արտահայտությունները շատ են հնչում, բայց ով կմտածեր, որ դա իսկական դոգմա կդառնա եւ Միջազգային օլիմպիական կոմիտեն կորոշի սեքսը դարձնել սպորտաձեւ։ Նախօրեին միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ կոմիտեն քննարկումների արդյունքում որոշում է կայացրել սեքսը ճանաչել որպես սպորտաձեւ: Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների՝ պարոն Ռոգեն ասել է, որ դա մի հետաքրքիր եւ համարձակ որոշում է, որը մարդկության պատմության մեջ մեծ շրջադարձ կառաջացնի, իսկ բժշկությունը վաղուց է անդրադարձել եւ ապացուցել սեքսի դրական ազդեցությունը մարդկանց առողջության վրա։ Իհարկե, դժվար է չհամաձայնել բժշկության ապացույցների հետ, սակայն սեքսին նայել որպես սպորտաձեւ, հատկապես պահպանողական ազգերի համար, որոնք քիչ չեն, պարզապես անընդունելի է։ Այս սպորտաձեւը գնահատելու կամ այս ոլորտի տարբեր մրցույթների մասնակցելու չափորոշիչները Միջազգային օլիմպիական կոմիտեն դեռ չի մշակել, բայց չի բացառվում, որ դրանք կլինեն, ասենք՝ ինչքան շատ, այնքան՝ լավ, կամ կգնահատվեն սեքսով զբաղվողների ուժի ու չափի միավորները։ Իսկ սպորտաձեւում հմտանալու եւ մարզվելու համար, ամենայն հավանականությամբ, սեքսի մարզիկները կընտրեն հյուրանոցներ, «սաունաներ» կամ հատուկ մարզադաշտեր կկառուցվեն:

Բնականաբար, Միջազգային օլիմպիական կոմիտեն, այս սպորտաձեւում տարիքային, քաշային եւ այլ խմբեր առանձնացնելուց զատ, կդնի նաեւ տարիքային սահմանափակում, քանի որ անչափահասների հետ սեռական հարաբերություն ունենալը քրեորեն պատժելի արարք է: Շատ հետաքրքիր կլինի, թե «սեքսի գնալուց» ի՞նչ սկզբունքով են ընտրվելու զուգընկերները, որ դիրքով եւ դրսեւորման ձեւով կմրցեն, կհամբուրվե՞ն արդյոք, հաշվի կառնվե՞ն մարդկանց սեռական կողմնորոշումներն ու նախասիրությունները։ Ուշագրավ կլինի, եթե կին մասնակիցները հանկարծ հղիանան, փաստորեն այս սպորտաձեւը կխթանի նաեւ ծնելիությանը։

Եթե սեքսն իսկապես սպորտ դառնա, ապա սեքսի ոլորտի փիլիսոփայական հետազոտություններն այլեւս անիմաստ կդառնան, 2-րդ պլան կմղվեն զգացմունքները՝ սիրելը, սեքսուալ անհամատեղելիության հարցը, մարդու անձնականը եւ այլն։ Սա «Առավոտի» հետ զրույցում հաստատեց նաեւ հոգեբան Շուշանիկ Բաղդոյանը։ Նրա խոսքերով, իսկապես՝ սեքսն առողջարար է, բայց հոգեբանության տեսանկյունից ամենակարեւորը բավարարվածության զգացումն է. «Եթե կա զգացմունք, դա արդեն պարզապես սեքս չէ, այլ սիրով զբաղվել։ Ցանկացած սպորտաձեւում կա բավարարվածության չափանիշ, բայց այս ոլորտում մի քիչ այլ է։ Բացի այդ, մեր ազգային մենտալիտետը, մեր ավանդույթները, այդ ամենը մեծ խոչընդոտ կլինեն այդ սպորտաձեւի ներդրման համար։ Ես ընդհանրապես չեմ կարող սեքսն ընդունել որպես սպորտաձեւ, որովհետեւ սեքսը զուտ 2 հոգու մեջ կատարվող մի պրոցես է, որը կարող է տարբեր հոգեվիճակների հասցնել, ու ոչ մի կերպ չեմ պատկերացնում ինչպես կարելի է, օրինակ, սեքսի մրցումների մասնակցել եւ ինչպես է դա հնարավոր, որ հանդիսատեսի ներկայությամբ զբաղվեն այդ «մարզաձեւով»։ Ես կարծում եմ, որ եթե մենք ձգտում ենք պահպանել առաքինի եւ հնազանդ հայ աղջկա եւ կնոջ կերպարը, ապա ովքեր են լինելու մեր սեքսի մարզիկները, թե՞ դա միայն տղամարդկանց համար է»։

Բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի խոսքերով էլ, սեքսը որոշ դեպքերում իսկապես նման է սպորտի. «Մարդիկ, տրվելով սիրախաղերին, հազվադեպ են մտածում, թե այդ ընթացքում օրգանիզմում քիմիական մակարդակով ստույգ ինչ է տեղի ունենում: Այս դեպքում օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական փոփոխությունները որոշ չափով նման են հաճելի ֆիզիկական աշխատանքից հետո ի հայտ եկող պատկերին, մասնավորապես՝ գրգռված վիճակում տղամարդու եւ կնոջ օրգանիզմում սկսում է ակտիվորեն արտադրվել կախարդական հատկություններով օժտված մի հորմոն՝ օքսիտոցին, որը մարդկության գեղեցիկ կեսի մոտ փոքր-ինչ ավելի դանդաղ է արտադրվում, հենց այս պատճառով էլ կանայք ավելի երկարատեւ նախերգանքի կարիք են զգում, քան նրանց զուգընկերները: Սեքսի ժամանակ շնչառությունը դառնում է ավելի խոր, քան սովորական վիճակում, ուստի թոքերն ակտիվորեն օդափոխվում են, եւ արյան մեջ թթվածնի ավելի շատ պաշարներ են մտնում: Այն 2-15 վայրկյանների ընթացքում, երբ միջինում տեւում է օրգազմը, կտրուկ բարձրանում է արյան ճնշումը՝ վերեւինը գրեթե 20-ով, ներքեւինը՝ մինչեւ 40-ով, իսկ սրտի կծկումների արագությունը երբեմն աճում է մինչեւ 160 զարկ մեկ րոպեում: Հայտնի է, որ ակտիվ սպորտաձեւերի ժամանակ արյան մեջ ավելանում են կենսաբանական ակտիվ նյութերի, որոշ հորմոնների մակարդակը: Նույն պատկերը դիտվում է նաեւ սեռական ակտի ժամանակ: Բացի այդ, ապացուցված է, որ ակտիվ սեռական կենսակերպը նպաստում է ազատվել ավելորդ քաշից, սթրեսներից, ստեղծում է լավ տրամադրություն եւ բարձրացնում է իմունիտետը: Այս առումով, իհարկե, սեքսը նման է սպորտաձեւին, բայց լրիվ նույնացնել չի կարելի, քանի որ սեռական կյանքը զույգային ֆունկցիա է, պահանջում է ներդաշնակության եւ փոխվստահության մթնոլորտ ու ամենակարեւորը՝ իրագործվում է զգացմունքային ալիքի ազդեցությամբ: Այս տեսակետից սպորտը եւ սեքսը տարբեր հասկացություններ են, մեկը մյուսին լրացնող, բայց՝ ոչ նույնական»: Ըստ նրա, ապացուցված է, որ ինտենսիվ սեքս-ռեժիմը նպաստում է ինֆարկտով հիվանդանալու ռիսկի, ինչպես նաեւ մահացության նվազմանը այն մարդկանց շրջանում, ովքեր շաբաթը 2-3 անգամ օրգազմ են ապրում: Կանոնավոր սեքսը՝ շաբաթը մի քանի անգամ, ամբողջ ակտիվ կյանքի ընթացքում կարող է երկարացնել նույն այդ կյանքը 7-10 տարով. «Սեքսապաթոլոգները պարզել են, որ սեքսուալ ակտիվ մարդկանց արյունը պարունակում է 30% ավելի շատ հակամարմիններ, որոնք օգնում են հաղթահարել վնասակար միկրոօրգանիզմներին, այդ թվում նաեւ գրիպի ու մրսածության հարուցիչներին: Արյունատար եւ սրտանոթային համակարգի սեքսուալ ցնցումը հանգեցնում է ուղեղի որոշ կենտրոնների ակտիվացման, որոնք հանգիստ պայմաններում «ննջում» են: Եթե մարդը բուռն սիրախաղից հետո չի քնել, ցանկալի է, որ նա զբաղվի գործով կամ ստեղծագործական աշխատանքով: Հենց ուղեղի կենտրոնների ակտիվացման շնորհիվ լավանում է ուշադրության կենտրոնացումը, աճում են հիշողության հնարավորությունները, «արթնանում» է ստեղծագործական պոտենցիալը: Արյան ակտիվ նորացումն ունենում է նաեւ հրաշալի կոսմետոլոգիական արդյունք: Չէ՞ որ թթվածնով առատորեն հարստացած արյան շրջանառությունը նպաստում է հյուսվածքներում, այդ թվում՝ դեմքի եւ մարմնի մաշկի, նյութափոխանակային պրոցեսների արագացմանը: Բացի այդ, սեքսուալ սխրանքների պահերին օրգանիզմում հորմոնային փոփոխությունները նպաստում են կոլագենի ավելի ակտիվ արտադրությանը, որ մաշկը դարձնում է ավելի երիտասարդ, ձիգ եւ հմայիչ»:

Քանի որ խոսքը վերաբերում էր սպորտին, մենք դիմեցինք նաեւ հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին։ Նրա առաջին ռեակցիան շոկային էր. «Այ քեզ բան, ինչ ասես կհորինեն։ Ի՞նչ են անելու, եսիմ ում մաման գնալու ա մարզադաշտ, եսիմ ում հետ մրցի, նրա որդին ու ամուսինն էլ բալետ են անելու, ասելո՞ւ են՝ մեր մաման սեքսի չեմպիոն ա։ Նրա՞նց էլ են նայելու 50 հազար բալեշչիկ»։ Ի. Հակոբկոխյանը նաեւ հավելեց. «Ես սիրով զբաղվելը հասկանում եմ, բայց սեքսը որպես սպորտաձեւ չեմ հասկանում։ Գիտեմ, որ սիրով զբաղվելուց երեխաներ են ծնվում, իսկ նման սեքսից չեմ հասկանում ինչեր կծնվեն։ Ես զբաղվում եմ սիրով, չեմ կարող ասել՝ սեքսը սպորտ է, թե արվեստ, պետք է գիտակներից հարցնեք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել