Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ԷՐ, ՎՐԱՍՏԱՆԸ՝ ԲԱՑԱԿԱ, ԻՍԿ ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ՈՉ ԱԿՏԻՎ

Հուլիս 15,2011 00:00

Հարցազրույց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանի հետ

\"\"
Պուլովոյի աստղադիտարանի տնօրեն Ալեքսանդր Ստեպանովը (ձախից) եւ
Եվրոպական աստղագիտական ընկերության  նախագահ Թերի Կուրվոզյեն:

Հուլիսի 4-8-ին Սանկտ Պետերբուրգում կայացավ Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ, EAS) հերթական համագումարը: Մասնակցում էին եվրոպական երկրների ավելի քան 640 աստղագետներ եւ այլ հյուրեր: Հայաստանից համագումարին մասնակցեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, որը նաեւ Վիրտուալ աստղադիտարաններին նվիրված նստաշրջանի համակազմակերպիչն էր եւ հրավիրված զեկուցող:

– Ինչո՞վ էր առանձնահատուկ եւ նշանակալի Հայաստանի համար սանկտպետերբուրգյան համագումարը:

– Սա եվրոպական աստղագիտական հերթական համագումարն էր, որ անցկացվում է ամեն տարի՝ եվրոպական երկրներից մեկում: 2007 թ. նման համագումար անցկացրինք Երեւանում, ներկա էին շատ հայտնի գիտնականներ: Հայաստանը միշտ մասնակցում է այս կարեւորագույն միջոցառմանը. ինքս էլ մասնակցել եմ, 2000 թվից սկսած, բոլոր համագումարներին, ընդհանուր առմամբ՝ արդեն 11: Յուրաքանչյուր երկիր ձգտում է ներկայացնել իր աստղագիտությունը, վերջին տարվա կարեւորագույն արդյունքները եւ մշակումները: Իհարկե, կարեւոր է մասնակցել զեկուցումներով, ինչը գիտական ակտիվության վկայություն է: Մասնավորապես, առավել հեղինակավոր են հրավիրված զեկուցումները: Նշեմ նաեւ, որ Հայկական աստղագիտական ընկերությունը Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) մեջ միավորված 24 ազգային ընկերություններից մեկն է, եւ մեր մասնակցությունը նշանակում էր նաեւ մասնակցել եվրոպական աստղագիտության ընդհանուր հարցերի քննարկմանը, ինչը տեղի ունեցավ համագումարում եւ ԵԱԸ խորհրդի նիստերում:

– Դուք տարբեր նստաշրջաններում ներկայացրիք 3 զեկուցում: Եթե հնարավոր է, մի փոքր մանրամասնեք, խնդրեմ: Ի՞նչ արձագանքներ ունեցան այդ զեկուցումները:

– Ես ունեի 3 տարբեր զեկուցումներ. մեկ հրավիրված, մեկ սովորական եւ մեկ հաշվետու զեկուցում: Առաջինը Վիրտուալ աստղադիտարաններին նվիրված նստաշրջանում էր եւ նվիրված էր աստղագիտական մեծածավալ շրջահայություններին, տվյալների շտեմարաններին եւ արխիվներին: Այդ զեկուցումը պատրաստել էի դասախոսության ձեւով, քանի որ ներկա էին մեծ թվով երիտասարդներ, եւ հատկապես կարեւոր է նրանց սովորեցնել արդյունավետ կերպով օգտվել վիրտուալ աստղադիտարանների միջավայրի հնարավորություններից: Եվ իսկապես, զեկուցումիցս հետո շատերը մոտեցան եւ խնդրեցին, որ իրենց տրամադրեմ համապատասխան ֆայլերը, որ կարողանան նաեւ օգտագործել իրենց մոտ: Մեկ այլ զեկուցում ներկայացրի աստղագիտական կրթությանը եւ մասսայականացմանը նվիրված նստաշրջանում, որտեղ պատմեցի այդ բնագավառում Հայաստանում եղած իրավիճակի մասին, այդ թվում մեր վերջին նախաձեռնության՝ գիտական լրագրության մասին: Երրորդ զեկուցումս հաշվետվություն էր Եվրոպական հարավ-արեւելյան տարածաշրջանային կոմիտեի գործունեության մասին: Քանի որ կոմիտեի նախագահը բացակա էր, ես՝ որպես այդ կոմիտեի անդամ, ներկայացնում էի այդ հաշվետվությունը: Հայաստանը նույնպես մտնում է այդ կազմակերպության մեջ:

– Դուք Վիրտուալ աստղադիտարաններին նվիրված նստաշրջանի համակազմակերպիչն էիք: Այդ համատեքստում ինչպե՞ս ներկայացվեց Հայկական աստղագիտական ընկերությունը, ի՞նչ շեշտադրումներ արվեցին:

– Ինչպես ընդունված է, այսպիսի համագումարների առանձին նստաշրջանները կազմակերպվում են երկու գիտնականների կողմից, ընդ որում, որպես կանոն, մեկն ընտրվում է կազմակերպիչների կողմից, մյուսը ներկայացնում է միջազգային աստղագիտական հանրությունը: Վիրտուալ աստղադիտարաններին (ՎԱ) նվիրված նստաշրջանն էլ կազմակերպում էինք երկուսով՝ Ռուսաստանի ՎԱ ղեկավար Օլեգ Մալկովը եւ ես՝ որպես հայկական ՎԱ ղեկավար: Սա արդեն մեր ՎԱ բարձր գնահատանքի նշանն էր, քանի որ ներկա էին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի եւ այլ երկրների ՎԱ նախագծերի ներկայացուցիչները: Հատկապես հետաքրքիր անցավ իմ կողմից կազմակերպված վերջին նիստը, որտեղ քննարկվեցին եւ ամփոփվեցին ողջ նստաշրջանի արդյունքները եւ նախանշվեցին հետագա անելիքները: Հպարտությամբ կարող եմ ասել, որ բոլորովին վերջերս ՎԱ միջավայրում ներդրված Մարգարյանի թվայնացված շրջահայությունը մասնակիցների կողմից մեծ հետաքրքրություն էր առաջացրել:

– Տարածաշրջանի երկրներից ի՞նչ մասնագետներ էին մասնակցում եւ արդյո՞ք գիտական այս հավաքը քաղաքական ինչ-ինչ ենթատեքստեր ուներ:

– Ամեն անգամ ուշադրություն եմ դարձնում, թե ովքեր են մասնակցում մեր հարեւան երկրներից: Կար Ադրբեջանի Շեմախիի աստղադիտարանի տնօրենը, սակայն նա եկել էր ներկա գտնվելու համար եւ ոչ մի ակտիվ մասնակցություն չցուցաբերեց: Վրաստանից այս անգամ ոչ ոք չկար, եւ դա գուցե պայմանավորված է համագումարի՝ Ռուսաստանում անցկացվելու հանգամանքով (ահա եւ քաղաքական ենթատեքստ): Կային թուրք աստղագետներ. ի դեպ, Թուրքական աստղագիտական ընկերությունը վերջերս ընդունվեց ԵԱԸ կազմ: Զուգահեռաբար անցկացվեց նաեւ Եվրասիական (նախկին Խորհրդային Միության երկրների) աստղագիտական ընկերության համագումարը, որին մասնակցում էին Խորհրդային Միության աստղագետները: Եվ քանի որ ես վերընտրվեցի այդ ընկերության գործադիր խորհրդի կազմում, կարծում եմ՝ դա մեկ անգամ եւս հաստատեց մեր տարածաշրջանում՝ Հայաստանի աստղագիտության մեջ ունեցած դերի կարեւորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել