Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օպերատորը հարսնացու է, ռեժիսորը՝ փեսացու»

Հուլիս 15,2011 00:00

Կամ վավերագրություն՝ ըստ ռեժիսոր եւ օպերատոր Պավել Կոստոմարովի

\"\"«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային փառատոնի շրջանակներում արդեն երկրորդ անգամ Հայաստանում է ռուս հայտնի ռեժիսոր եւ օպերատոր Պավել Կոստոմարովը: Առաջին այցելությունը անցյալ տարի էր՝ կրկին «Ոսկե ծիրանի» առիթով, երբ նրա «Երկուսով» ֆիլմը ճանաչվեց փառատոնի լավագույն վավերագրական կինոնկար:

Երեկ ռեժիսորը վարպետության դաս անցկացրեց Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում: Առաջին մասնագիտությամբ Պ. Կոստոմարովը կենսաբան է, սակայն ուսանողական տարիներին պատահականության բերումով սիրահարվել է ֆոտոխցիկին եւ «դավաճանել» կենսաբանությանը:

Ռուս անվանի ռեժիսորը մինչ օրս ուսանում է ՎԳԻԿ-ում: Ասում է՝ ժամանակ չի ունենում ավարտել ինստիտուտը: Նրա խոսքով, ռեժիսոր դառնալու ծրագրեր չի ունեցել. «Երկու տարի օպերատորություն սովորելուց հետո մեզ՝ ուսանողներիս հանձնարարեցին կինո նկարել: Այդպես սկսեցի նկարել՝ աշխատել ֆիլմերում որպես օպերատոր: Որքան օպերատորություն էի անում, այնքան հոգեկան ճնշվածությունս մեծանում էր նկարահանման հրապարակում, զգում էի, որ ինձ օպերատորությունը դուր չի գալիս, մտովի ձգտում էի դեպի ռեժիսորի աթոռը»: 2004-ից նա հանդես է գալիս որպես ռեժիսոր: Պ. Կոստոմարովը խոստովանում է, որ նկարահանման հրապարակում ինքը որպես օպերատոր ռեժիսորի հետ միշտ տարաձայնությունների մեջ է լինում. «Ռեժիսորն ինձ համար յուրահատուկ անձնավորություն է, ում հետ ես պետք է պարտադիր ունենամ բարիդրացիական հարաբերություններ, այլապես մեր աշխատանքը կտապալվի: Եթե ես օպերատոր եմ նկարահանման հրապարակում, որպես ռեժիսոր աշխատում եմ ընտրել ինձ հարազատ մարդկանց: Գործը գլուխ բերելու համար նկարի ռեժիսորը պետք է առնվազն ինձ հարազատ եղբոր պես լինի, այն էլ մեծ եղբոր, ում խոսքը ես հաշվի կառնեմ: Երեւի սա է պատճառը, որ ամեն մի ֆիլմ չեմ համաձայնում նկարել, քանի որ ոչ բոլոր ռեժիսորների հետ եմ լեզու գտնում»: Ըստ նրա, իրականում տհաճ է նկարահանման հրապարակում լինել օպերատոր. «Թող չթվա՝ ռեժիսորի աթոռին ձգտելով՝ ուզում եմ ղեկավարել նկարահանման հրապարակում, լինել գլխավորը, որ ինձ ենթարկվեն բոլորը: Ընդամենը ուզում եմ ինձ ենթարկել ֆիլմը՝ նկարահանվող կադրերը, թեման, խոսքը: Նկարահանվող ֆիլմում օպերատորն ասես ներկարար է, ում կանչել են՝ ներկելու պատերը, առաստաղը, պարիսպը: Դու ուրիշ անելիք չունես, որովհետեւ անում ես այն, ինչ քեզ ասում են, այլ ոչ թե՝ ինչ ուզում ես: Պետք է ներկես այն, ինչն արդեն պատրաստ է եւ ոչ մի փոփոխություն չես կարող մտցնել այդ պատի, առաստաղի մեջ: Ռեժիսորը տունը կառուցողն է: Դժվար է, երբ ներկում ես տուն, որը քեզ թվում է սխալ կառուցած է ու փլվելու ենթակա»: Ռուս ռեժիսորի համոզմամբ՝ օպերատորի կարգավիճակը նման է հարսնացուի կարգավիճակին. «Չնայած օպերատորները սովորաբար արական սեռի ներկայացուցիչներ են, բայց նրանք հարսնացուի դեր են տանում, ռեժիսորներն էլ՝ փեսացուի, որովհետեւ քեզ պետք է ընտրի որեւէ տղամարդ, այս դեպքում ռեժիսորը, եւ դու պարտավոր ես լինել հավատարիմ կին: Փեսացուն կարող է լինել հարբեցող, անհավատարիմ, փոփոխական: Դու պարտավոր ես ենթարկվել, քանի որ նա՛ է քեզ ընտրում, ոչ թե դու՝ իրեն: Նույնը օպերատոր- ռեժիսոր հարաբերություններն են»:

Այս տարի «Ոսկե ծիրանին» ներկայացված է Կոստոմարովի եւ Ալեքսանդր Ռաստորգուեւի համատեղ՝ «Ես քեզ սիրում եմ» ֆիմը: Ֆիլմում մարդկանց կյանքի իրական դրվագներ են՝ առանց բեմադրված տեսարանների, նախապես գրված սցենարի, լուսային ու ձայնային էֆեկտների: Ռեժիսորի խոսքով. «Սա նախագիծ է, որ երկու տարի է տեւել: Ռոստովում հայտարարեցինք քասթինգ՝ ֆիլմում նկարահանվելու համար: Հավաքվեց շուրջ 1700 տարբեր խավի, տարիքի, կրթության մարդ: Քասթինգի ընթացքում նրանցից յուրաքանչյուրը սպասում էր, որ ինչ-որ բանաստեղծական հատված պետք է արտասանի, դեր խաղա, բայց մենք սկսեցինք նրանց հետ ուղղակի զրուցել: Հարցեր էինք տալիս՝ ի՞նչ հարաբերությունների մեջ ես հորդ հետ, ե՞րբ ես վերջին անգամ սեռական հարաբերություն ունեցել: Արդյունքում ընտրվեցին երեք ամենաանկեղծ եւ բաց երիտասարդները, որոնց ձեռքը տվեցինք տեսախցիկներ եւ ասացինք՝ նկարեք այն, ինչ կատարվում է ձեր կյանքում: Արդյունքում ստեղծեցինք ֆիլմ՝ այդ նկարահանումներով: Սա իրական կյանք է, իրական վավերագրական կադրեր, կենդանի կյանք՝ էկրանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել