Հայ զինվորը գրանցվել է ռուսական զորամասի վրա
Հայ զինծառայողները զբաղված են Ռուսաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՌԴ նախագահին, կառավարության ղեկավարին, Մարդու իրավունքների պաշտպանին, պաշտպանության նախարարին եւ մյուսներին բողոք-նամակներ հղելով: Բանն այն է, որ, ըստ «ՌԴ զինծառայողների մասին» օրենքի, 10 տարուց ավելի ռուսական բանակում ծառայելու ու բնակարանի կարիքավոր լինելու դեպքում նրանց պարտավորվում են ապահովել բնակարանով: Եվ քանի որ բնակարանը բավականին թանկ հաճույք է, 151 նախկին զինծառայողներ փոխադարձ համաձայնության են եկել բնակարանային պետական սերտիֆիկատ ստանալ ու ՌԴ տարածքում ձեռք բերել ինքնուրույն բնակարան: Սակայն ՌԴ 102 ռազմաբազայի հրամանատարությունը, խոստացածին հակառակ, հրաժարվում է լուծել այս խնդիրը, զինծառայողների մի մասին՝ անօթեւանների հերթացուցակում ավելի ուշ հերթագրվածներին տրամադրել է սերտիֆիկատներ, իսկ 151 ընտանիքի հարցերը թողել է օդից կախված: Ավելին, ըստ զինծառայողների, երկրի կառավարությանը զեկուցել են, որ այս խնդիրը լիարժեք լուծված է: Հայ զինծառայողները ստիպված են եղել բողոք-նամակ հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ տեղեկացնելով. «Մենք բոլորս հերթագրված ենք բնակարանային պետական սերտիֆիկատ (ԲՊՍ) ստանալու համար եւ 2 տարի է՝ չենք կարողանում ստանալ օրենքով մեզ հասանելիք սերտիֆիկատները: Իմիջիայլոց, զորացրման դեպքում պայմանագրային զինծառայողներին ԲՊՍ տրամադրվում է 1 տարվա ընթացքում: Մենք պահեստային սպաներ, ենթասպաներ, սերժանտներ եւ զինվորներ ենք, հաշվառված ենք միասնական էլեկտրոնային հերթացուցակում (Զինծառայողների միասնական ռեեստրում)՝ մեզ հետ բնակվող ընտանիքի անդամների հետ միասին, անկախ քաղաքացիությունից: Ուզում ենք հրավիրել Ձեր ուշադրությունն այն փաստին, որ մենք վաղուց հաշվառված ենք ԲՊՍ ստանալու համար, մեր տվյալները գրանցված են, եւ մինչեւ 2010թ. բոլոր հերթագրվածները ըստ հերթացուցակի, առանց խնդիրների ստացել են իրենց սերտիֆիկատները»: Նախկին զինծառայողների տեղեկացմամբ, նախագահին ուղղված իրենց նամակները, առանց պատշաճ ուսումնասիրության, հասցեագրվում են ՊՆ, որն էլ չի ցանկանում ուշադրություն դարձնել դրանց:
«Ես 18 տարի ծառայել եմ ռուսական բանակում, ամբողջ կյանքս նվիրել եմ ռուսական բանակին, նույնիսկ Չեչնիայում ու Աֆղանստանում, Աբխազիայում եմ եղել, պատերազմ եմ տեսել, բայց հիմա, երբ հերթը հասել է, որ պետությունը պիտի մեզ փոխհատուցի, չի անում, շպրտում են շան պես: 18 տարի գրանցված եմ եղել զորամասի վրա, իմ տան վարձը փոխանցել են նրանք, բայց հիմա 2 տարի պաշտոնաթող եմ ու գրպանիցս եմ տալիս վարձը՝ ամիսը 250 000 դրամ, հազիվ եմ կարողանում հասցնել, բայց մինչեւ ե՞րբ, ուզում են մեզ բոմժ դարձնել, իրենք իրավունք չունեն այսպես վարվելու, ամենաշատը 6 ամսվա ընթացքում պիտի ապահովեին բնակարանով»,- նեղսրտած պատմում էր Ռաֆիկ Մանուկյանը:
Էդմոնդ Մելքոնյանն էլ դժգոհում էր. «Եկեք ճիշտը խոսենք: Հիմա ես ինչո՞վ եմ մեղավոր, որ մութուխավար տարիներին ինձ բանակ տարան ու հայտնվեցի ռուսական բանակում: Ստացվեց, որ 18-ից մինչեւ 33 տարեկան ծառայել եմ: Հիմա 35 տարեկան եմ եւ հիվանդության պատճառով դուրս եմ եկել ծառայությունից, բայց իրենք ինձ զրկում են ինձ հասանելիք բնակարանային պետական սերտիֆիկատից: Իհարկե, ես էլ կարող էի գյումրեցի մյուս երիտասարդների նման գնալ խոպան, ամեն տարի քարը քարի վրա դնեի, տուն սարքեի, 16 տարվա ընթացքում հնարավոր է տուն սարքել, բայց մեր ճակատագիրը այսպես դասավորվեց»: Ամենից շատ նրանց զայրացնում է այն, որ ՌԴ պաշտպանության նախարարությունից իրենց «անհեթեթ» պատասխաններ են տալիս, օրինակ, ՊՆ փոխնախարար Տ. Շեւցովան պատճառաբանել է, որ զինծառայողների ընտանիքի անդամները ՌԴ քաղաքացիներ չեն, հետեւաբար գործընթացը կասեցվել է: «Հիմա ի՞նչ են առաջարկում. ամուսնալուծվե՞նք, երբ պատերազմ էինք գնում՝ ո՞ւմ ընտանիքն էր այդպես տառապում: Թող ցույց տան, թե օրենքի ո՞ր մասում է նշված, որ մեզ բնակարան չի հասնում, եթե զինծառայողի կինը ուզբեկ, թուրք կամ հայ է»,-հարցնում էին զինծառայողները՝ վստահ լինելով, որ նախագահ Մեդվեդեւին ոչ ճիշտ տեղեկություններ են հաղորդել՝ «մսխելով» իրենց հասանելիք սերտիֆիկատների գումարը: