Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԱՀՈԴ ՄՏՔԵՐ

Հուլիս 15,2011 00:00

Արձագանք Դավիթ Գրիգորյանի հարցազրույցին  («Առավոտ», 12.07.2011)

\"\"Կարելի է պատկերացնել, թե որքան արհամարհանքով է վերաբերվում Հայաստանին՝ այն տասից ավելի տարիներ առաջ Հայաստանը լքած Դ. Գրիգորյանը, որը թույլ է տալիս մի կարճ հարցազրույցում մի շարք ստահոդ մտքեր հայտնել, նման պահվածքի համար իրեն կվռնդեին այն հաստատությունից, որտեղ նա աշխատում է: Որեւէ մեկը ԱՄՀ-ում չէր հանդուրժի նման արհամարհանքը, որ թույլ է տալիս կարճատեւ այցով Հայաստանում գտնվող գաստրոլյորը:

1. Անդրադառնալով լրագրողի հարցին՝ կոալիցիայի կողմից ձեւավորված աշխատանքային խմբի վերաբերյալ պարոն Դ. Գրիգորյանը նշում է, որ «նման անթափանց գործընթաց վարելու մանդատ Տեր-Պետրոսյանին ժողովրդի կողմից չի տվել ոչ ոք»: Մի կարճլիկ նախադասության մեջ երկու սուտ. նախ որեւէ գործընթաց չկա եւ չի եղել, չի եղել որեւէ շփում, բանակցություն, երկխոսություն, որ այն էլ անթափանց լինի, ինչ գործընթացներ էլ եղել են՝ միայն հրապարակային, բոլորի աչքերի առաջ, այսինքն՝ առավել քան թափանցիկ: Այս պարզ իրողությունը աղավաղելու համար միայն դիտավորություն ունենալը քիչ է: Երկրորդ՝ Տեր-Պետրոսյանը իշխանությունների հետ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին բանակցությունների շատ կոնկրետ մանդատը ստացել է բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ եւ իրագործում է այդ մանդատը:

2. Գրիգորյանը ասում է. «Ընտրությունները կեղծելու եւ սեփական ժողովրդի հանդեպ ուժ կիրառելու իշխանության անփոփոխ ախորժակի կարեւորագույն գործոններին Տեր-Պետրոսյանական ընդդիմությունը ոչ մի կերպ չի անդրադառնում»: Այս սուտը պաթոլոգիկ բնույթ ունի, եւ միայն զարմանալ կարելի է, թե ինչպես են ԱՄՀ-ի նման հեղինակավոր կազմակերպությունում հանդուրժում նման հակումներ ունեցող մարդուն: Իսկ փաստերը այն են, որ ես եւ իմ ընկերները բազմիցս՝ հարյուրավոր միջոցառումներով ենք անդրադարձել «սեփական ժողովրդի հանդեպ ուժ կիրառելու իշխանության անփոփոխ ախորժակի կարեւորագույն գործոններին» եւ ինքներս, ի տարբերություն փափուկ վաշինգտոններում պատսպարված Գրիգորյանի, դարձել «ուժ կիրառելու» զոհեր: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին, ապա նա հենց հանրահավաքի ժամանակ է անդրադարձել «ընտրությունները կեղծելու գործոններին» եւ հենց դրանով է պայմանավորել արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով առաջարկվող բանակցությունները իշխանությունների հետ: Տեր-Պետրոսյանը նաեւ անդրադարձել է Ս. Սարգսյանի պնդումներին, որ երկխոսությունը իշխանությունն է նախաձեռնել, հիշեցնելով, որ վերջին երեք տարիների ընթացքում այդ «երկխոսության շրջանակներում» մեր կողմնակիցներին սպանել, ազատազրկել, հետապնդել եւ ունեզրկել է հենց իշխանությունը: Նման ստերով, պարոն Գրիգորյան, կվանեք անգամ «Սարդարապատի» անխոնջ մարտիկներին ձեզանից:

3. «Այս գործընթացն ուղղված է իրական ընդդիմության դեմ»: ՀԱԿ-ի հարյուրավոր անդամներ տարիներ անցկացնեն բանտերում, հազարավոր անդամներ հետապնդվեն իրավապահների կողմից, բիզնես կառույցներից խլեն սեփականություն, ընկերություններ դառնան իշխանության հարձակումների մշտական թիրախ, մենք անցկացնենք պարբերական բողոքի ամենատարբեր գործողություններ, որոնք գրեթե միշտ ուղեկցվում են ոստիկանական սադրանքներով, իսկ պարոն Գրիգորյանը «իրական ընդդիմությունը» ման է գալիս այլ տեղ: Հենց Գրիգորյանին էլ Բազազը ապօրինի բերման ենթարկի բաժին, կամ, Աստված մի արասցե՝ մի երկու տարով դառնա քաղբանտարկյալ, այն ժամանակ նա կհասկանա ով է չծախվող եւ չընկրկող, եւ ով է կաբինետային ու «պատասխանատու» ընդդիմությունը: Սակայն պարոն Գրիգորյանը չի էլ հասցնի մտածել այս իրողությունների վրա, քանզի կարճատեւ արձակուրդը վերջանում է…

4. «Իշխանությունները հասկանում են, որ այս օբյեկտիվ երեւույթների դեմն առնելու լավագույն միջոցն է՝ ստեղծել մի գործընթաց, որով կարելի է զանգվածների գոնե մի փոքր հատվածին խաբել՝ ցասումը պակասեցնելու միտումով»: Սա էլ պարզ սուտ է, քանզի հայտնի է, որ երկխոսության նախաձեռնողը ՀԱԿ-ն է, մենք ենք պահանջել կազմել պատվիրակություն եւ մենք ենք հրապարակել բանակցությունների օրակարգը: Միայն Ս. Սարգսյանն ու Դ. Գրիգորյանն են պնդում, որ երկխոսության նախաձեռնողն ու ջատագովը իշխանություններն են, ինչով մենք շնորհավորում ենք վերջինիս:

Ի վերջո, նման ոճի հայտարարություններ անելու համար պետք է մի փոքր տեղ ունենալ: Միայն պատվերը բավարար չէ, որ հարգարժան օրաթերթը օգտագործվի էժան ստերը շաղախելու համար: Նաեւ պատասխան է պետք տալ ասածների համար: Սպասենք արձագանքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել