Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը եւս 18 դեսպան ունեցավ

Հուլիս 15,2011 00:00

Նրանք սփյուռքահայ լրագրողներն են

\"\"18-ից 18-ը՝ գերազանց: Այս արդյունքը անսպասելի հիացրել եւ հպարտացրել էր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Սփյուքահայ լրագրողներն էին այդ գնահատականին արժանացել՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում 3-շաբաթյա վերապատրաստման դասընթացներից հետո: Նախաձեռնությունը սփյուռքի նախարարությանն էր:

Դասընթացն ավարտվեց երեկ, քննություն հանձնողները եւ քննական հանձնաժողովը սփյուռքի նախարարությունում՝ նախարար Հրանուշ Հակոբյանի ձեռքից ավարտական վկայականներ ստացան: «Կեցցեն սփյուռքի \"\"լրատվամիջոցները, որ ձեզ այսպես կոփել են»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ երկար տարիներ լինելով դասախոս եւ ունենալով բազմաթիվ լավ ուսանողներ, երբեք 100%-անոց արդյունք չէր արձանագրել: Հրանուշ Հակոբյանը առաջին հերթին կարեւորում է տարբեր երկրների հայ լրագրողների ծանոթությունը եւ բարեկամությունը, որը, ըստ նրա, օգուտ կբերի հայրենիք-սփյուռք հարաբերությունների լավացմանը: Նախարարի մտքով անցավ շնորհակալագրեր ուղարկել այն լրատվամիջոցներին, որտեղից եկել էին այս՝ առաջին դասընթացների մասնակիցները:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ուսումնասիրելով սփյուռքի մամուլը, նկատել էր՝ նախկինում այնտեղ հզոր մամուլ ենք ունեցել. «Հետագայում մի քիչ թուլացավ ալիքը եւ մտահոգություն ունեի, թե արդյոք կունենա՞նք արժանավոր այն սերունդը, որ պիտի փոխարինի նախորդներին: Ես տեսնում եմ, որ ունենք այդ սերունդը եւ միասին կձեւավորենք»: Քննական հանձնաժողովի նախագահ Աստղիկ Գեւորգյանը նույնիսկ քննության ավարտին հուզվել էր՝ սփյուռքահայ լրագրողները մեծ պատասխանատվությամբ էին վերաբերվել դասընթացին եւ քննությանը. «Բոլորի մեջ ամրացված են հայրենիքի, հայրենասիրության, ազգային արժեքի տերը լինելու, հայապահպանության գաղափարները»,- ասում է նա՝ սփյուռքի նախարարին հավատացնելով. «Դուք իմացեք, որ հայրենիքից դուրս 18 դեսպան ունեք»:

Ծնվել է Հնդկաստանում, հետո ապրել Հայաստանում, հիմա էլ ԱՄՆ-ում է սովորում: Իր մասին «Առավոտին» պատմում է Նարեկ Սերֆերյանը: Սփյուռքահայ լրագրող է: Արդեն 3 շաբաթ Հայաստանում է, դասընթացի մասնակիցներից է: «Ուրախ եմ, որ այստեղ եմ, ամեն ինչ հարազատ է ինձ»,- ասում է նա:

Նեկտար Հարությունյանն էլ Եգիպտոսի «Արմավենի» հայալեզու ինտերնետային պարբերականի լրագրող է: «Ես Հայաստանից եմ, ամուսնացել եմ եգիպտահայի հետ: Ամեն անգամ Հայաստանից գնալիս ինձ հետ տանում եմ հայրենիքիս եւ ծնողներիս կարոտը,- ասում է նա՝ նշելով, որ այս անգամ կարոտին միանում են գիտելիքները եւ փորձը,- կարծում եմ՝ եգիպտահայ մամուլին իմ ստացած գիտելիքները շատ պետք կգան: Այնտեղ այս ոլորտում հիմա աշխատում են հիմնականում տարեցներ: Եգիպտահայ մամուլը ավելի սիրողական մակարդակում է, այստեղից սովորելու շատ բան կա»:

Անահիդ Գորգորյանը ամեն տարի գալիս է Հայաստան՝ տարբեր դասընթացների մասնակցելու: Այս մեկն էլ նպաստեց կատարելագործմանը: Աբխազիայից է: Ասում է՝ Հայաստան ոտք դնելուն պես՝ միշտ տրամադրությունը բարձրանում է: Ուրախ է, նկատում է՝ իր հայրենիքը օրեցօր զարգանում է: «Կգնամ Աբխազիայում այս օրերին սովորածս կիրառելու, բայց ամենակարեւորը՝ այստեղ շատ հայ ընկերներ ձեռք բերեցի, ովքեր տարբեր երկրներից են»,- ասում է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել