Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ

Հուլիս 15,2011 00:00

\"\"Սյունիքում փրկարարները քիչ են, եղածներն էլ համազգեստ չունեն եւ ցածր են վարձատրվում

Սյունիքի մարզպետարանում մարզային փրկարարական վարչության կառույցների կողմից կատարված աշխատանքների 2011թ.-ի կիսամյակային հաշվետվության ամփոփիչ նիստն անցավ լարված մթնոլորտում: Մայրաքաղաքից եկած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՀՀ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանն ու «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանը լիազորված էին հաշվետվությունները տեղում ընդունել ու սրեցին վիճակը:

Աշոտ Պետրոսյանը մարզային կառույցների պատասխանատուների զեկույցներն ու հաշվետվությունները «բրեժնեւյան» որակեց, ուր որեւէ խնդիր կամ թերություն ներկայացված չէ: Մայրաքաղաքից եկած պաշտոնյաները պահանջեցին ներկայացնել ստորաբաժանումներում առկա խնդիրները, որ իրենք էլ իրենց հերթին դրանք ներկայացնեն արտակարգ իրավիճակների նախարարին:

Մինչդեռ մարզային փրկարարական կառույցների ղեկավարները պնդում էին, որ խնդիրների մասին իրենք միշտ զեկուցել են, տեղյակ են պահել եւ հավանաբար ցանկանալով առկա խնդիրները լսարանի առաջ չբարձրաձայնել, հաշվետվություններում դրանց մասին չէին հիշատակել: Պահանջը մնաց ուժի մեջ, եւ խնդիրները բարձրաձայնվեցին: Իսկ դրանք քիչ չեն:

Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների 70 տոկոսը համազգեստ չունի, փրկարարների վարչական շենքերը, բացառությամբ Կապանի, չեն ջեռուցվում: Հիդրոմետ ծառայության ղեկավարները դժգոհեցին սարքավորումների հնամաշ լինելուց, շենքերի անմխիթար վիճակից: Իսկ սեյսմիկ պաշտպանության մարզային պատասխանատուներն ասացին, որ Սյունիքի բարձրահարկ բնակելի շենքերը ենթակա են սեյսմիկ կայունության գնահատման: Սյունիքի 637 բազմաբնակարան շենքերից 97-ը ունի խոցելիություն: Կառուցված լինելով խորհրդային տարիներին՝ ունեն ուժեղացման կարիք, սակայն դրանց համար միջոցներ են հարկավոր: Լեռնափրկարար ծառայությունն էլ կարիք ունի շնչադիմակների, համազգեստների եւ այլ անհրաժեշտ պարագաների: Բոլոր ծառայությունների պետերի համար կարեւորագույն խնդիր է ցածր վարձատրությունը, որոշ կառույցներում կան թափուր աշխատատեղեր, սակայն ցածր աշխատավարձի եւ ռիսկային աշխատանքի պատճառով աշխատատեղերը չեն համալրվում:

Այսքանով խնդիրներն ու դժվարությունները չսահմանափակվեցին: Կարեւոր հարցեր բարձրացրին նաեւ մարզային եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչները: Ավելի քան 4,5 հազար քմ տարածքով, 7 քաղաք ու 102 գյուղով Սյունիքի մարզային հրշեջ ծառայությունը ընդամենը 9 աշխատող ունի: Սյունիքում կա 6 ջրամբար եւ միայն 3 ջրափրկարար: Անցած տարի Սյունիքի ջրամբարներում երկու մարդ է խեղդվել, այս տարի, բարեբախտաբար, նման դեպք չի եղել, բայց հարկ է ավելացնել ջրափրկարարների թիվը՝ դժբախտ դեպքերից խուսափելու համար: Իսկ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանին ավելի շատ մտահոգում էր քաղաքի միջով անցնող իրանական՝ տասնյակ տոննաներով վառելիք տեղափոխող ծանր բեռնատար մեքենաների վտանգավորությունը: Ըստ քաղաքապետի, հսկողության եւ քաղաքացիների անվտանգության ապահովման խիստ անհրաժեշտություն կա, առավելեւս՝ ամառվա այս շոգ սեզոնին: Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը խոսեց Կապան-Քաջարան ճանապարհի տարբեր հատվածներում ամեն տարի ձնհալից եւ անձրեւներից հետո պարբերաբար տեղի ունեցող քարաթափումների մասին, որոնք վտանգավոր են մայրուղով երթեւեկող տրանսպորտային միջոցների համար:

Այսքան խնդիր ու պրոբլեմ, ռիսկային իրավիճակ ու վտանգավոր զարգացումներ արձանագրած հավաքը ուրախ ավարտ ունեցավ:

Մարզային փրկարարական ծառայության կատարած աշխատանքի համար եւ արտակարգ իրավիճակների նախարարության 20-ամյակի առիթով ծառայության մոտ մեկ տասնյակ աշխատակից տեղական եւ մարզային իշխանություններից դրամական պարգեւ, պատվոգիր եւ շնորհակալագիր ստացավ:

Սյունիքում այս տարվա առաջին վեց ամիսներին գրանցվել է 93 արտակարգ դեպք, 41-ով ավելի՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ 93-ից 54-ը տեխնածին դեպքեր են, 32-ը՝ տարերային, իսկ 6-ը՝ սոցիալ-կենցաղային:

Այս տարի արտակարգ դեպքերից 7 մարդ է զոհվել, անցած տարվա առաջին վեց ամսում զոհվել էր 6 մարդ:

Հ. Գ. Իսկ Լոռու մարզում այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 213 արտակարգ դեպք. 80՝ տեխնածին, 47՝ տարերային, 86՝ սոցիալ-կենցաղային: Զոհվել է 34 մարդ, 91-ը մարմնական վնասվածք է ստացել, իսկ նյութական վնասը 480,206 միլիոն դրամ է: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ դեպքերը նվազել են 51-ով, նյութական վնասը՝ 175 միլիոնով: Զոհերի թիվը նույնն է: Լոռեցի փրկարարների խնդիրների մասին՝ վաղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել