Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սաքունցի հայցը նորից բավարարվեց

Հուլիս 15,2011 00:00

Ոստիկանությունում քաղաքացիների բռնության ենթարկելու  գործի քննությունը նորից կսկսվի

Հուլիսի 13-ին Իջեւանում, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հ/կ-ի հայցը, որով կազմակերպությունը պահանջում էր վերացնել ՀՀ ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի՝ քրեական գործ հարուցելու մերժման մասին որոշումը, եւ գործն ուղարկել նախաքննության:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է այն որոշմանը, որով քննիչը մերժել է քրեական գործ հարուցել ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատողների նկատմամբ, ովքեր, հայցվոր կողմի պնդմամբ, 2009 թվականի սեպտեմբերի 29-ին գողության մեջ կասկածելու մեղադրանքով ոստիկանություն տարված՝ Գյումրիի բնակիչներ Վլադիմիր Տոնոյանի եւ Արմեն Մելքոնյանի նկատմամբ բռնություն են գործադրել:

Բռնության մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին եւ քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական խմբի անդամ Միքայել Արամյանին Վանաձոր ՔԿՀ-ում հայտնել են Տոնոյանն ու Մելքոնյանը: Դատաբժշկական փորձաքննությամբ Վլադիմիր Տոնոյանի ուսահոդում եւ ձախ սրունքին հայտնաբերվել է արյունազեղումներ, քերծվածք, որոնք հասցվել են բութ, կոշտ առարկայով: Արթուր Սաքունցը ոստիկանների կողմից իրականացրած հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, սակայն Վանաձորի քննչական բաժնի քննիչ Է. Կարապետյանի կողմից կայացվել է քրեական գործ չհարուցելու մասին որոշում, որն իրավապաշտպանը բողոքարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այստեղ հայցը բավարարել են, եւ այս անգամ դատախազությունն է վճիռը բողոքարկել: Ի վերջո, վճռաբեկ դատարանը պահանջել է լրացուցիչ նախաքննություն իրականացնել: Գործն ուղարկվել է Դիլիջանի քննչական բաժին: Այստեղ էլ ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանն է կայացրել քրեական գործ չհարուցելու մասին որոշում: Ինչն էլ իրավապաշտպան կազմակերպությունը բողոքարկում էր: Տեղեկացրել ենք, որ այս հուլիսի 7-ին եւ հուլիսի 9-ին Իջեւանում նշանակված դատական նիստերը չէին կայացել, առաջինը՝ քննիչ Սմբատ Սաղաթելյանն օրն էր շփոթել, իսկ երկրորդ՝ դատին չէր ներկայացել գործով վերահսկող դատախազը:

Երեկ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հ/կ նախագահ Արթուր Սաքունցը հայտարարեց, որ ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանը բացատրություն չի վերցրել ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Արթուր Շահվերդյանից, չնայած դեպքը տեղի է ունեցել նրա ղեկավարած բաժնում, քննիչը քննության չի առել, թե որո՞նք են 2009թ. սեպտեմբերի 29-ի կեսգիշերին ոստիկանության Վանաձորի բաժնի ձերբակալվածների պահման վայրում Վ. Տոնոյանին եւ Ա. Մելքոնյանին բուժօգնություն տրամադրելու պատճառները, նյութերի նախապատրաստման ընթացքում չի ուսումնասիրել Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Է. Կարապետյանի կողմից 2009 թվականին նույն գործով նախապատրաստած նյութերը եւ չի համեմատվել այդ գործում նույն անձանց կողմից տրված բացատրությունները, դրանց միջեւ առկա են լուրջ հակասություններ:

Արմեն Մելքոնյանը եւ Վլադիմիր Տոնոյանը հետագայում ոչ հաստատել, ոչ էլ հերքել են, որ իրենց հանդեպ Սպիտակի բաժնում բռնություն է գործադրվել: Քննիչ Ս. Սաղաթելյանը դատարանում հայտարարեց, որ Տոնոյանը վնասվածք է ստացել Վանաձորում գողություն կատարելու ժամանակ, որը հաստատվում է իր՝ Տոնոյանի, վկա Շալիկո Խաչատրյանի, Արմեն Մելքոնյանի եւ ոստիկանության Սպիտակի բաժնի մի խումբ աշխատակիցների բացատրություններով: Քննիչ Սաղաթելյանը նաեւ տարակուսում էր, թե Արթուր Սաքունցը ինչո՞ւ ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունք չի ներկայացրել իր առարկությունները: Ըստ նրա, անազատության մեջ գտնվող Ա. Մելքոնյանից եւ Վ. Տոնոյանից Սաքունցի վերցրած բացատրությունները չեն կարող ավելի արժանահավատ լինել, քան այն ցուցմունքը, որ ինքը վերցրել է արդեն ազատության մեջ գտնվող Վ. Տոնոյանից: Արթուր Սաքունցը հայտարարեց, որ ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանը փոխանակ պարզեր ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցների պնդումների իսկությունը, դրանցում նշված հանգամանքները, դրանք որպես անվերապահ ճշմարտություն է ընդունում:

«Ես հայտարարում եմ, որ Մարս մոլորակից եմ, դուք դա ընդունու՞մ եք որպես ճշմարտություն, թե՞ փորձում եք ստուգել դրա իսկությունը, պարզում իմ առողջական վիճակը, կատարում զանազան փորձաքննություններ»,- քննիչ Սաղաթելյանին հռետորական հարց տվեց Արթուր Սաքունցը:

Դատարանը բավարարել է հայցը: Տեսնենք հիմա ոստիկանության ո՞ր բաժին կուղարկվի գործը եւ ի՞նչ զարգացումներ կստանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել